Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան. Հայաստանը յուրօրինակ հարթակ կարող է դառնալ աշխարհի երկու բեւեռների միջեւ

Ապրիլ 18,2014 13:16

«Հայաստանը յուրօրինակ հարթակ կարող է դառնալ աշխարհի երկու բեւեռների միջեւ, քանի որ Արեւելյան գործընկերության երկրներից միակն է, որտեղ քաղաքական կայունություն կա: Մնացյալ երկրները կամ ՌԴ-ի, կամ եվրոպական բեւեռի հետ խնդիրներ ունեն»,- այսօր կարծիք հայտնեց «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը`«Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի եւ Հայաստանում Ղազախստանի դեսպանատան կազմակերպած «Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությունը`Եվրասիական ինտեգրացիայի հարցում» քննարկման ժամանակ:

Արամ Սաֆարյանը կիսում է այն համոզմունքը, որ 1-1,5 տարի հետ կսկսվի ՌԴ-ի եւ ԵՄ-ի մերձեցման նոր փուլ. դա են փաստում նաեւ որոշակի վերլուծությունները, եւ, ըստ նրա, այստեղ է, որ Հայաստանը կարող է լուրջ դերակատարում ստանձնել:

Իսկ Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցության հնարավորություններն ըստ նրա բազում են նաեւ ՄՄ-ի շրջանակներում: Բայց Հայաստանին եւ Ղազախստանին, բանախոսի համոզմամբ մոտեցնում են քաղաքական եւ տնտեսական սուվերենության պահպանումն այդ միության շրջանակներում:

Արամ Սաֆարյանը ներկայացրեց նաեւ տարեսկզբին, այլ կազմակերպությունների հետ համատեղ անցկացրած հետազոտության արդյունքները, որի համաձայն, Հայաստանի`ՄՄ-ին անդամակցելու տնտեսական էֆեկտը 4,5 տոկոս էր գնահատվել:

Նա վկայակոչեց նաեւ մեկ այլ հետազոտության արդյունքներ, համաձայն որոնց, Հայաստանի բնակչության 67  կողմ էր արտահայտվել ՄՄ-ին անդամակցությանը

«Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ կարեւոր համարեց այն, որ մենք պետք է սովորենք հաշվել այն բացասական ազդակները, որոնք սպասվում են Հայաստանին` ՄՄ-ին անդամակցելիս. «Պետք է կարողանանք հարցեր առաջադրել եւ քննարկել դրանք»: Պարոն Սաֆարյանը գտնում է, որ նաեւ այս առումով Հայաստանը Ղազախստանի փորձից դրական արդյունքներ կարող է քաղել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930