Լրահոս
Օրվա լրահոսը

Եգիպտոսը կողոպտելու պատվիրանը եւ Զատկի խորհուրդը

Ապրիլ 18,2014 12:27

/հատված «Զարհուրելի Եհովան» խոհագրությունից/

Այժմ հնարավորինս հակիրճ Մովսեսի` հրեից այն զորեղ նախնու մասին, ով տիրոջ զորակցությամբ եգիպտական «տաժանավայրից» հանում է հայրենակիցներին: Փոքր ինչ նրա վարքը դիտարկենք` ջանալով կռահել Եհովայի դաժանության իմաստը, նրա պահվածքը Նեղոսի հովտի բնակիչների, ինչպես նաև հյուրընկալվածներինը` հյուրընկալողների, օրհնյալներինը` անիծյալների նկատմամբ:

Ղևիի տոհմից մի ընտանիքում երեխա է ծնվում: Մայրը երեք ամիս թաքուն պահելուց հետո` ահաբեկ, փոքրիկին պապիրուսի կպրած տապանակը դնելով` թողնում է շամբուտում: Քույրը հետևում է դեպքերի ընթացքին: Փարավոնի դուստրը լվացվելիս նկատելով լքյալ մանկանը` գթում է, թեև պլտվածությունից հասկացել էր վերջինիս հրեա լինելը: Ի հայտ գալով` մորաքույրը խոստանում է եբրայեցիներից ծծմայր գտնել: Գթասիրտ արքայադուստրը համաձայնում է, ինչից հետո կանչելով մորը՝ առաջարկում են. «Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կ’տամ»: Ծրագրած գործը գլուխ է գալիս. «Եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան: Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. որովհետեւ ջրիցը հանեցի նորան»: Զամբյուղի պատմությունը մասամբ կրկնում է մեր թվարկությունից 2600 տարի առաջ ապրած Բաբելոնի անդրանիկ սեմիտ արքա, աշխարհում առաջին մշտական բանակը կազմած Սարգոնի ծնունդն ու ճակատագիրը, որը փորագրված է եղել նրա արձաններից մեկի պատվանդանին, պատճենը` արված մթա 8-րդ դարում, պահպանվել է Նինվեի գրադարանում: Քաղաքի ավերակներում գտնված աղյուսներում նկարագրվածի համաձայն, Աքքադի արքան չգիտեր ով է հայրը: Մայրը թաքուն ծննդաբերում է և, լինելով աղքատ, եղեգնյա կպրած զամբյուղը դնելով, հանձնում է Եփրատ գետին… Աքքի ոռոգողը պահում, մեծացնում է որբին՝ դարձնելով իր պարտիզպանը: Միջամտում է դիցերից Իշտարը, ում շնորհիվ Սարգոնը տիրանում է գահի, կառավարում սևագլուխ ժողովուրդներին : Ի դեպ, Սարգոնի դեմ ճակատող հյուսիսային երկրամասի /Հայկական բարձրավանդակ/ պետական կազմավորումներից մեկը աքքադական աղբյուրներում անվանվում է Արմանում, խեթականում՝ Արմանի/:

Վերադառնանք Եգիպտոս: Ոչ հոգեբանին անգամ մեկնիմեկ պարզ է իրադարձությունների անբնականությունը, նաև այն, որ օտարը վարձում է մորը` նրա իսկ զավակին կերակրելու նպատակով, իսկ ստնտու ծնողը լռում, թաքցնում է անգամ փաստը: Ներենք մորը. զավակի համար էր ողջին դիմել: Որդուն հետևենք:

Հասակ առած Մովսեսն օրերից մի օր պատահաբար նկատում է ոմն եգիպտացու` հրեայի ծեծելիս: Տեսնելով կողմնակի աչք չկա՝ սպանում է,  թաղում ավազի մեջ, ապա, վախենալով բռնվել, փախչում Մադիամի երկիրը, ամուսնանում քուրմ Հոթորի դստեր` Սեպփորայի հետ, ունենում Գերսամին և, աներոջ հոտերն արածացնելով, խաշնարածությամբ գլուխ պահում: «Խստասիրտ» փարավոնի մահից հետո է Եհովան վճռում ի կատար ածել խոստումը` անկեզ մորենու տեսքով հայտնվելով Մովսեսին. «Ես եմ ՈՐ ԵՄ. Եւ ասեց. Այսպէս ասիր Իսրայէլի որդիներին. Ինձ ԵՄը ուղարկեց ձեզ մօտ»: Վստահաբար` ԵՄ-ը մեր այբուբենի յոթերորդ տառ Է-ն է` հապավված ԷՈՒԹՅՈՒՆԸ, Տիեզերական Բացարձակ Ուժի, Բացարձակ Ճշմարտության անխաթար վկայությունը` զարմանալիորեն անջինջ պահպանված «Հին կտակարանում»: Մի խորհուրդ էլ է տրվում` արդեն խիստ բնորոշ դիմափոխ աստված Եհովային. «Ամեն կնիկ իր դրացուց եւ իր տանը բնակուող կնոջից արծաթեղէն զարդեր եւ ոսկեղէն զարդեր եւ հանդերձներ կ’խնդրէ, եւ կ’դնէք ձեր որդիների ու աղջիկների վերայ. եւ Եգիպտոսին կ’կողոպտէք»: Ինչի՞ է մղում մարդկանց – բառիս իսկական իմաստով` գողության, կողոպուտի, ստության, խարդավանքի: Մովսեսն այլընտրանք չունի. հանուն Եհովայի լքում է ընտանիքը, պարտադրում կնոջը, նախքան բաժանությունը, սուրսայր քարով պլտել Եղիազար որդուն: Պահի նկարագրությունը «Հնգամատյանում» այնքան մշուշոտ է, որ երևակայություն է պահանջվում` կցկտուր տողերի թիկունքում տեսնել նախամարդու արյունոտ գործիքը, ծիսակատարության պահին ցավից ճչացող մանկանը, հեկեկացող մորն ու լսել կտրատվող սրտից ելած նախատալի խոսքը` նախապաշարումներին գերի սնոտիապաշտ ամուսնու հասցեին`«արյունոտ փեսա»:

Աստծո օձ-գավազանով զինված և հրահանգավորված` Մովսեսը վերադառնում է Եգիպտոս` պատժիչ գործողություններ ձեռնարկելու, վստահ, որ նախկին հանցագործության համար պատասխանատվություն չի կրելու, որովհետև մեռել էին հետապնդողները: Նա մի երկյուղ ուներ` անգամ հրեաները չհավատան իր` Եհովայի պատգամախոս լինելը, որովհետև «ծանրախոս եւ ծանրալեզու էր»: Բժիշկները վստահաբար երևույթը կբացատրեն մերձավորների կենակցության փաստով. նրանք գիտեն, որ արյունակիցներից հաճախ պակասավորներ են ծնվում (Ղևիի ճյուղից Ամրամի և հորաքույր Հոքաբեդի ամուսնությունից էին լույս աշխարհ ելել սկզբում` Ահարոնը, ապա` Մովսեսը): Տեսնելով նրա մտավախությունը` Եհովան բորբոքվում է, այդու ելք գտնում` գործակից առաջարկելով Ահարոնին, ով համեմատաբար պերճախոս էր, բացի դա հուսադրում է. «Ես քո բերանի եւ նորա բերանի հետ կ’լինիմ, եւ ձեզ կ’սովորեցնեմ ինչ որ անէք: Եւ քո տեղը նա կ’խօսէ ժողովրդի հետ. եւ նա քեզ համար բերանի տեղ կ’լինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կ’լինիս»: Պարտավորվում է նաև խստացնել փարավոնի սիրտը, որպեսզի վերջինս եբրայեցիներին թույլ չտա երկրից հեռանալ, և հնարավոր դառնա պատժելը: Ի՞նչ է սա` քմահաճությո՞ւն, թե՞ անանցողիկ չարություն, որով պռնկեպռունկ լեցուն է: Չասե՞ս` եթե այդչափ կարող, ունակ ես, մեկից բարիացնեիր սրտերը: Չէ: Անպայման և քանիցս աստվածային զորությամբ ստիպում է եգիպտացոց միապետին համաձայնություն չտալ հեռանալու: Կրկնենք` պատմությունը, ընդունենք, հարմարեցվել է առասպելաբանությանը, հեքիաթին, երկուստեք միախառնվել են, բայց ընդմիջարկող քրմերը հանուն ինչի՞, ի՞նչ նպատակով են ոչնչով չարդարացվող դաժանությունը, պատճառա-հիմնազուրկ անգթությունը վերագրել իրենց աստծուն: Ահուսարսափ սփռելո՞ւ, որպեսզի մարդուն կախյալ պահեն աստծո՞ւց ու իրենց էլ նրա փոխանորդ կոչելով, վերջնահաշվում` իրենցի՞ց: Եվ դարեդա՞ր: Հընթացս նկատենք` հայերը չար աստված չեն ունեցել. նրանք բարի էին, մահկանացուի ցավով ապրող, մարդուն շարունակաբար օժանդակող, գորովագութ` ինչպես ստեղծող ժողովուրդը (լավ էր դա, թե վատ, այլ խոսակցության նյութ է):

Եհովայի անգթությունը, հիրավի, սահման չունի. սկզբում արյունում է Եգիպտոսի ջրերը` այն աստիճան, որ գետերում սատկում են ձկները, ծարավից տոչորվում մարդիկ, անասունները, ապա` գորտերով է ծածկում երկիրը, այնուհետ մուն (ոջիլ) է ուղարկում, շնաճանճ, մորեխի պարսեր, կոտորում է ընտանի անասուններին, խաղավարտներով (բշտիկ) պատում շնչավորների մարմինները, կարկուտ, կրակ թափում երկնքից, ժանտախտի համաճարակ բռնկում, թանձր խավարով պատում ողջը… Արհավիրքները, իհարկե, այնպես են տեղում, որ եբրայեցոց ոչինչ չի պատահում, ծեղ չի պակասում: Հանգուցալուծումը մոտենում է, մեծ ճակատամարտին նախորդող յուրատեսակ հրետակոծությունն ավարտված է, հակառակորդը խուճապի մեջ է, դիմակայելու անունակ: Վերջապես յուրաքանչյուր տուն մի գառ մորթելու և հեղած արյունից դրանդիների և սեմերի վրա քսելով` նշան թողնելու հրահանգ է ստանում, քանզի «գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ, եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչեւ անասուն… Եւ արիւնը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վերայ, եւ երբոր արիւնը տեսնեմ, ձեր վերայից պիտի անցնեմ. եւ հարուածը ձեր վերայ պիտի չ’գայ ձեզ կորցնելու համար»: Հրեաները չեն մոռացել նրա մյուս` դրացիներից ոսկեղեն, արծաթեղեն, մինչևիսկ հագուստ պարտքելով կողոպտելու պատվիրանը: Եվ երբ գոտիները մեջքերին, կոշիկները ոտքերին, ցուպերը ձեռքներին թաքուն և շտապով ուտում էին զատկի մատաղացուն, սկսվում է նախճիրը: Սահմռկած փարավոնը, կանչելով Մովսեսին, պաղատում է ունեցած-չունեցածով հեռանալ երկրից: Այսպես են փոխադարձում չորս հարյուր երեսուն տարի քաղաքակիրթ Եգիպտոսում ապրած և քանակով վեց հարյուր հազարից անցնող վրանաբնակ խաշնարածները հյուրընկալ ժողովրդին, Մովսեսը` իրեն մանկութ որդեգրած փարավոնների զարմին:

Վերջին կործանիչ զարկը Եհովան հասցնում է Կարմիր ծովում. «Եւ ջրերը դարձան եւ ծածկեցին Փարաւօնի կառքերը եւ ձիաւորները եւ բոլոր զօրքերը, որոնք նորանց ետեւիցը ծովի մէջ մտան. եւ նորանցից մէկն էլ չ’մնաց»: Թե Եհովայի ձեռամբ քանիցս պատուհասված եգիպտացոց որտեղի՞ց 600 կառքի և հեծելազորի համար ընտիր երիվար գտնվեց, թող մեկնեն առասպելին հավատացողները:

Վերոնկարագրյալից մտապահենք մեն մի բան` մատաղի և զատկի նախնական խորհուրդը՝ արարողություններ, որոնք այնքա՜ն սիրով, անձկանքով ենք նշում հայերս /և ոչ միայն/: Մտապահենք, որպեսզի, եթե հարցնելու լինեն, չամաչենք գոնե ասել` ծիսակարգերը, այո, հիմքում արյուն ունեն և Եգիպտոսից հեռանալու, անիրավներից զատվելու, չարչարանքներից, իբր, ազատվելու առիթով են կարևորվել՝ շղարշելով, մոռացության պարտադրելով գարնանային գիշերահավասարի ժամանակ լույսի ու խավարի կիսումը կարևորող վաղնջական հանդիսությունը: Հետագայում կացուրդը, ինչը չի էլ ժխտում եկեղեցին,  փոխակերպվեց Քրիստոսի հրաշափառ հարության ծեսի, թեև դույն աշխարհամտածողությունն ի սկզբանե աղերսվում էր Մհեր/Միհրին: Չհամոզեցի՞: Ուրեմն` վերստին մի մեջբերում` վկայելու տոնի` համենայնդեպս այդ փուլում մեզ հետ կապ չունենալը. «Այս է զատկի կանոնը. ոչ մի օտարական նորանից պիտի չ’ուտէ: Եւ ամեն մարդի ստակով ծախու առած ծառան` երբոր նորան թլփատել ես, այն ժամանակ թող ուտէ նորանից: Օտարականն ու վարձկանը նորանից պիտի չ’ուտէ: Մէկ տան մէջ պիտի ուտուի. տնից դուրս չ’հանես այն մսիցը, եւ նորա մէկ ոսկորը չ’կոտրէք: Եւ երբոր մի օտարական քեզ մօտ պանդխտանալու լինի, եւ Եհովայի զատիկն անելու լինի, նորա ամեն արուն թլփատուի»:

 

Ծանոթություն – Մեջբերումները Կոստանդնապոլսում 1896թ. լույս տեսած «Աստվածաշնչի՝ 1989 թ. վերատպությունից են՝ առանց ուղղագրական, կետարդրական փոփոխակների:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930