Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Կոալիցիան կույրաղիք է. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 18,2014 12:13

Հատված քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:

   -Ներքաղաքական դաշտի իրողությունները չե՞ն փաստում, որ Հայաստանում արդարացված չէ քաղաքական կոալիցիաների գոյությունը, քանզի դրանք հիմնականում ավարտվում են «ամուսնալուծությամբ»:

-Կոալիցիաների ստեղծումը համարում եմ ավելորդություն, կույրաղիքի պես մի բան: Հարցին կպատասխանեմ նաեւ դասական քաղաքագիտության տեսանկյունից: Կոալիցիա կարող է ստեղծվել այն դեպքում, երբ միավորվող կուսակցությունները գաղափարախոսական, արժեհամակարգային առումով շատ մոտ են իրար, գրեթե նույնական են նրանց ծրագրերը: Իսկ գաղափարապես տարբեր ուժեր կոալիցիա կարող են կազմել միայն երկրի համար ծայրահեղ՝ պատերազմական իրավիճակներում:

Կոալիցիա ստեղծվում է նաեւ այն դեպքում, երբ տվյալ քաղաքական ուժը, չունենալով բավարար ձայներ, չի կարողանում ստեղծել որակյալ մեծամասնություն եւ ստիպված իր շուրջն է համախմբում «շնիկ կուսակցություններին». քաղաքագիտության մեջ այսպես են անվանում այն փոքր կուսակցություններին ու խմբերին, որոնք հավաքվում են առավել ձայն վաստակած քաղաքական ուժի շուրջ:

   -Փաստորեն կոալիցիան կույրաղիք է ոչ միայն քաղաքական մեծամասնության համար, այլեւ ընդդմադիր դաշտի կայացման խոչընդոտն է, նպաստում է կուսակցությունների «անդեմանալուն»: Կոալիցիային հրաժեշտ տված «Օրինաց երկիրը» եւս խոստովանեց, որ այդ ձեւաչափը արդյունավետ չէ, եւ որ իրենք հնարավորություն չեն ունեցել ինքնադրսեւորվելու, քաղաքական որոշումների վրա ներազդելու: 

-Հերթով պատասխանեմ հարցերին:

Նախ՝ քաղաքական կոալիցիաների գոյությունը ոչնչացնում է ընդդիմությանը, իսկ կայացած ընդդիմությունն անհրաժեշտություն է երկրի համար:

Հաջորդը՝ եթե ՕԵԿ-ը համաձայնվել էր մտնել կոալիցիայի մեջ, ուրեմն պետք է բավարարվեր տրվածով ու չբողոքեր որոշումների վրա ազդեցություն չունենալուց: Ի վերջո, 69 պատգամավոր ունեցող ՀՀԿ-ի համար 6 հոգանոց ՕԵԿ-ի ներկայությունը կոալիցիայում առանձնապես էական չէ: Իսկ իմ կարծիքն այն է, որ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից ընդդիմություն դառնալու նպատակով, որպեսզի երկու տարի անց Արթուր Բաղդասարյանը վերադառնա արդեն որպես նախագահի թեկնածու: Դրա համար ՕԵԿ-ը կսկսի հետայսու անխնա քննադատել ե՛ւ նախագահին, ե՛ւ ՀՀԿ-ին, ու իրեն ժողովրդին ներկայացնել որպես կոալիցիայից տուժած ուժ:

Հիշենք, որ ընտրություններին մնում է 3 տարի, ուրեմն նորից խորհրդարան մտնելու խնդիր կա, բայց եթե ընտրազանգված չունենան, ինչպե՞ս են մանդատներ ստանալու: Իսկ մանդատ ձեռք բերելու լավագույն ճանապարհը ընդդիմության դեր ստանձնելն է: Այնպես որ բոլոր ուժերն էլ սկսել են նախապատրաստվել 2017-18-ի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, այդ թվում՝ ՕԵԿ-ը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930