Եթե ոմանք կարծում են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի միջև հակասություններն ու տարաձայնությունները սկսվել են ՀՀՇ-ի իշխանության գալուց հետո, մեղմ ասած, սխալվում են:
Նախքան իշխանության գալը` դեռևս «Ղարաբաղ» կոմիտեի կազմում, այս երկու անհատականությունների միջև հակասություններ, այնուամենայնիվ, եղել են, ընդ որում` միանգամայն լուրջ և դրսից նշմարվող հակասություններ:
Արդեն Ղարաբաղյան շարժման ընթացքում խոսակցություններ կային, որ «Ղարաբաղ» կոմիտեի արևմտամետ ու անկախական թևի լիդերը Վազգեն Մանուկյանն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է կոմիտեի համեմատաբար ռուսամետ թևը: Այսինքն, նախքան իշխանություն դառնալն էլ ՀՀՇ-ում ճեղքվածք ու հակասություններ կային, որոնք հետագայում ավելի խորացան, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Վազգեն Մանուկյանը` վարչապետ: Փաստորեն, Տեր-Պետրոսյանի թևը հաղթեց, ավելի ճիշտ` Տեր-Պետրոսյանի թևը խորհրդարանական ձայների շնորհիվ հաջողացրեց Հայաստանի անկախ հանրապետության առաջին վարչապետի դերը ստորադասել Հայաստանի անկախ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահի դերին: Եվ շուտով առաջին վարչապետն իր թիմով հրաժարական տվեց, ընդ որում` միանգամայն կամավոր, որովհետև Տեր-Պետրոսյանը ոչ միայն խորհրդարանում մեծամասնություն ուներ, այլև` ժողովրդի մեջ, որի շնորհիվ շատ շուտով դարձավ Հայաստանի առաջին նախագահ: Մինչ այդ Վազգեն Մանուկյանի համախոհները ՀՀՇ-ից անջատվելով` անվանակոչվել էին ԱԺՄ:
Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին իսկ տարիներից չափազանց հաջողակ քաղաքական գործիչ էր: Նա հատկապես հաջողակ էր հետսովետական հանրապետությունների ղեկավարների միջավայրում: Լևոնը Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի «լյուբիմչիկն» էր, և համարվում էր նորանկախ հանրապետությունների ղեկավարներից ամենաառաջադեմն ու ամենադեմոկրատը, ինչպես նաև` ամենաերիտասարդը:
Կարդացեք նաև
Վաղուց արդեն մոռացվել էր, որ «Ջերմուկով» հնարավոր է պահել Հայաստանը, և Տեր-Պետրոսյանն ու նրա թիմակիցներից ոմանք արդեն հասկացել էին, որ մեր միակ «կապիտալը» ժողովրդավարությունն է: Եվ իսկապես` որոշ ժամանակ Հայաստանն Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ էր համարվում, և դա բավական օբյեկտիվ կարծիք էր, և բնական է, որ տվյալ կղզյակի նախագահը պիտի արևմտյան ու ժողովրդավարական արժեքներ որդեգրեր, և այդպես էլ եղավ: Այսուհանդերձ, Տեր-Պետրոսյանն արևմտյան արժեքներ որդեգրելով` Ռուսաստանի ու անձամբ Ելցինի հետ հարաբերություններն ամենևին չփչացրեց. ավելին. պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում Հայաստանն ու Ռուսաստանը նաև ռազմական իմաստով էին ներդաշնակում իրար` ի դեմս Գրաչովի ու Վազգեն Սարգսյանի:
Այսուհանդերձ, անկախության առաջին շրջանում և գրեթե ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի քաղաքական ու ռազմական համագործակցությունը երբևէ այդքան ներդաշնակ չի եղել, և դրա հիմնական պատճառը Ելցինի ու Տեր-Պետրոսյանի անձնական գերազանց հարաբերություններն էին ժողովրդավարության ու առաջադիմության հենքի վրա: Այնուամենայնիվ, այն տարիների քաղաքականության մեջ տեղի էին ունենում բաներ, որոնք այսօր դժվար է հասկանալ: Հայաստանը ոչ միայն Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ էր համարվում, այլև Ռուսական զորք էր տեղակայում Հայաստանի սահմանին:
Թվում էր թե` պատերազմի բարեհաջող դադարից հետո Հայաստանն ավելի ժողովրդավարական պիտի դառնար, բայց հակառակը ստացվեց:
Նախ 1995-ի Ազգային ժողովի, իսկ այնուհետև 1996-ի նախագահական ընտրությունները վիճահարույց ստացվեցին, և ընդդիմությունը կասկածի տակ առավ այդ երկու ընտրությունների արդյունքները: Արևմուտքը ևս միանշանակ չընդունեց դրանք: Ժողովրդավարական կղզյակը սկսեց սուզվել, և 98-ի սկզբին առաջին նախագահը հրաժարական տվեց: Ընդ որում` մեզ հայտնի ուժերի ճնշման տակ :
Մենք իմաստունի կեցվածք ընդունելով` ցույց տվինք, թե գիտենք` ովքեր են « մեզ հայտնի ուժերը», մինչդեռ իրականում` նոր-նոր պիտի փորձենք իմանալ ու հասկանալ:
Հաջորդ անգամ կփորձենք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
Վստահ եմ:
1 Հայամետ
2. Անճարամետ
3. Ծանրախոհ ու խոհամետ