Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է, որ կառավարության կազմում լինեն դաշնակցական գործիչներ. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 18,2014 11:56

ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին որոշումից հետո ՀՅԴ հայտարարությունը մեծացրեց ներքաղաքական իրադրության որոշակիությունը: Սակայն Դաշնակցության դիրքորոշումը որոշակի ենթադրությունների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս: Թեպետ լիարժեք համոզվածության համար ճիշտ կլինի սպասել կուսակցության Գերագույն ժողովի կայացրած որոշումներին, սակայն առավել հավանական է, որ դրանք մեծ տարբերություն չեն ունենա երեկվա հայտարարությամբ ձեւակերպված մոտեցումներից:

Ինչ վերաբերում է ենթադրություններին, ապա ամեն դեպքում բաց է մնում հետեւյալ հարցը. Լավ, ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր ճամբարում եւ ձեւավորվող կառավարությանը մաս չի կազմում, բայց հնարավո՞ր է, որ այդ կառավարության կազմում լինեն դաշնակցական գործիչներ:

Եվ եթե այո, ապա այդ հանգամանքն ինչպե՞ս կանդրադառնա, օրինակ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության գործունեության ու պահվածքի վրա, որքան էլ, ասենք, «սառեցվի» պաշտոն ստանձնած գործչի կամ գործիչների անդամակցությունը:

Մյուս կողմից՝ առանց այդ «եթե»-ների էլ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ առավել քան պարզորոշ նշված է, որ ընդդիմադիր մնալով հանդերձ, ձգտելու են երկիրը զերծ պահել ցնցումներից ու անկայունությունից: Սա իսկապես հետաքրքիր է, մանավանդ երբ նկատի ենք առնում, որ, դեռ երկու շաբաթ առաջ ՀՅԴ-ն ոչ իշխանական քառյակի գործընկերների հետ ցանկանում էր ապրիլի վերջերին շուրջօրյա կամ անդադար հանրահավաքներ կազմակերպել՝ կառավարության հրաժարականի պահանջով:

Թերեւս միայն միամիտը կարող է չհասկանալ, որ ներկա պայմաններում դա առնվազն կարող էր ներքաղաքական իրադրությունն ապակայունացնելու, այսպես ասենք՝ խթան լինել: Գուցե ոչ ցնցում, բայց ապակայունացնող էական տարր նման տեւական բողոքի ակցիաները պարունակում են, անկասկած:
Ստացվում է, որ այս ընթացքում վարչապետի փոփոխությունը որոշակիորեն մեղմել է առնվազն ՀՅԴ դիրքորոշումը, եթե նրանք խոսում են ցնցումներից եւ անկայունությունից զերծ պահելու մասին:

…   Վերադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ հիշատակված ու այս օրերին շարունակ արծարծվող առաջարկությունների 7 կետանոց «ծրագրային փաթեթին»՝ նկատենք, որ ավելի շատ դրա գոյության մասին խոսակցություններ են լսվում, քան կոնկրետ, բովանդակային անդրադարձ է արվում: Մասնավորապես, «7 կետ»-երի ամբողջական «բացվածքը» ո՞րն է: Բանակցություն-քննարկումների ընթացքում այդ կետերից, օրինակ, որի՞ն են համամիտ եղել իշխանությունները, ո՞րն են մասամբ ընդունելի կամ ո՞րն անընդունելի համարել:

Սրանք, ի դեպ, ոչ թե սոսկ պարզ հետաքրքրասիրությունից դրդված հարցեր են, այլ էական հանգամանքներ: Նկատենք, որ ՀՅԴ-ն նոր կառավարության ու նրա գործունեության նկատմամբ իր վերաբերմունքը եւ, խնդրում ենք, ուշադրություն դարձրեք՝ «գործակցության ձեւաչափը» պայմանավորում է իր առաջարկած փաթեթի իրագործման աստիճանով: Այսինքն՝ սա նշանակո՞ւմ է, որ հիշյալ «7 կետանոց» փաթեթի ինչ-ինչ կետեր իշխանությունները ոչ միայն ընդունել են, այլեւ ակնարկել են իրագործելու մասին:
Ոչ պակաս հետաքրքիր է «իրագործման աստիճան» ասվածը: Այսինքն՝ 7 կետից քանիսի՞ կամ բովանդակային առումով որո՞նց իրագործումն է ՀՅԴ-ն համարելու բավարար նվազագույն աստիճան: Օրինակ, եթե երեք կետ իրագործվի կամ իշխանությունները ստանձնեն (տարբերակ՝ երաշխավորեն) դրանց իրագործումնը, ՀՅԴ-ն իշխանությունների հետ գործակցության ի՞նչ ձեւաչափ է ընտրելու:

Կառավարությանը մաս չի կազմելու, բարի, բայց, օրինակ, խորհրդարանում սատարելո՞ւ է իշխանության տեսանկյունից կարեւոր նախագծերի ընդունմանը:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930