Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը . «Ազգ»

Ապրիլ 18,2014 11:48

Խոշոր բիզնեսը կամ, ինչպես ասում են, օլիգարխները լուրջ մտահոգություններ ունեին նախկին վարչապետի ձեռնարկած քայլերից, որոնք անուղղակիորեն փորձում էին սահմանափակել նրանց անսահմանափակ ազդեցությունը տնտեսական գործընթացների վրա:

Պետգնումների ոլորտում խախտումներ կատարած ընկերություններին որոշակի ժամանակահատվածում նորից գնումներին մասնակցելու արգելքը, փաստաթղթաշրջանառության բացահայտման ուղղությամբ քայլերը, առավել խոշոր 500 ընկերությունների աուդիտի արդյունքների հրապարակային դարձնելը, տնտեսական մրցակցության խախտումների համար խոշոր տուգանքները: Բնական է, որ այս ամենը դուր չէր գալիս այդ ընկերությունների սեփականատերերին, որոնց թվում` Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին եւ մյուս օլիգարխներին, որոնք բացահայտ եւ թաքուն պայքար էին տանում Տիգրան Սարգսյանի դեմ: Ի վերջո, նրանք հասան իրենց նպատակին: Նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանա նման քայլեր անել հասկանալի պատճառներով:

Թերեւս հենց վերջին հանգամանքն էլ էական ազդեցություն կունենա մեր տնտեսության եւ բիզնես միջավայրի վրա: Եթե վերջին տարիներին Հայաստանի բիզնես միջավայրի Doing Business եւ մրցունակության ցուցանիշները առաջընթաց էին գրանցում, ապա այսուհետ քիչ հավանական է թվում հետագա առաջընթացը: Այլեւս ոչ ոք չի խանգարի օլիգարխներին ուժեղացնել իրենց դիրքերը շուկայում եւ թելադրել իրենց խաղի կանոնները` լրջորեն վտանգելով փոքր ու միջին բիզնեսի շահերը:

Հաջորդը, հայտարարվեց, որ նոր կառավարությունը կշարունակի նախորդի բարեփոխումները: Սակայն դժվար է պատկերացնել, թե այլ թիմի, նրա ղեկավարի կողմից, այլ գաղափարական արժեքների վրա մշակված եւ իրագործվող բարեփոխումները ինչպե՞ս է շարունակելու նոր վարչապետը: Ինքը Հովիկ Աբրահամյանը չունի նախկին վարչապետի տնտեսական գիտելիքները, տնտեսական տարբեր իրավիճակներին համարժեք արձագանքելու, համաշխարհային տնտեսության իրավիճակը վերլուծելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ունակությունները, չունի միասնական թիմ, որը գոնե կարողանա շարունակել նախկին թիմի սկսած բարեփոխումները, չենք ասում արդեն նոր բարեփոխումներ իրականացնելու մասին: Սկսած արտահանմանն ուղղված արդյունաբերական աջակցության ռազմավարությունը եւ վերջացրած պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգով, ո՞ւմ հետ եւ ինչպե՞ս է իրագործելու նոր վարչապետը:

Կցանկանա՞ Տիգրան Սարգսյանի թիմը շարունակել աշխատել նոր վարչապետի հետ: Եթե այո, ապա կստացվի՞ փոխգործակցությունը: Եթե ոչ, ապա ովքե՞ր են իրականացնելու նրա սկսած բարեփոխումները: Հարցեր, որոնց շուրջ պետք է մտորեին գոնե քաղաքական այս կամ այն ուժին չպատկանող շարքային քաղաքացիները, քանի որ դրանց պատասխաններից են կախված մեր երկրի տնտեսական զարգացումները, հետեւաբար եւ բոլորիս կենսամակարդակը:

Դժբախտաբար, այսօր ձեւավորվել է հասարակության մի ստվար խավ, որի մոտ բացակայում է իր գործողությունների հետեւանքների մասին մտածելու ցանկությունը կամ ունակությունը: Այդ խավը հրճվում է Տիգրան Սարգսյանի հրաժարականով, իսկ հաջորդ օրը սկսում ծաղրել Հովիկ Աբրահամյանին: Նրան չի հետաքրքրում երկրի հետագա ճակատագիրը, նա չի տարբերում իշխանության ճիշտ քայլը սխալից, լավը վատից, նրա համար նա ով իշխանություն է, սրիկա է, իսկ երբ նույն մարդը դառնում է ընդդիմադիր` արդեն լավն է:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Լիովին համաձայն եմ հեղինակի հետ, հատկապես վերջին պարբերության առումով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930