ՀՀԿ-ն բավականին անհարմար վիճակում հայտնվեց՝ երկու շաբաթ շարունակ «էստի համեցեք» կանչեց, բայց այդպես էլ ոչ մեկին չկարողացավ գայթակղել եւ տանել կոալիցիա։ Բայց անհարմար վիճակը սրանով չի ավարտվում։ Հիմա արդեն Հայաստանում կոալիցիոն կառավարություն չկա, ՀՀԿ-ն միայնակ է կրում ողջ պատասխանատվությունը։ Ընդ որում՝ առանց դրա իրավունքն ունենալու, որովհետև խորհրդարանական վերջին ընտրություններում այդ կուսակցությունն ընդամենը 40 տոկոս ձայն է ստացել (թե ինչ մեթոդներով՝ բոլորը հիշում են): Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքական փոքրամասնությունը (40 տոկոս ստացած ՀՀԿ-ն) լիակատար իշխանություն ունի։ Սա, համաձայնվեք, աբսուրդ է։
Իսկ առջեւում լուրջ ցնցումներ են սպասվում։ Բյուջեում փող չկա, ու չի էլ երեւում, թե ինչի հաշվին պիտի հայտնվի այդ փողը։ Կուտակայինի վրա էլ, պարզվեց, հնարավոր չէ հույս դնել, վկա՝ կառավարության շենքի դիմաց երիտասարդների բաց թողած կենդանատեսակները։ Ավելին, քաղաքային տրանսպորտի թանկացումը կարծես թե անխուսափելի է, Մաքսային մտնելուց հետո մոտ 900 ապրանքատեսակներ թանկանալու են, եւ սոցիալական ցնցումներից խուսափել հնարավոր չի լինելու։
Բայց կա նաեւ այլ, շատ ավելի լուրջ վտանգ, եւ Արթուր Բաղդասարյանը, հնարավոր է, դրա մասին փոքր-ինչ ավելի լավ է տեղեկացված, քան մյուսները։ Բանն այն է, որ արդեն այսօր մոտավորապես պարզ է, թե ինչ զարգացումներ կլինեն ղարաբաղյան կարգավորման հարցում՝ Եվրասիական միության ձեւավորումից անմիջապես հետո։ Մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանին կկանչեն Մոսկվա ու կասեն. «դե լավ, ինչքան խաղացիք՝ հերիք է, հիմա գնացեք ու զորքերը դուրս բերեք գրավյալ տարածքներից, իսկ Ղարաբաղի հայերի անվտանգությունը մենք երաշխավորում ենք»։ Սերժ Սարգսյանն էլ կվերադառնա Երեւան ու դա կներկայացնի որպես մեծագույն հաղթանակ (ինչպես Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ներկայացրեց): Բայց այս դեպքում հաստատ բողոքի հզոր ալիք կբարձրանա, որն էլ կքշի-կտանի Սերժ Սարգսյանին ու իր փոքրաթիվ թիմակիցներին (մնացածները կհասցնեն «երկրապահ դառնալ»):
Այսինքն՝ քաղաքական իմաստով Սերժ Սարգսյանը, ինչպես ռուսներն են ասում, «не жилец»։ Բոլորն «էս գլխից» հասկացել են դա ու մի կողմ քաշվել՝ նրան մենակ թողնելով։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում