ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի փոխգնդապետ
Հայկազ Սահակյանը վստահեցնում է՝ իրեն ոչ կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, ոչ էլ շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը երբեւէ չեն նվաստացրել:
«Որովհետեւ ես դա թույլ չեմ տալիս»,- Aravot.am-ին ասաց փոխգնդապետը:
Հիշեցնենք, որ մեզ հասած ահազանգի համաձայն ՊՆ առաջին բանակային կորպուսի շտաբի պետ Նորայր Ամիրխանյանը իր ենթականերին ծառայության չնչին թերացումների համար հայհոյում է, ստորացնում:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը, անդրադառնալով իրենց կորպուսում ստեղծված լարված իրավիճակի մասին լուրերին, ասաց. «Ծառայության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է լինի: Ծառայության մեջ լինում են բազմաթիվ բնավորության տեր մարդիկ եւ ծառայողական հացերի շուրջ կարող է մեկի տոնայնությունը բարձրանա, մեկը մյուսի հետ բարձր տոնով խոսեն, բայց, ընդհանուր առմամբ, չեմ կարծում՝ մեզ մոտ լարված մթնոլորտ է»:
Նա հերքեց, թե շտաբի պետն իր վրա բարկացել ու ասել է ՝ դիմումդ գրի, գնա: Մեր հարցին, թե մյուս ենթականերին շտաբի պետն ինչպես է վերաբերվում, հաճա՞խ են լինում դեպքեր, երբ հայհոյի, հարվածի, ասաց. «Ես իմ ու իր հարաբերությունները բացատրեցի, որ իմ նկատմամբ հայհոյանք ու նվաստացում չի եղել: Շտաբի պետի ու մեկ ուրիշ ծառայության պետի կամ ենթակայի հետ հարաբերությունները ինձ չեն հետաքրքրում: Ես զինվորական եմ, պետք է հնարավորինս քիչ խոսեմ»:
Պարոն Սահակյանը ասաց՝ երբեւէ ՝չի լսել, թե իրենց շտաբի պետը ծեծած լինի ենթասպային:
Իսկ ինչ վերաբերում է իրավաբան Արման Մնացականյանին, ում, ըստ մեզ հասած ահազանգի, պարոն Ամիրխանյանը, ասել է «ս…րդ քաշիր այստեղից, փոխգնդապետն ասաց, որ ինքն էլ է լսել, որ նրանց միջեւ տարաձայնությունների կան. «Հակասություններ եղել են, թռուցիկ լսել եմ, բայց պատճառը չեմ կարող ասել, չգիտեմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ