Եթե հիշում եք, ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները կառավարության հրաժարականի իրենց պահանջի նկատմամբ թերահավատություն հայտնողներին հակադարձում էին, թե մի՞թե հասկանալի չէ, որ դա ընդամենը միջանկյալ քայլ է Սերժ Սարգսյանի հեռացմանը հասնելու համար։ Իհարկե, քառյակի բոլոր ուժերը չէ, որ այսպես էին ասում, բայց նրանք, ովքեր ասում էին, ասում էին վստահ՝ քառյակի անունից, ու մյուսները նման պնդումները ոչ մի անգամ չեն հերքել։
Հիմա, ուրեմն, Սերժ Սարգսյանի հեռացմանը հասնելու համար շատ ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծված, իր հեռացմանը «նպաստող» քայլը Սարգսյանն ինքն է արել՝ դա չթողնելով ոչ իշխանական ուժերին՝ փոխել է վարչապետին։ Հիմա, ուրեմն, ստեղծված են բոլոր պայմանները Սերժ Սարգսյանի հեռացման փուլին անցնելու համար։
Դեռ ավելին՝ քառյակի ուժերի մի մասը իշխանությունից մասեր, բեկորներ, կտորներ պոկելը համարում էր գերխնդիր, կարեւորագույն քաղաքական անելիք՝ հանցավոր ռեժիմից ազատվելու ճանապարհին։ Բոլորի համար անսպասելի՝ «Օրինաց երկիր» կուսակցությունը ինքնապոկվեց ռեժիմից, եւ ոչ իշխանական քառյակը ոչ իշխանական հնգյակի վերածվելու բոլոր շանսերն ունի։ Խոսում էին՝ ՀՀԿ-ի մեկուսացման անհրաժեշտության մասին։
Ահա, ուրեմն, ՀՀԿ-ն մեկուսացված է, ոչ ոք չի ուզում նրա հետ կոալիցիա ձեւավորել։ Ասում էին, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը թուլացնելու է սերժական ռեժիմը։ Ռեժիմը, ուրեմն, թուլացած է անհուսալիորեն։
Կարդացեք նաև
Այս ամենը շարադրում ենք՝ ցույց տալու համար, որ բոլոր այն արդյունքները, այն նպատակները, որ արդեն բավականին երկար ժամանակ հռչակում էր ոչ իշխանական ուժերի քառյակը, բոլոր այդ պայմանները դարձել են իրականություն, Սերժ Սարգսյանի հեռացման դաշտը հերկված է իրենց իսկ սահմանած չափանիշներով։ Եվ ուրեմն, որեւէ բան ոչ իշխանական ուժերին չպիտի խանգարի անցնել այսպես կոչված եզրափակիչ գրոհին։
Հարցը, ուրեմն, հետեւյալն է՝ արդյո՞ք այդ գրոհը տեղի կունենա։ Վերջին օրերի զարգացումները, ցավոք, լավատեսությամբ լցվելու ոչ մի հիմք չեն տալիս։ Եռօրյա-շուրջօրյա հանրահավաքը չեղյալ է հայտարարված, ընդդիմության ներկայացուցիչները ժլատություն են ցուցաբերում. Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում քննադատելու հարցում։ Հիմա էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ծրագիր կներկայացնի կամ կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ մենք մեր վերաբերմունքը կասենք:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում