Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել ընդդիմադիր

Ապրիլ 18,2014 13:45

Հայաստանում ընդդիմադիր լինելը ոչ հերոսություն է, ոչ էլ հանցագործություն: Այդպես է արդեն երեք տարի՝ այն բանից հետո, երբ 2011 թվականի գարնանը ազատ են արձակվել քաղբանտարկյալները: Այսօր ընդդիմադիրները մեր երկրում ունեն իրենց բիզնեսները (երբեմն խոշոր), իրենց հեռուստաալիքները, կայքերը, թերթերը, որտեղ անկաշկանդ ձեւով արտահայտում են իրենց տեսակետը: Դա նորմալ, քաղաքակիրթ երկրներին հատուկ երեւույթ է՝ ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի, որտեղ երկրի բարձրագույն իշխանությունը արգելեց «Թվիթերը», որի փոխնախագահը, ի դեպ, երեկ հանդիպեց Հայաստանի նախագահի հետ:

Ոմանք կարծում են, որ դա իշխանության թուլության դրսեւորում է: Չգիտեմ, գուցեեւ այդպես է: Բայց անձամբ ես գերադասում եմ այդպիսի «թուլություն», քան «ուժի» եւ «կամային հատկությունների» դրսեւորում, ինչպես, օրինակ, 2006 թվականին, երբ ՕԵԿ-ն անցավ ընդդիմություն, եւ այդ խմբակցության գործարար պատգամավորներին հաջորդ իսկ օրը ստիպեցին դուրս գալ խմբակցությունից եւ կուսակցությունից՝ «բիզնեսը ջարդելու» սպառնալիքի տակ:

Իհարկե, այդ դրական փոփոխությունը չի կարելի բացատրել միայն իշխանության բարի կամքով՝ հասարակությունը, քաղաքական ուժերը վերջին 6-7 տարում դարձել են ավելի հասուն, արտաքին քաղաքական գործոններն էլ են փոխվել: Սակայն եթե վաղը նորից իշխանության գա «կամային հատկություններով» մեկը, որը կառաջնորդվի իր կամակորություններով եւ քինախնդրությամբ, ընդդիմադիրները (ովքեր էլ լինեն), հասարակական ակտիվիստները կզարմանան կամ գուցե նույնիսկ կընդվզեն, թե ինչու է այսօրվա իրավիճակից հետքայլ կատարվել:

Եվ քանի որ ընդդիմադիր դրսեւորումն այլեւս խիզախության նշան չէ, դա նաեւ ավելի լավը, ավելի բարին, ավելի «ազգայինը» լինելու նշան չէ: Դա ընդամենը նշանակում է, որ տվյալ կուսակցությունը կամ անհատը երկրի զարգացման վերաբերյալ ունի իշխանությունից տարբեր պատկերացումներ եւ վստահ է, որ համապատասխան լծակներ ունենալով՝ երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ: Անձնական թշնամանքի, շանտաժելու, իրար մեղքեր հիշեցնելու ՀՀՇ-ԱԺՄ-ական ոճը կամաց-կամաց անցնում է պատմության գիրկը:
ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը շատ ճիշտ վարվեցին, որ չմտան կոալիցիա, որն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որեւէ ուժ ունի հարաբերական մեծամասնություն, եւ անհրաժեշտություն է առաջանում այլ կուսակցությունների հետ բանակցելու: Այնտեղ, որտեղ կա մի ուժի բացարձակ մեծամասնություն, կոալիցիան անիմաստ է: Թող այդ բոլոր ուժերը՝ «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, միասին կամ իրարից անջատ ներկայացնեն երկրի զարգացման իրենց այլընտրանքային ծրագրերը, թող պահանջեն ցանկացած պաշտոնյայի հրաժարականը: Դրանից միայն կշահի հանրությունը եւ, որքան էլ զարմանալի թվա, ՀՀԿ-ն, որը իշխանական-նոմենկլատուրային-բյուրոկրատական կառույցից ստիպված կլինի վերածվել քաղաքականի:

Եվ գուցե այդ դեպքում քաղաքականությունն այլեւս դադարի լինել «գլադիատորական մրցամարտ», որի ժամանակ «շեֆերը», իրենց թանկարժեք բազկաթոռներում թառած, կռվացնում են իրենց ստորադասներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Բայց երբ ընդդիմությունը դուրս չի գալիս դեսպանատներից, մանավանդ հանհավաքներից առաջ, այլեւս իսպառ կորում է վստահությունը նրանց նկատմամբ, հատկապես Ժ-Լիպարիտյանի հարցազրույցից հետո: Նրանք վերածվում են մանեկենների, որոնց անկեղծությանն այլեւս չես հավատում:

  2. Narek says:

    Ըհը, ՀՀԿ-ի` «երկրի զարգացման տեսլականին» քաղաքակիրթ այլընտրանք ներկայացնող չկա, գտանք շան գլուխը, Արամ: Ճիշտ ես, պատերի տակ խոսելով բան չի փոխվի, լավ տարբերակ ես առաջարկում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930