Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանը նաեւ տնտեսական հետազոտությունների կենտրո՞ն է. «Ազգ»

Ապրիլ 18,2014 10:42

Գագիկ Հարությունյանը կուտակային համակարգի վերաբերյալ հետեւյալն է ասում. «Խումբը պետք է հաշվի առնի ոչ միայն մեր իրավական դիրքորոշումները, այլ նշումները, որ կատարել ենք տարբեր երկրների փորձի վերաբերյալ եւ նորից վերուսումնասիրություն կատարի»: Սա պարզապես անհեթեթություն է: Այսինքն, Սահմանադրական դատարանը նաեւ տնտեսական հետազոտությունների կենտրո՞ն է կամ գուցե տնտեսական քաղաքականություն մշակող եւ իրականացնող գերատեսչությո՞ւն, քանի որ եզրակացնում է, որ «պետք է հաշվի առնել ոչ միայն իրավական դիրքորոշումները» :

«Ես չեմ ընդունում այն բացատրությունը, որ կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում: Եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել: Իմ տպավորությունն այնպիսին էր, որ ուսումնասիրողները եղել են տարբեր ոլորտի մասնագետներ, քան իրավաբաններ», շարունակում է ՍԴ նախագահը:

Բնական է, որ «կարեւորել ենք այս երկիրը, որովհետեւ եղել ենք այդ երկրում» բացատրություն չի, բայց ո՞վ եւ ե՞րբ է նման կերպ բացատրել այս կամ այն երկրի փորձի կարեւորումը: Առնվազն հրապարակային որեւէ ելույթում կամ մամուլի ասուլիսի ժամանակ նման բան չի ասվել:

Հաջորդը` թե ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել, որը` ոչ, դա թերեւս ուսումնասիրողները կարող են ասել: Սակայն եթե այդ համակարգը ներդրվել է 50-ից ավելի երկրներում, ինչը փաստում է հենց ՍԴ-ն, ապա դա չի նշանակում, որ ներդրվել է կուտակային համակարգի 50-ից ավելի մոդել եւ դրանք բոլորն էլ պետք է մեկ-մեկ ուսումնասիրել: Բնական է, որ խոսքը մեկ մոդելի մասին է` իր առանձնահատկություններով: Հետեւաբար, ինչի՞ համար է ասվում, թե այս կամ այն երկրներին համարժեք ուշադրություն չի դարձվել: Ի վերջո, եթե այդ երկրներին «համարժեք ուշադրություն» դարձված լիներ, ապա նույն կերպ կարելի էր ասել, որ այլ երկրներին ուշադրություն չի դարձվել:

Ուսումնասիրողների` «տարբեր ոլորտի» մասնագետներ, բայց ոչ իրավաբաններ լինելու մասին: Կասկած չի հարուցում, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը պետք է համապատասխանի երկրում գործող իրավական նորմերին: Սակայն ո՞վ ասաց, որ կենսաթոշակային համակարգի մշակողները պետք է լինեն առաջին հերթին իրավաբաններ, այլ ոչ թե «տարբեր ոլորտի» մասնագետներ, մասնավորապես` տնտեսագետներ: Եթե այդպես է, ապա գուցե ՍԴ նախագահը օրինակներ բերեր, թե իր մատնանշած ավելի քան 50 երկրներից ո՞ր մեկում են այդ համակարգը մշակել իրավաբանները: Մնում է միայն ենթադրություններ անել, թե ի՞նչն է Գագիկ Հարությունյանին պարտադրում նման մտքեր արտահայտել:

«Մեր ուսումնասիրություններով հաջողության են հասել այն երկրները, որոնք բաշխողական համակարգը, պարտադիր կուտակային համակարգը եւ կամավոր համակարգը խելամիտ ձեւով ներդաշնակել են: Պարտադիր կուտակային համակարգն իր բնույթով եւ իրացման ձեւերով տարբեր է», շարունակում է ՍԴ նախագահը:

Դարձյալ տնտեսական մեկնաբանություններ, որոնք ոչ մի առնչություն չունեն ՍԴ-ի նախագահի պաշտոնի կամ ՍԴ իրավասությունների հետ: Կարելի է իհարկե վիճել, թե ո՞ր երկրում ո՞ր ձեւն է իրեն արդարացրել, որտեղ` ոչ, ո՞րն է ավելի արդյունավետ եղել եւ ինչո՞ւ: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը ՍԴ-ի հետ: Թերեւս միայն այն, որ ՍԴ նախագահը խորհրդային տարիներին ավարտել է ժողտնտեսության ինստիտուտը: Այդ դեպքում ավելի լավ կլիներ, որ նա հանդես գար ոչ թե որպես ՍԴ նախագահ, այլ անկախ տնտեսական փորձագետ: Մյուս կողմից էլ, հետաքրքրական է, թե ե՞րբ հասցրեցին ՍԴ նախագահն ու անդամները ուսումնասիրել ավելի քան 50 երկրների փորձը, այն դեպքում, երբ կենսաթոշակային համակարգի մշակմամբ զբաղվող կառույցներն ու մասնագետները մի քանի տարի միջազգային փորձ էին ուսումնասիրում, եւ այդքանից հետո էլ, Գագիկ Հարությունյանի բնորոշմամբ, դեռ «եղել են երկրներ, որոնց համարժեք ուշադրություն չի դարձվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930