Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԵՎՈՐԸ ՆՍՏԵԼԸ ՉԻ

Ապրիլ 18,2014 10:24

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ քառասունիններորդ

ԿԱՐԵՎՈՐԸ ՆՍՏԵԼԸ ՉԻ

Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «Բարդուղը ճիշտ ա ասում», եւ Բարդուղը հարցրեց՝ «ի՞նչն եմ ճիշտ ասում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էս աշխարհի հզորներն ամեն ինչին խանգարում են», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ն են խանգարում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չեն թողում Արմոյի կենացը մարդավարի խմենք», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ո՞նց չեն թողում», եւ Ջավախյանն ասաց՝ «իրանց մասին խոսալով ընկանք, Արմոյի կենացը մոռացանք», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «իրանց մասին ոչ թե պիտի խոսաս, այլ պիտի մտածես», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «ե՞րբ մտածեմ», եւ Արիկը Բարդուղի փոխարեն Ջավախյանին ասաց՝ «առավոտից իրիկուն», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «առավոտից իրիկուն գործի մեջ եմ. հեչ քիթս սրբելու ժամանակ չեմ ունենում», եւ Անանիան ժպտալով Արիկին ասաց՝ «առավոտից իրիկուն իրա առեւտրով ա զբաղված», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող գործից հետո մտածի», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «գործից հետո էլ իրա էսսեներն ա գրում», եւ Բարդուղն Անանիային ասաց՝ «էդ էսսեները թող մտածելով գրի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրան ո՞վ ա խանգարում, որ մտածելով գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «ոչ էլ Արմենին խանգարող կա» եւ մի քիչ էլ մտածեց ու Անանիային ասաց՝ «ոչ էլ քեզ ա որեւէ մեկը խանգարում, որ գրելու ընթացքում մի քիչ մտածես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս խեղճ ազգի ոչ բարով գրողներն եք. դուք որ ժողովրդին վտանգներից չզգուշացնեք, ո՞վ պիտի զգուշացնի», եւ Հայկունին նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, ձեր գործը Բարդուղն ա անում», եւ Ջավախյանը փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «մնում ա, որ քո գործն էլ անի», եւ Հայկունին Ջավախյանին հարցրեց՝ «իմ գործը ո՞րն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Արմոյի կենացը խմելը», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Արմենի կենացին ինչ որ ասելու էի, ասել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մնում ա՝ դուք արտահայտվեք», եւ Օրթախը դժգոհելով ասաց՝ «թողում ե՞ք, որ արտահայտվենք», եւ Հայկունին թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մի խանգարեք», եւ Օրթախ Աբոն թարս նայեց Հայկունուն ու ասաց՝ «դու էլ մի խանգարի», եւ Հայկունին զարմացած նայեց Աբոյին ու հարցրեց՝ «ես ե՞րբ եմ խանգարել», եւ Աբոն մի քիչ մտածեց ու հանդիմանանքով Հայկունուն ասաց՝ «էս Ջավախյանի ու Անանիայի գրական վիճաբանությունների պատճառն էլ ես դու», եւ Հայկունին զարմացած նայեց Աբոյին ու հարցրեց՝ «ո՞նց եմ ես», եւ Աբոն հանդիմանանքով Հայկունուն ասաց՝ «դու ես մի գլուխ շիրա տալիս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Բարդուղին էլ ես մի գլուխ շիրա տալիս, որ աշխարհի հզորներից ու ազգի փրկությունից խոսա», եւ Հայկունին զարմացած նայեց Օրթախ Աբոյին ու շիվարած հարցրեց՝ «այսինքն, ի՞նչ պիտի անեմ, որ չեմ անում», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով Հայկունուն ասաց՝ «պիտի հնարավորություն տաս, որ Արմենի կենացին արտահայտվենք», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «հնարավորություն եմ տալիս. դե արտահայտվի», եւ Աբոն բաժակը բարձրացրեց, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Արմենի կենացը խմում եմ ոչ թե նրա համար, որ ամեն տարի ստիպում ա, որ երեսունմեկի օրն ըսենց իրար գլխի հավաքվենք», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «կարգին մարդկանցով», եւ Հայկունին Ջավախյանին սաստելով ասաց՝ «մի խանգարի. մարդը արտահայտվում ա», եւ Աբոն թարս նայեց Հայկունուն ու ասաց՝ «դու էլ մի խանգարի», եւ Հայկունին զարմացած նայեց Աբոյին ու ոչինչ չասաց, եւ Օրթախը շարունակեց, ավելի ճիշտ՝ նորից սկսեց՝ «ես Արմենի կենացը խմում եմ ոչ թե նրա համար, որ ամեն տարի ստիպում ա, որ երեսունմեկին իրար գլխի հավաքվենք, այլ նրա համար, որ էս տարի ստիպեց, որ ոչ թե ամեն տարվա պես ժամը յոթին կամ ութին հավաքվենք, այլ՝ չորսին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ պատկերացնո՞ւմ եք, որ եթե ամեն տարվա պես յոթին կամ ութին հավաքվեինք, ինչ էր ըլնելու», եւ Ջավախյանը Աբոյին հարցրեց՝ «ի՞նչ էր ըլնելու», եւ Աբոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էն էր ըլնելու, որ մինչեւ Անանիան ու դու ձեր գրական հարաբերությունները պարզեիք, ժամը տասնմեկն էր դառնալու, եւ Ջավախյանը հարցրեց՝ «հիմի ժամը քանի՞սն ա», եւ Հայկունին Աբոյի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «յոթն անց կես ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «հըլը ահագին կարանք նստենք», եւ Աբոն Ջավախյանին ասաց՝ «բայց որ Արմենը ժամը չփոխեր, հիմի նոր-նոր էին հավաքվելու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու Աբոյին ասաց՝ «որ հիմի հավաքվեինք, էլի նստելու ահագին ժամանակ կունենայինք», եւ Բարդուղը Ջավախյանին ասաց՝ «կարեւորը նստելը չի», եւ Ջավախյանը հարցրեց՝ «բա ի՞նչն ա», եւ Աբոն թարս նայեց Բարդուղին ու քամահրանքով ասաց՝ «կարեւորը խմելն ա», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ էլ խմելն ա կարեւոր», եւ Ջավախյանը Բարդուղին հարցրեց՝ «բա ի՞նչն ա կարեւոր», եւ Հայկունին Բարդուղի փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «կարեւորը մտածելն ա», եւ Բարդուղը հիացմունքով նաայեց Հայկունուն ու ասաց՝ «ապրես», եւ Ջավախյանն ասաց՝ «խանգարում ենք. չենք թողում Աբոն արտահայտվի», եւ Բարդուղը Ջավախյանին ասաց՝ «առաջինը դու խանգարեցիր», եւ Ջավախյանը զարմացած նայեց Բարդուղին ու հարցրեց՝ «ես ե՞րբ եմ խանգարել», եւ Բարդուղը Ջավախյանին ասաց՝ «մարդը խոսում ա, դու մի գլուխ ավելորդ հարցեր ես տալիս», եւ Ջավախյանը մեղավոր ժպտալով Օրթախին ասաց՝ «արտահայտվի, Աբո ջան, լսում ենք», եւ Աբոն թարս նայեց Ջավախյանին, հետո բաժակը բարձրացրեց, նայեց ինձ ու ասաց՝ «կենացդ, Արմեն ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ահագին բան ունեի ասելու, բայց մտքիս թելը կտրեցին», եւ Ջավախյանը ժպտալով Աբոյին հարցրեց՝ «ո՞վ մտքիդ թելը կտրեց», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «քեզ ասեցին՝ ավելորդ հարցեր մի տուր», եւ Ջավախյանը ժպտալով Աբոյին հարցրեց՝ «էդ ավելորդ հարց ա՞», եւ Աբոն առանց Ջավախյանին նայելու՝ նորից ինձ ասաց՝ «կենացդ, Արմեն ջան» ու խմեց, եւ Աբոյից հետո բոլորը կենացս խմեցին, անխտիր բոլորը՝ Ալեքսը, Վարոն, Ջավախյանը, Ջոնը, Արիկը, Անանիան, Արշակը, Արշակի կուսակցության երկրորդ անդամ Կարենը, եւ երրորդը՝ Մամիկոնը, ինչպես նաեւ՝ դաշնակ Ավոն, ինչպես նաեւ՝ Բարդուղը, ինչպես նաեւ՝ տեր Մաղաքիային տարած ու արդեն վերադարձած Սերոբը:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930