Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ի քայլն անսպասելի չէր». (Տեսանյութ)

Ապրիլ 17,2014 22:22

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ում նորմալ են վերաբերվում ինչպես կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ի քայլին, այնպես էլ մյուս կուսակցությունների՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմելու և կառավարության ձևավորմանը չմասնակցելու որոշումներին: Հարցին`ՀՅԴ-ի յոթը կետերից ինչը ՀՀԿ-ի համար ընդունելի չէր, բանախոսն ասաց, որ չեն կարող ՀՀԿ-ի համար ընդունելի լինել ՀՅԴ բոլոր առաջարկները, իսկ ՀՅԴ-ի համար էլ ՀՀԿ-ի բոլոր առաջարկները: «Եթե մենք բոլոր կետերում ունենանք միասնական մոտեցում, մենք բոլորս կլինենք միևնույն կուսակցությունում»,- ասաց նա:

Հարցին` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի հետ բանակցություններն ավարտվա՞ծ են, ի՞նչ արդյունք են դրանք տալիս, Էդուարդ Շարմազանովը հստակ պատասխան չտվեց, բայց չժխտեց, որ ոչ իշխանական ուժերի հետ ՀՀԿ բանակցությունները արդեն դադարել են: Մեկ այլ հարցի` ՕԵԿ-ը ոչ արդյունավետ էր համարել ՀՀԿ-ի հետ համագործակցությունը,  Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ցանկացած քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր տեղն ու դերը քաղաքական համակարգում: Նա նշեց, որ ՀՀԿ-ն հարգանքով է վերաբերվում ՕԵԿ քաղխորհրդի հայտարարություններին, դրանք կոռեկտ և քաղաքական մշակույթի մեջ տեղավորվող հայտարարություններ է համարում: Նա պնդեց, որ ՀՀԿ-ն գտնում է, որ բավականին արդյունավետ է համագործակցել ՕԵԿ-ի հետ:

«Հավերժ կոալիցիաներ չեն լինում, ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում այս կամ այն քաղաքական իրադրության մեջ ինչ քաղաքականություն է որդեգրում: Առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն ամբողջական պատասխանատվություն է կրում երկրում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների նկատմամբ: Որևէ կուսակցություն իրավունք չունի այս կամ այն քաղաքական կուսակցության փոխարեն որոշել՝ կլինեն կոալիցիայում, թե չեն լինի, կլինեն կառավարությունում, թե չեն լինի, պատասխանատվություն կստանձնեն, թե ոչ»,- ասաց բանախոսը: ՀՀԿ խոսնակը նաև նշեց, որ ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ի քայլն անսպասելի չէր. «Քաղաքական գործչի համար քաղաքականության մեջ անսպասելի որոշումներ չպետք է լինեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930