ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը` Կամո Գրիգորյանն ու նրանց մտերիմները` Քավոր Հարութի ընտանիքի անդամները, ինչպես նաև սպանված Շեկոյի կինը արդեն մի քանի անգամ է `հրաժարվում են որպես վկա ներկայանալ Գյումրու Շիրակացի փողոցում անցած տարվա ապրիլի 23-ին հնչած կրակոցների գործով դատավարությանը: Նրանք, սակայն, համարվում են կարևոր վկաներ, դեպքի ականատեսներ: Հիշեցնենք, կրակոցների հետևանքով սպանվեց Մարտուն Գրիգորյանի հորեղբոր թիկնապահը` Արտյոմ Խաչատրյանը`Շեկոն, իսկ սպանության մեջ մեղադրվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահեն: Ըստ նրա դեմ հարուցված քրեական գործի, Վահե Ղուկասյանը ապօրինի կերպով ձեռք բերած զենքից փորձել է կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին` քավոր Հարութին: Նա, հետապնդելով Հարություն Խաչատրյանին, Վարդանանց հրապարակից հասել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, այստեղ առնվազն 3 անգամ կրակել է վերջինիս ուղղությամբ: Սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը, քանի որ քավոր Հարութին ու նրա անչափահաս դստերը` Քնարիկին ուղեկցող Շեկոն պաշտպանել է նրանց` փոխադարձ կրակոց արձակելով ու կանխելով Վահեի մտադրությունը: Շեկոն հրազենային վնասվածքներ ստանալով` հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել էր:
Դատարանը անցած դատական նիստին բերման ենթարկելու որոշում էր կայացրել վերոհիշյալ վկաների նկատմամբ, սակայն ոստիկանները այսօր դարձյալ չէին կարողացել ապահովել նրանց ներկայությունը: Դատական նիստը սկսվելուն պես` դատավորի քարտուղարուհին զեկուցեց, որ ոստիկանները այցելեն են Շահինյան 6 հասցե, այսինքն` քավոր Հարութի տուն, սակայն դուռը փակ է եղել: Քավոր Հարութի հարևանը` Սուրիկ Իսահակյանը, ոստիկաններին փոխանցել է, որ մի քանի օր է` չի տեսել նրանց: Որպես վկա` հրավիրված էին Էլմիրա Խաչատրյանը, որը քավորի Հարութի հորաքույրն է, Աննա Խաչատրյանը`քավոր Հարութի դուստրը, Գեւորիկ Խաչատրյանը`որդին, որը ի դեպ, դատվեց այս նույն գործով`ընկնելով համաներման տակ: Քավոր Հարութի այն ժամանակ անչափահաս որդին, հորը պաշտպանելու նպատակով վերցրել էր տանը գտնվող զենքը ու օդ կրակել: Որպես վկա դատարան էր հրավիրված նաև քավոր Հարութի անչափահաս դուստրը` Քնարիկը, որի աչքի առջև է տեղի ունեցել այս ամենը:
Ինչևէ, դատարանին զեկուցեցին, որ Կամո Գրիգորյանին ու Քնարիկ Խաչատրյանին ուղարկված ծանուցագրերը մնացել են անպատասխան, իսկ մյուսները տանը չեն եղել: Հետաքրքիրն այն է, որ վկաներից մեկն էլ պարզապես հրաժարվել էր ծանուցագիրը վերցնելուց: Այսօր դատարանը ևս մեկ անգամ վերջիններս բերման ենթարկելու որոշում կայացրեց: Նշենք նաև, որ կրակոցները հնչել էին քավոր Հարութի տան մոտակայքում, իսկ վիրավոր Հարութը դեպքի ժամանակ օգնության էր կանչել իր մոտ ընկերոջը` Կամո Գրիգորյանին, որը և նրանց տեղափոխել էր հիվանդանոց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լռիվ բենզինիստ գերն է…..