Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին:
Հարցը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը: ՀԽ անդամները կարևորել են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ Հանրային խորհրդում լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայեցակարգում առկա են մի շարք խնդիրներ և անորոշություններ:
ՀԽ նախագահի առաջարկով որոշվել է կազմել հայեցակարգի այն հարցերի շրջանակը, որոնք քննարկման առարկա կարող են դառնալ՝ մասնավորապես խորհրդարանական համակարգի անցման, դատական ոլորտի, ՏԻՄ համակարգի հետ կապված և այլ փոփոխություններ:
Կարդացեք նաև
Այդ հարցերը նախ կքննարկվեն ՀԽ փոքր խորհրդի նիստերում, որից հետո բոլոր տեսակետները ՀԽ համապատասխան աշխատանքային խմբի կողմից կամփոփվեն և կձևակերպվեն որոշակի դիրքորոշման շրջանակներում, այնուհետև Հանրային խորհուրդը կկազմակերպի հանրային լայն քննարկումներ՝ այդ թվում նաև քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:
Նշենք, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ հանդիպումների ժամանակ բազմիցս բարձրացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը:
Նիստի օրակարգի երկրորդ հատվածում խորհրդի անդամները քննարկել են մինչև սահմանադրական փոփոխությունները և դրանից բխող «Հանրային խորհրդի մասին» համապատասխան օրենքի ընդունումը ՀԽ կառուցվածքին և գործունեությանը վերաբերող հարցեր:
Հանրային խորհուրդ