Հայ ազգային կոնգրես կուսակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե «Փաստահավաք» խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն իր անձնական տեսակետն է հայտնել՝ ԲՀԿ-ի մարտիմեկյան իրադարձություններում մասնակցություն ունենալու հետ կապված:
Մանուկյանը, մեզ հետ զրույցում հակադարձելով մեր այն դիտարկմանը, թե «Փաստահավաք» խմբում այն ժամանակ ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանն էր ԲՀԿ-ի մասով նման բացահայտում արել, մասնավորապես ասել էր․ «Անդրանիկ Քոչարյանը հիմա որտե՞ղ է գտնվում, վերջում պարզվեց, որ նա բոլորովին այլ խնդիրներ է դրել իր առաջ, որի հետևանքով էլ այսօր ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն չունի: Դա Անդրանիկ Քոչարյանի կարծիքն էր, որ չի ապացուցվել»:
Այս կապակցությամբ այսօր «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց Ա․ Քոչարյանից: Մենք խնդրեցինք բացատրել, թե արդյո՞ք այսօր ՀԱԿ-ում չգտնվելն ընդհանրապես որևէ կապ ունի այն ժամանակվա արած բացահայտումների հետ:
Մեր հարցադրմանն ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Փաստահավաք» խմբի զեկույցները անձնական տեսակետներ չեն, դրանք փաստաթղթեր են, որոնք հիմնավորված են փաստերով: Անձնական տեսակետի կամ անձի տեսակետի տոտալ գերիշխանությունը հատուկ է թերևս Աշոտ Մանուկյանի ՀԱԿ-ին»:
Կարդացեք նաև
Իսկ թե որտե՞ղ է հիմա Անդրանիկ Քոչարյանը հարցադրմանն ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց․ «Անդրանիկ Քոչարյանը հիմա այնտեղ է, որտեղ իր սկզբունքներն են, իր համոզմունքներն են ու գաղափարները: Իսկ թե որտե՞ղ է ՀԱԿ-ը, այդ հարցի պատասխանը հետաքրքրում է հասարակության մի ստվար հատվածին: Լավ կլինի գոնե Առինջ գնալ-գալու ընթացքում այդ մասին մտածեն, որովհետև հասարակությանն այդ հարցի պատասխանն է հետաքրքրում: Թիվ մեկ օլիգարխի նկատմամբ բռնկված սերը գուցե կուրացրել է, բայց դա իմ խնդիրը չէ, իրենք թող բարի լինեն այդ հարցերի պատասխանները տան»,- եզրափակեց նա:
Մանրամասները կարող եք կարդալ` «Առաջին լրատվական»-ի կայքում: