Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը պատրաստ չէ խտրականության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներմուծմանը

Ապրիլ 17,2014 20:05

Անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին Թբիլիսիի կոնֆերանսների ամենամեծ սրահներից մեկում Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ նոր օրինագծի քննարկումը: Մասնավորապես քննարկվում էր «խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրինագիծը: Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վրաստանում գործող գրեթե բոլոր կրոնական և հասարակական խոշոր կազմակերպությունները: Հանդիպման ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին հակախտրական օրինագծի ընդհանուր սկզբունքների վերաբերյալ, չնայած, եղան նաև որոշակի նկատողություններ: Այդ «որոշակի նկատողությունները» հիմնականում վերաբերում էին  «տեսուչների» համակարգի տեսությանը, որոնք օրինագծի համաձայն` պետք է ուսումնասիրեն խտրականության փաստերը և ձեռնարկեն համապատասխան իրավական քայլեր: Արտահայտված «որոշակի նկատողությունները» ուղղում էին ներկաների նաև Արդարադատության նախարարի ուշադրությունը օրինագծի թերությունների վրա, որոնք ապագայում գուցե անորոշություն ստեղծեն «տեսուչների» գործադիր գործառույթներում: Արդարադատության նախարարը խոստացավ, որ բոլոր նկատողությունները կուսումնասիրվեն և հնարավորինս ուշադրության տակ կառնվեն:

Որպեսզի ընթերցողը կարողանա արագորեն պատկերացում կազմել  «խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրինագծի բովանդակության մասին, հասկանալ նրա ստեղծման նպատակները, թույլ տանք մեզ համառոտ ներկայացնել տիրող իրականությունը: Չնայած որ, ընդհանուր առմամբ, Վրաստանի օրենսդրությունը կառուցված է ժողովրդական սկզբունքների հիման վրա, բավականին շատ են դեպքերը, երբ փորձնականում իրավիճակը այնքան էլ չի համապատասխանում օրենքին: Կոպիտ ասած` օրենքն ինքն իրեն է, և շատ հաճախ խախտվում է: Արդյունքում երկրի քաղաքացիները` ինչպես առանձին անհատներ, այնպես էլ ամբողջական խմբեր, դառնում են խտրականության զոհ, այսինքն` ոչ իրավահավասար վերաբերմունքի զոհ:  Նման իրավիճակի հիմնական պատճառն է վերահսկողության և խտրականության երևույթների վերացման համար գործող մեխանիզմների բացակայությունը: Հանուն արդարության արժե հիշել, որ երկրում գոյություն ունի Մարդու իրավունքների պաշտպանի պետական ապարատ: Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները խիստ սահմանափակ են: Ըստ օրենքի` Մարդու իրավունքների պաշտպանը ընդամենը կարող է ուսումնասիրել քաղաքացիների բողոքները և մարդու իրավունքների խախտման փաստի հաստատման դեպքում տալ երաշխավորումներ, որոնք իրենց հերթին չունեն կատարողական պարտադիր բնույթ: Այդ կերպ Մարդու իրավունքների պաշտպանը չունի արդյունավետ մեխանիզմ մարդու իրավունքների խախտումները կասեցնելու համար: Հատկապես այս իրականությունը և եվրոպացի չինովնիկների բազում կոչերը ստիպեցին Վրաստանի իշխանություններին սկսել աշխատել օրենքի վրա, որը կստեղծի համապատասխան մեխանիզմներ ցանկացած տեսակի խտրականության դեմ արդյունավետ պայքարի համար:

Ըստ անցյալ տարվա դեկտեմբերին ներկայացված օրինագծի` երկրում ստեղծվել է  «իրավահավասարության պաշտպանության տեսուչներ» համակարգը:  «Տեսուչները լիազորված են ուսումնասիրելու այն քաղաքացիների կամ այն խմբերի գանգատները, որոնք գտնում են, որ խտրականության զոհ են դարձել: Խտրականության փաստի հաստատման դեպքում տեսուչները պետք է ցուցաբերեն համապատասխան վերաբերմունք: Անձը (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական), որը կատարել է տեսուչի կողմից հաստատված խտրական գործողություն, կտուգանվի վարչական իրավախախտումների կոդեքսի համաձայն: Ֆիզիկական անձը կտուգանվի 100-150 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը 500-2500 լարիի», -այսպես է ասված եղել օրինագծի նախնական տարբերակում, որը ստացել է հասարակական կազմակերպությունների մեծամասնության հավանությունը:

Հասարակական կազմակերպությունների` Արդարադատության նախարարության կազմած օրինագծի քննարկումից հետո այն փոխանցվել է երկրի Կառավարությանը` ուսումնասիրման: Կառավարության քննարկումը տևեց երեք ամսից ավել, և ահա 2014թ. մարտի 28-ին «խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» օրինագիծը հաստատվեց: Հիմա օրինագիծը տեղափոխվել է Խորհրդարան, որտեղ և պետք է վերածվի օրենքի: Խորհրդարան մտնելուց հետո օրինագծի տեքստը դարձել է հասանելի:

Կառավարության կողմից հաստատված օրինագծի տեքստի հետ ծանոթանալուց հետո պարզվում է, որ «իրավահավասարության պաշտպանության տեսուչներին», ինչպես նաև խտրականություն իրականացնող անձանց պատժին վերաբերող հոդվածները հանվել են փաստաթղթից: Օրինագծի տեքստի համաձայն` խտրականության վերացումը և  իրավահավասարության վերահսկողությունը պետք է իրականացնի Մարդու իրավունքների պաշտպանը: Հենց այստեղ  էլ անհրաժեշտ է նշել, որ  Խորհրդարան մտնող օրինագծին կցված բացատրական ամփոփագրում ասված է, որ «օրինագծի ընդունումը չի հանգեցնի պետբյուջեից լրացուցիչ միջոցների հատկացմանը»: Եթե ուղիղ խոսենք, Մարդու իրավունքների պաշտպանը իրավահավասարության և խտրականության ձևերի վերացման վերահսկողությունը կիրականացնի այն միջոցներով, որոնք նա ունի այսօր: Ավելին, եթե օրինագիծն ընդունվի այն տեսքով, ինչպես որ մտել է Խորհրդարան, ապա Մարդու իրավունքների Պաշտպանը չի ստանա ոչ մի նոր միջոց-մեխանիզմ, ինչի օգնությամբ կկարողանա իրականացնել իր վրա դրված պարտականությունները:

Ինչ վերաբերում է խտրականություն իրականացնող անձերի պատժին, Կառավարությունը համապատասխան հոդվածների հանելը հետևյալ կերպ է մեկնաբանում. «տվյալ փուլում ո´չ պետական համակարգերը, ո´չ հասարակությունը պատրաստ չէ ռեպրեսիվ և արդյունավետ մեխանիզմների ներմուծմանը»:

Բնական է, որ հասարակական կազմակերպությունները, որոնք մի քանի ամսվա ընթացքում մասնակցություն են ցուցաբերել հակախտրական օրինագծի մշակմանը, զգացին իրեն խաբված: Եվ իրենց այդ զգացումները նրանք շարադրել են թղթին. «Մենք համարում ենք, որ օրենքի ընդունումն այն տեսքով, ինչպես որ մտել է Խորհրդարան, և որտեղ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն ընդամենը մի քիչ են ընդլայնված, չի փոխի ներկայիս օրենսդրական իրականությունը և չի կարող դառնալ խտրական երևույթների դեմ պայքարի արդյունավետ միջոց: Համապատասխանաբար, կոչ ենք անում իշխանություններին փորձել ապահովել երկրում իրավահավասարության սկզբունքները արդյունավետ օրենսդրությամբ և համակարգված երաշխիքներով», -ասված է Վրաստանի Կառավարությանն ու Խորհրդարանին ուղղված «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» դիմումի մեջ` ստորագրված հասարակական և կրոնական կազմակերպությունների մի ամբողջ շարքով:

Կառավարության կողմից հաստատված փաստաթղթում առկա է նաև մի քանի հոդված, որոնց ընթերցման ժամանակ հարց է ծագում` ի՞նչ նպատակներ է հետապնդում տվյալ օրինագիծը, և ինչպիսի՞ մեխանիզմներ է մշակում առաջադրված, ավելի ճիշտ հայտարարված խնդիրների լուծման համար: Առաջացած հարցերին, հավանաբար, մենք կկարողանանք պատասխանել, երբ օրենքը կընդունի վերջնական տեսքը:

Խորհրդարանում հանձնաժողովների լսումներն արդեն սկսված են: Ըստ պաշտոնական տեղեկության` օրինագիծը կուսումնասիրվի մայիսի 2-ին Խորհրդարանի պլենար նիստի ընթացքում:

 

Վրաստանի Հայ Համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930