Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լուիզա Ստեփանյան. «Մայիսի 15-ին նշանակեք, այդ օրը նշանակեք». (Տեսանյութ)

Ապրիլ 17,2014 19:45

Նոյեմբերյանի զորամասում 2013թ. մայիսի 15-ին Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարության ապրիլի 17-ի նիստում դատավոր Զոյա Զաքինյանը հրապարակեց ժամկետային զինծառայողներ Արշակ Պետրոսյանի, Միշա Ջանազյանի, Հրաչյա Մարգարյանի հետ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի առերես հարցաքննության արձանագրությունները: Ամբաստանյալի պաշտպան Վաղինակ Գեւորգյանի միջնորդությամբ դատարանը հրապարակեց  նախաքննության ավարտի մասին Դավիթ Խաչատրյանին հայտնելու ,Դ. Խաչատրյանի՝ որպես մեղադրյալի, հարցաքննության արձանագրությունները, քրեական գործերի նյութերին ծանոթանալու մասին Դ. Խաչատրյանի հայտարարությունը: Դրանցում Խաչատրյանը հայտարարել է, որ  չի ցանկանում ծանոթանալ քրեական գործի նյութերին, քանզի իր կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որակելու փաստը հաստատում է, որ իր նկատմամբ կատարվել է ոչ օբյեկտիվ, մեղադրական թեքումով նախաքննություն:

IMG_0066

Ամբաստանյալի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանն անդրադարձավ կատարված դատաձգաբանական, դատաբժշկական համալիր փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած հակասություններին: Նրա խոսքերով ՝ նույն կրակոցից տուժած Հրաչյա Սարգսյանի, Լյուքս Ստեփանյանի զինվորական գլխարկների եւ նրանց ստացած վնասվածքների վերաբերյալ եզրակացության մեջ նշվել է  գնդակի տարբեր, իրար հակադիր ուղղություններ: Նշված եզրակացությունը կազմվել է նաեւ վկաներ Արշակ Պետրոսյանի եւ Հրաչյա Մարգարյանի լրացուցիչ հարցաքննությունների արձանագրությունների հիման վրա: Ե. Սարգսյանի խոսքերով՝ եզրակացությունում նշված է ՝ Լյուքս Ստեփանյանի հայացքն ուղղված է եղել դեպի պատը, մինչդեռ նույն վկաները ցուցմունք են տվել, որ կրակոցից առաջ Լյուքսի հայացքն ուղղված է եղել Դավիթ Խաչատրյանի կողմը: Դատաքննության ընթացքում նույն վկաները եւ Դավիթ Խաչատրյանը ցուցմունք են տվել, որ կրակոցի պահին Լյուքս Ստեփանյանը նայել է Դավիթ խաչատրյանի ուղղությամբ:

Պաշտպանը միջնորդեց՝  դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտման եւ ամբաստանյալին մեղսագրված արարքի ճիշտ գնահատման եւ  փորձաքննության վերաբերյալ պարզաբանումների համար դատարան կանչել փորձագետներ Ա. Համբարձումյանին, Լ. Թովմասյանին եւ Ա. Ղազարյանին: Պաշտպան Վաղինակ Գեւորգյանը միացավ միջնորդությանը: Մեղադրող Արթուր Զաքարյանն այդ միջնորդությունն անհիմն համարեց: Նրա խոսքերով՝ պաշտպանական կողմը սեւեռվել է որոշակի հանգամանքների վրա, որոնք որեւէ հիմք չեն տալիս փորձագետների եզրակացությունը կասկածի տակ առնելու եւ նրանց դատարան կանչելու համար: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը նույնպես դեմ էր այդ միջնորդությանը: Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրողը չի կարող իրեն փորձագետի գործառույթներ վերապահել: Դատարանը բավարարեց  պաշտպանի միջնորդությունը: Դատական նիստի ավարտին տեղի տվեցին Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի նյարդերը, նա խիստ կշտամբեց ամբաստանյալի պաշտպաններին: Այդ ժամանակ դատավորը դատավարության կողմերի հետ քննարկում էր հաջորդ նիստի օրը : «Մայիսի 15-ին նշանակեք,այդ օրը նշանակեք»՝ բարձր ձայնով ասաց Լուիզա Ստեփանյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 25-ին, ժամը 14-ին:

Մանրամասները` տեսանյութում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930