Այսօր «Մեդիա կենտրոն»-ի նախաձեռնությամբ Վանաձորում տեղի ունեցավ «Քեսաբ» ֆիլմաշարի առաջին մասի ցուցադրությունը:
Ֆիլմաշարի առաջին ֆիլմը ներկայացնում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին, Միջերկրական ծովի ափին գտնվող հին հայկական բնակավայրի` Քեսաբի պատմությունը:
Ֆիլմում ներկայացվում է քեսաբցու կյանքն ու գոյատևման գաղտնիքները, ազգային ինքնագիտակցությունն ու մշակութային առանձնահատկությունները, Քեսաբ հայկական մշակութային կղզին, որը հարատևել է թուրքական պետության եռակողմ հարևանությամբ, արաբների հետ համակեցությամբ:
«Քեսաբը» նկարահանվել է 2009-2010 թթ., եւ պատմում է քեսաբցու ապրելակերպի, քեսաբցու կենսակերպի, ավանդույթների մասին: Ֆիլմի ցուցադրության գլխավոր նպատակներից մեկը ուշադրություն սեւեռելն է Քեսաբի խնդրին: Բացի այդ` ցուցադրության նպատակներից մեկն էլ խոսելն է այն մասին, որ լրատվություն տարածելուց առաջ անհրաժեշտ է առաջին հերթին վստահ լինել, որ այդ լրատվությունը ճիշտ աղբյուրներից է եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մեդիա կենտրոն»-ի խմբագիր Եվա Մարտիրոսյանը`նկատի ունենալով այն, որ վերջերս ռուսական լրատվամիջոցները ապատեղեկատվություն էին տարածել Քեսաբի մասին:
«Բացի նրանից, որ Քեսաբի թեման հրատապ է եւ խոսվում է դրա մասին, Քեսաբի մասին ապատեղեկատվության մի ալիք բարձրացավ. ռուսական լրատվամիջոցներն սկսեցին առավելապես սուտ տեղեկություններ տարածել սարսափելի լուսանկարներով, թե Քեսաբում տեղի է ունենում հայկական երկրորդ եղեռնը, ցեղասպանությունը, մինչդեռ այդ ամենը սուտ էր, ինչը շատ մեծ վնաս կարող էր հասցնել իրականում թե քեսաբցիներին, թե մեր վարկանիշին համաշխարհայնորեն»,-մանրամասնեց Եվա Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր Նանե Բագրատունին էլ նշեց, որ այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատելու համար ուղղակի անհրաժեշտություն է ճանաչել Քեսաբի պատմությունը, քեսաբցուն:
«Մինչ այս կոնֆլիկտը մենք չէինք ճանաչում Քեսաբը եւ քեսաբցուն: Ճանաչելը շատ կարեւոր է իրականում, հատկապես որ Քեսաբը ռազմա-քաղաքական նշանակությամբ մեծ դեր ունի, շատ կարեւոր է ճանաչել եւ իմանալ Քեսաբի պատմությունը, քեսաբցուն, այսօրվա իրավիճակը ճիշտ գնահատելու եւ ճիշտ գնահատականներ տալու համար, որպեսզի չվնասենք ոչ ՀՀ շահերը, ոչ քեսաբցիների շահերը, այն դեպքում, երբ իրենք այս պահին ռազմական գոտում են»,-եզրափակեց Նանե Բագրատունին:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ