Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Շեկոյի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանվում է Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահեն, որը, ըստ մեղադրանքի, ապօրինի կերպով ձեռք բերած զենքից, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով ապօրինաբար փորձել է կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին` քավոր Հարութին: Նրա վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն: Հիշեցենք նաև, որ քավոր Հարութն ու Շեկոն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմներ են:
Այսօր դատարանը լսեց քավոր Հարութի հարևանուհուն`70-ամյա Իսկուհի Մահտեսյանին, որին բերման էր ենթարկել ոստիկանությունը: Տիկինը, ըստ էության, դեպքի մանրուքները բացահայտող որևէ արժեքավոր տեղեկություն չհայտնեց, ուղղակի դատարանին ներկայացրեց իր շաքարախտով հիվանդ լինելն ու դեպքի օրը ունեցած հոգեապրումները, սարսափելի վախը: «Ես շաքարախտով հիվանդ կին եմ, պառկած էի տեղաշորով, մի մեծ ղժժոց լսեցի, նայեցի, տեսա ժողովուրդը վազում էր շոշ: Ինձ էլ հետաքրքեց, ակնոցներս ման եկա, որ դնեմ, գնամ, էդ մոմենտին չգտա, աստիճաններից բռնելով` իջա: Իջա շոշ, մի քիչ տեղ գնացի, տեսա Հարութը` բերանը արյունոտ, վախեցա, լիքը մարդիկ կային, միլիցեքը լիքը: Դարձա ու հետ վազեցի` մտածեցի չլինի՞ ինձ էլ փորձանք գա: Շատ վախեցա, շաքարախտով հիվանդ մարդն ի՞նչ է, կընկնիմ կոմայի մեջ: Հետ դառնալուց ոտքիս մի բան դիպավ, կռացա, ասի տեսնեմ ի՞նչ է, վերցրեցի` հեռախոս էր, մտածեցի, երևի, Հարութի կինը վազեց, ջեբից ընկավ, մտածեցի թող խաղաղվի, տանեմ, կտամ, ի՞նչ պիտի անեմ: Եկա տուն, էլ ոչ բակ իջա ու ոչ մի տեղ չգնացի: Երկու օր անց միլիցեքը եկան մեր տուն, հարցրեցին` հեռախոս գտե՞լ ես, ասի` հա, ու տվեցի հեռախոսը»:
Տիկինն ասաց, որ այսքանը գիտի, ուրիշ բան չի լսել ու չի տեսել: «Ես կույր ու խուլ եմ»,- հայտարարեց նա: Դահլիճը սկսեց ծիծաղել, վկան, շուռ գալով դեպի դահլիճում նստած երիտասարդները, հակադարձեց. «Հա, բա ես շաքարախտով հիվանդ մարդ եմ, ի՞նչ պիտի լսեմ, էսօր դեղերս են դնում սեղանին, մոռանում եմ խմել»:
Դատախազը հետաքրքրվեց, թե դեպքի օրը կրակոցներ լսե՞լ է, տիկինն ասաց. «Չէ, ազիզ ջան, չեմ լսել, ես երկրորդ հարկ կապրիմ, նոր եմ սրսկվել, որ դատարան կարողանամ գալ»: Դատավորն, ավարտված համարելով հարցաքննությունն, ասաց. «Ազատ եք, տիկին, կարող եք նստել, լսել, կարող եք գնալ», որին ի պատասխան նա աղերսագին ձայնով արձագանքեց. «Չէէէէ, ես գնամ, բա սրա համար արժեր, որ ինձ էստեղ հասցրի՞ք» ու մատնացույց անելով Վահե Ղուկասյանին` շարունակեց.«Ես էս Էրեխին չեմ էլ ճանաչում»: Ամբաստանյալ Վահե Ղուկասյանն էլ իր հերթին «մայրիկին» առողջություն մաղթեց:
Կարդացեք նաև
Այսօր հարցաքննվեց նաև անչափահաս Գոռ Հակոբյանը, ով դեպքի օրը եղել է «Ցածր գներ» վաճառատան մոտ: Նա դատարանին հայտնեց, որ կրակոցներ լսելով` մտել է խանութ: Նրա` դատարանին տված ցուցմունքի ու նախաքննական ցուցմունքի միջև հակասություններ կային. վկան նախաքննական մարմնին հայտնել էր, որ դեպքի օրը սև գույնի մեքենայի մոտ տեսել է զենքը ձեռքին տղամարդ:
Նշենք, որ մյուս վկաները դատարան չէին ներկայացել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ