Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում արկ է պայթել: Գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` արկը պայթել է գիշերը ժամը 1:15-ի սահմաններում գյուղի բնակիչ Դարչո Հովհաննիսյանի տան մերձակա հողամասում: Պայթյունի հետեւանքով կոտրվել են բնակչի տան, ինչպես նաեւ հարեւանությամբ գտնվող տների ապակիները, զոհեր ու տուժածներ չկան: «Բարեբախտաբար դեպքը գիշերն է եղել եւ արկի պայթելու ժամանակ տարածքում մարդ չի եղել: Դարչոյի տան մոտ գտնվող նավեսի շիֆերներն են ջարդվել, տան ապակիները, մոտ 50-100 մ հեռու գտնվող տների պատուհանները եւս պայթյունի ալիքից կոտրվել են: Արկը գտնվում էր պատի մոտ, մոտ 20 սմ խորությամբ, այդ հատվածը չի մշակվում ու բնակիչն այսքան ժամանակ չի իմացել, որ արկ կա իր տան մերձակայքում, հավանաբար պատերազմի տարիներից է ընկել ու մնացել էստեղ: Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանները, պատասխանատու բոլոր կառույցներից եկել են մասնագետները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները եւս էստեղ էին», – փոխանցեց Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը եւ հավելեց, որ դեպքի մասին այլ մանրամասներ այս պահին դեռ պարզ չեն, համապատասխան մասնագետներն այժմ զբաղվում են այդ ուղղությամբ: Գյուղապետի հավաստմամբ գյուղում մինչեւ օրս նման դեպք չէր եղել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ