Արդեն չորրորդ տարին է, ինչ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կազմակերպում է գիտելիքների մրցույթ` «Թեքեյանական օլիմպիադա», որում իրենց ուժերն են չափում Հայաստանի եւ Արցախի Վ. Թեքեյանի անվան դպրոցների աշակերտները:
Տարեցտարի ձեռնարկն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում եւ ընդլայնում է իր ծավալները: Այս անգամ, «Մաթեմատիկա» եւ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկաներից զատ, Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչի առաջարկությամբ, Հիմնադրամն ընդգրկել էր նաեւ մրցութային երրորդ առարկա` «Անգլերեն լեզու»:
Հիմնադրամը նպատակ ունի օլիմպիադայի միջոցով խթանել եւ խրախուսել հայոց եւ օտար լեզուների, հայ գրականության, ինչպես նաեւ բնագիտական առարկաների իմացությունը, առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ աշակերտներին դրսեւորել իրենց գիտելիքները, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:
Թեքեյանական 4-րդ օլիմպիադան, որին մասնակցեց Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբիի եւ Բերձորի /Արցախ/ Վ. Թեքեյանի անվան դպրոցների 8-րդ, 9-րդ դասարանների թվով 70 աշակերտ, տեղի ունեցավ Թեքեյան Կենտրոնում: Եվ մինչ մասնագիտական հանձնախումբն ամփոփում էր մրցույթի արդյունքները, Հիմնադրամը միջոցառման բոլոր մասնակիցներին առաջարկեց հյուրասիրություն եւ մշակութային ծրագիր: Այս անգամ նրանք այցելեցին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոն եւ վայելեցին Ա. Շիրվանզադեի «Արտիստը» ներկայացումը:
Այնուհետեւ տոնական տրամադրությունը կրկին տեղափոխվեց Թեքեյան Կենտրոն, որտեղ տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որտեղ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներն էլ Հիմնադրամի կողմից արժանացան խրախուսական մրցանակների: Միջոցառմանը ներկա էին ՄԲ դեսպան Քեթի Լիչը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալան Քուչուկյանը, հյուրեր Հայաստանից եւ Արցախից:
Հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց ԹԿՀ տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա մասնավորապես փաստեց, որ ավանդական են դարձել Հայաստանում եւ Արցախում գործող Վ. Թեքեյանի անվան հինգ դպրոցների եւ Թեքեյան Կենտրոնի փոխադարձ կապերը, եւ արդեն կայացել է թեքեյանական թիմ, որը միասնական նորանոր հաջողություններ է գրանցում, քանզի մեկի հաջողությունն ու հաղթանակը` բոլորի հաջողությունն ու հպարտությունն է: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց Հիմնադրամի հովանավորներին, նվիրատուներին, հոգաբարձուներին, որոնց օժանդակության եւ ուշադրության շնորհիվ իրականություն են դառնում բոլոր ծրագրերը: Պրն. Ծուլիկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց դեսպան Քեթի Լիչին համագործակցության համար, ինչպես նաեւ մրցութային հանձնախմբին:
Այնուհետեվ օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը /հայոց լեզու եւ գրականություն/, ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը /անգլերեն լեզու/ եւ Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 139 դպրոցի ուսուցչուհի Ա. Գեւորգյանը /մաթեմատիկա/, մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովասանագրեր հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին:
Հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը հանձնեց խրախուսական, ինչպես նաեւ երրորդ մրցանակները: ԹԿՀ հոգաբարձու Ալան Քուչուկյանը պարգեւատրեց երկրորդ մրցանակակիրներին եւ, շնորհավորելով նրանց, կարեւորեց ուսումը, որը պետք է ձեռք բերվի դեռեւս մանուկ հասակից: Նա գոհունակություն հայտնեց, որ Թեքեյան դպրոցներն ունեն բանիմաց, խելացի աշակերտներ, որոնք ձգտում են նոր գիտելիքներ ձեռք բերել եւ նոր բարձունքներ նվաճել: Հոգաբարձուն նաեւ բարձր գնահատանքի արժանացրեց ուսուցիչներին, որոնց ամենօրյա տքնաջան ու բարեխիղճ աշխատանքի շնորհիվ աշակերտները նոր ձեռքբերումներ են գրանցում:
Պատվավոր առաջին մրցանակը հաղթողներին շնորհեց դեսպան Քեթի Լիչը: Իր խոսքում տիկ. Լիչը ողջունեց Հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը եւ նշեց, որ նմանօրինակ ձեռնարկները կրթական որակ են ապահովում, ինչն էլ մեծ դեր ունի ազգի զարգացման գործում: Տիկին դեսպանը, խոսելով հայ երեխաների մասին, նշեց. «Որքան կարեւոր են ինձ համար իմ երեխաները /որոնք, ի դեպ, ներկա էին միջոցառմանը/, նույնքան կարեւոր են այս պատանիները եւ նրանց ապագան, ուստի իմ ջանքերն ուղղված են հայ-բրիտանական համագործակցության զարգացմանը եւ հայ երեխաների համար անհոգ ու ապահով ապագայի ստեղծմանը»:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաեւ Արցախի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, որը թեքեյանցիների անունից շնորհակալություն հայտնեց հիմնադրամին դպրոցներին աջակցություն ցուցաբերելու եւ նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար, քանզի նրանք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը:
Թեքեյան Կենտրոնում տոնական տրամադրությունը շարունակվեց համերգային ծրագրով, որն էլ ներկայացրին Թեքեյան դպրոցների տաղանդաշատ սաները:
Թեքեյանական 4-րդ օլիմպիադայում հաղթող ճանաչվեցին եւ պատվոգրերի եւ արժեքավոր նվերների արժանացան`
Հայոց լեզու եւ գրականություն
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Լաուրա Փարսադանյան /Երեւան/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Սուսաննա Թադեւոայն /Գյումրի/
Երրորդ մրցանակ /նվագարկիչ/ – Արման Խանգելդյան /Երեւան/
Խրախուսական մրցանակ /գիտելիքների շտեմարան/ – Իրինա Չախոյան /Գյումրի/
Գովասանագրեր`
– Դիանա Լեւոնյան /Կարբի/
– Աղավնի Հակոբյան /Կարբի/
– Եվա Եշիլբաշյան /Գյումրի/
Մաթեմատիկա
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Իսահակ Վարոսյան /Գյումրի/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Նարեկ Պողոսյան /Երեւան/
Երրորդ մրցանակ /նվագարկիչ/ – Նելլի Մարգարյան /Գյումրի/
Խրախուսական մրցանակ գիտելիքների շտեմարան/ – Վլադիմիր Հակոբյան /Ստեփանավան/
Գովասանագրեր`
– Էլեն Սուքիասյան /Ստեփանավան/
– Հասմիկ Մարտիրոսյան /Բերձոր/
– Տիգրան Գեւորգյան /Ստեփանավան/
Անգլերեն լեզու
Առաջին մրցանակ /պլանշետ/ – Գոհար Հովհաննիսյան /Երեւան/
Երկրորդ մրցանակ /ֆոտոխցիկ/ – Գայանե Քուրդյան /Գյումրի/
Երրորդ մրցանակ /նվագարկիչ/ – Դիանա Լեւոնյան /Կարբի/
Խրախուսական մրցանակ /գիտելիքների շտեմարան/ – Սյուզաննա Իգիթյան /Գյումրի/
Գովասանագրեր`
– Միլենա Սահակյան /Ստեփանավան/
– Զվարթ Սեդրակյան /Երեւան/
– Շուշաննա Աթոյան /Գյումրի/