Լրահոս
Օրվա լրահոսը

Ում` ինչ տվեց ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը

Ապրիլ 17,2014 16:40

ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլը շատերին զարմացրեց, շատերին այն շոու է հիշեցնում, մյուսները համարում են, որ  ՕԵԿ-ը լքեց «խորտակվող նավը»  և որ ՕԵԿ-ի`կոալիցիան  լքելու նախաձեռնությունից հետո Սերժ Սարգսյանը ծանր իրավիճակում է հայտնվել: Ավելին, ՕԵԿ-ը ոչ միայն դուրս եկավ կոալիցիայից, այլև սկսեց դեմ խոսել իշխանությանը` այնպիսի նախաձեռնություններին, որոնց այս քաղաքական ուժը երբեք դեմ չէր եղել:

Մասնավորապես երեկ ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե կուտակայինի հետ կապված բարեփոխումը լուրջ մարտահրավեր է` շեշտելով, որ կաջակցեն «Դեմ եմ»-ի երիտասարդներին.  «Կաջակցենք, մի մտածեք: Մենք ունենք մեր տեսլականը կուտակայինի վերաբերյալ»:

Aravot.am-ը հրապարակախոս Կարինե Հակոբյանից հետաքրքրվեց` ո՞րն էր ՕԵԿ-ի շարժառիթը` լքել կոալիցիան, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Անկախ դրդապատճառներից ու շարժառիթներից, ներքին խոհանոցից, այդ քայլը ՀՀ քաղաքական դաշտի համար ողջունելի է, քանի որ ինքնաբերաբար ուժեղանում է ընդդիմությունը: Նրանք ստիպված են միանալ «Դեմ եմ» շարժմանը, եթե իշխանության մեջ չես, դու ուրիշ անելիք չունես, քան միանալ այդ թևին: Այլապես դու ընդհանրապես դուրս ես գալիս քաղաքական ասպարեզից»:

Մեր հարցին` ինչպե՞ս կարող են, օրինակ, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, որոնք գաղափարական սկզբունքային տարբերություններ ունեն, աշխատել միևնույն դաշտում, տիկին Հակոբյանն այսպես արձագանքեց. «Այսօր թիվ մեկ խնդիրը ընդդիմության ուժեղացնելն է: Ընդդիմությունը պիտի ֆինանսավորվի պետական բյուջեից, այնպես, որ կախված չլինի անձերից ու բիզնեսից»:

Համեմատության համար տիկին Հակոբյանը նշեց, թե Մեծ Բրիտանիայում ընդդիմության ղեկավարի աշխատավարձը վարչապետի աշխատավարձին է  հավասար: Ու նկատեց, թե դա միայն  աշխատավարձի խնդիր չէ, այլ կարևորության հարց:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Erem says:

    Երբ տաշտում, ի նկատի ունեմ պետբյուջեն, կեր է լինում, ՕԵԿ-ը կոալիցիայի մաս է կազմում, երբ տաշտից օգտվելու շանսերն ու չափը նվազում է, նրանք քննադատողն են դառնում իրենց տեսակի: Տիպիկ արջի վարքագիծ՝ ճարպ են հավաքում, հետո թաթները ծծում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930