Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանն էլ չէր ուզում վարչապետ դառնալ, կամ Սերժ Սարգսյանն ուզում է պատմության մեջ մնալ

Ապրիլ 17,2014 16:04

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի այդ խոսքից հետո հնարավոր չէ ամբողջ սահմանադրական  բարեփոխումները ծառայեցնել իր այդ նպատակին»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնելով , իր քաղաքական կարիերա՞ն է պլանավորում, մասնավորապես հետագայում վարչապետի պաշտոնում աշխատելու առումով, այսպես պատասխանեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը նաև շեշտեց, թե հավատում է Սերժ Սարգսյանի խոսքերին ու հիշեցրեց. «Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն այդպիսի ցանկություն չունի: Ես միշտ հավատում եմ, ինձ համար խոսքը արժեք ունի»:

Սակայն Կարինե Հակոբյանը շտապողականություն է նկատում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում: Մեր դիտարկմանը, արդյոք այդ շտապողականությունը չի՞ վկայում այն մասին, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը որոշ ծրագրեր ունի, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Սահմանադրական բարեփոխումների հարցում շտապողականությունը ընդունելի չէ: Շտապելը կխանգարի լավագույն լուծումը գտնելու համար: Իսկ մենք այլևս ժամանակ չունենք սխալվելու: Եթե պետք են սահմանադրական փոփոխություններ, ուրեմն պետք է իսկապես կատարելագործել մեր Սահմանադրությունը և օրենսդրությունը: Չեմ ուզում հավատալ, որ նման հայտարարությունից հետո դարձյալ հնարավոր է Սահմանադրությունը ծառայեցնել անձնական նպատակների, քանի որ Սերժ Սարգսյանը բացահայտ ողջ ազգին հայտարարել է»:

Այս առիթով տիկին Հակոբյանը հիշեց նախկին փորձը, երբ քաղաքական գործիչների խոսքն ու գործը չեն համընկել. «Վազգեն Սարգսյանն ասում էր, որ չի ուզում վարչապետ դառնալ, բայց դարձավ: Բայց հիմա հայտարարությունն այլ լրջությամբ հնչեց, կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը  այլ նպատակ ունի, և դրանից մեկը պատմության մեջ մնալն է: Սա իր ղեկավարության վերջին ժամանակահատվածն է, և հիմա չկա ավելի մեծ շահ, քան հեռանալ այս պաշտոնից` թողնելով զարգացող երկիր, որ իր զավակներն ու ընտանիքը հետո կարողանան շարունակել երջանիկ ապրել: Դրա համար պետք է, որ երկիրը լինի առողջ ու զարգացած»:

Մեր հարցին` կարծում եք Սերժ Սարգսյանն է՞լ է նման կերպ մտածում, տիկին Հակոբյանն արձագանքեց. «Կարծում եմ` այո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930