Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ մեր ազգաբնակչությունը պատրաստ չէր արտակարգ իրավիճակների: Այդ պատճառով Հայաստանի ԱԻՆ-ը հիմնադրման առաջին իսկ օրվանից այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարում, որի առաջնահերթություններից մեկն էլ հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաեւ Արցախում, հատկապես դպրոցահասակ երեխաներին փրկարարի հմտություններն ու մասնագիտությունը սովորեցնելն է:
Այսօր «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության տարածքում կայացավ ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ փրկարարների հանրապետական առաջին մրցաշարը, որին մասնակցեցին մարզային փուլերում հաղթած եւ աչքի ընկած դպրոցական թիմերը: Մասնակիցներին ողջունելուց եւ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանի ողջույնի խոսքը փոխանցելուց հետո, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց, որ այսօրվա միջոցառումը ոչ միայն մրցում է, այլեւ մի խոշոր գործի սկիզբ, որ իրենք իրականացնում են ԿԳՆ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին` ներգրավելով նաեւ միջազգային այլ կազմակերպություններ, որպեսզի հանրապետության տարածքում, հեռավոր սահմանային գոտիներում, սկսած երեխաներից, վերջացրած ուսանողներով ու ամբողջ ազգաբնակչությունով, ներդրվի փրկարարի ինստիտուտը, մարդիկ պատրաստ լինեն տարբեր արտակարգ իրավիճակների դիմագրավմանը, ռիսկերի նվազեցմանը:
Հարցին, թե որո՞նք են երեք այն կարեւոր որակները, որոնք բնութագրում են փրկարարին, իսկ այսօր` անհրաժեշտ են պատանի փրկարարներին, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանեց. «Ֆիզիկական պատրաստվածությունը, ոգու ամրությունն ու կորովը, փրկարարի մասնագիտության պարզագույն հմտություններին տիրապետելը»:
Հանրապետական անդրանիկ մրցույթի մասնակից դպրոցականները մրցեցին վազք, փոխանցումավազք,, հրշեջի մարտական հագուստի կրում, ձգում կախ դիրքից, հրում հատակից մրցաձեւերից:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ