Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին որպես, բոյով, սիրուն տղա՝ պահեց». Պետրոս Մակեյան

Ապրիլ 17,2014 15:11

«ՕԵԿ-ի ծնողը միշտ էլ եղել է Սերժ Սարգսյանը: 1997-98 թվականներին, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության եւ ներքին գործոց նախարար էր, այսօրվա նման հիշում եմ, թե ոստիկանությունը, ոստիկանապետերն ինչպես էին դիմավորում այդ կուսակցությանը: Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի հետ երեւի քննարկելով՝ որոշեցին այդ բեռից ազատվել, որովհետեւ 2008-ից հետո այլեւս որեւէ քաղաքական դիվիդենտ չուներ»,- ապրիլի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմության շարքերն անցնելու մասին հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքերով՝ «Քանի որ 2008-ին իշխանությունը վերցնելու գործում ՕԵԿ-ը ծանրակշիռ դեր ունեցավ, ժողովրդին խաբեց, անցավ իշխանության կողմը, կարծում եմ, բավականին երկար ժամանակ նրան Սերժ Սարգսյանը պահեց իշխանական համակարգում: Հիմա ՀՀԿ-ն ուզում է ազատվել այդ բեռից: Հիմա թե ինչ որակի, ինչ քաղական արժեք կունենա ՕԵԿ-ը՝ կյանքը ցույց կտա: Բայց եթե մեր հասարակությունը ժամանակի առումով այդքան արագ չի մոռանում ՕԵԿ-ի արածը, բնականաբար ոչ մի արժեք չի ունենա»:

Մեր հարցին՝ ընդդիմությունը ՕԵԿ-ին որակում էր որպես ՀՀԿ-ի կցորդ, հնարավո՞ր է ՕԵԿ-ի դեմքը փրկել՝ պարոն Մակեյանը պատասխանեց. «Եթե մեր ժողովրդի հիշողությունը կարճ է՝ հնարավոր է: 2008-ի այդ դավաճանական քայլից հետո, ժողովրդին դավաճանեց, նա ոչ մեկին չի դավաճանել՝ ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ոչ ՀԱԿ-ին: Նա ժողովրդին դավաճանեց: Արթուր Բաղդասարյանը դարձավ օլիգարխ, մանր-մունր բիզնեսները պահեցին: Կցորդ էր, թե կցորդ չէր, պարզ է, որ 2008-ից հետո այլեւս քաղաքական արժեք չուներ: Բայց Սերժ Սարգսյանը պահեց ու պարտավոր էր պահել, հակառակ դեպքում անհասկանալի էր այդ ներդրումը: Հիմա ժամանակն է, 6 տարի անցել է: Ես նույնիսկ մտածում էի, որ 2013-ի նախագահականից հետո պետք է դուրս թողնեին, բայց էլի 1 տարի պահեցին»:

Հայտնի է, որ Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը շատ ջերմ անձնական հարաբերություններ ունեին, ընտանիքներով մոտ էին, դա որեւէ դեր չի՞ խաղա՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Ես 95-ից Արթուր Բաղդասարյանի հետ պատգամավոր եմ եղել, ինքը ոչ անհատականություն ունի, ոչ քաղաքական դեր ունի, որ կարողանար լավ-վատ հարաբերություններ ունենար այսպես կոչված երկրի առաջին դեմքի հետ: Նրան միշտ իր տեղը ցույց են տվել: Հիշո՞ւմ եք, Քոչարյանն իրեն ասեց դավաճան: Այդ դավաճանին Ազգային անվտանգության քարտուղար դրեցին: Այսինքն, օգտագործել են այնտեղ, որտեղ եւ ինչպես նպատակահարմար են գտել: Արթուր Բաղդասարյանն այն դեմքը չէ, որի հետ հարաբերությունները լավ կամ վատ լինեն: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ձեւավորել այդ կուսակցությունը: Եվ Արթուր Բաղդասարյանի անհատական որակները տեսել եմ 95-96-ի ԱԺ-ում: Նա որեւէ արժանիք չունի ե՛ւ մարդկայնորեն, ե՛ւ քաղաքականության մեջ: Ուղղակի Սերժ Սարգսյանը, բնականաբար, որպես բոյով, սիրուն տղա, լեզուն էլ լավ էլ պտտվում է, պահեց նրան: Դա տեղ ունի, Հայաստանում՝ առավել եւս: Օգտագործվել է՝ օգտագործել են»:

Մեր հարցին, եթե այս 6 տարիների ընթացքում ՕԵԿ-ին որեւէ լուրջ, ծանրակշիռ պաշտոն չտվեցին, ինչո՞ւ ՕԵԿ-ը որոշեց հիմա բարձրաձայնել այդ մասին, տրտնջալ ՀՀԿ-ի միանձնյա որոշումներից՝ Պետրոս Մակեյանը պատասխանեց. «ՕԵԿ-ին տված պորտֆելների մի մասը իրենը չի եղել: Եթե հիշում եք, այդ նախարարները մի օր առաջ դառնում էին ՕԵԿ անդամ ու նոր նախարար էին դառնում: Այսինքն, նրանք ՕԵԿ-ի հետ կապ չեն ունեցել, ուղղակի Սերժ Սարգսյանն օգտագործել է այդ քաղաքական միավորը եւ որոշ նախարարների ներկայացրել է այդ բլոկով: Ձեւական դարձրել են ՕԵԿ-ական, օգտվել են ՕԵԿ-ի միավորից եւ մի քանի նախարարների ներկայացրել է ՕԵԿ-ի անվան տակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930