Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այսօր Հայաստանում միայն կոմեդիա է նկարահանվում». ռեժիսոր

Ապրիլ 17,2014 14:59

«Ելք չկա» գեղարվեստական ֆիլմը կներկայացվի մայիսին կայանալիք Կաննի միջազգային կինոփառատոնում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսոր Վահե Սայանը: Նրա խոսքով՝ ֆիլմը հասցրել է ցուցադրվել մի շարք երկրներում (ԱՄՆ, Բելգիա և այլն) և բավականին լուրջ հաջողություններ ունենալ: Օրինակ՝ ռուսական «Օլ մեդիա» ընկերությունը պատրաստվում է ֆիլմը թարգմանել ռուսերեն և վաճառել ռուսական կինոշուկայում: Իսկ ինչ վերաբերում է Կաննի կինոփառատոնից ակնկալիքներին, ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Կամո Ունանյանն ասաց. «Դե, շատ ազգերի ներկայացուցիչներ կլինեն Կաննում, կդիտեն ֆիլմը, հնարավոր է՝ մի քանիսից առաջարկ ունենանք ֆիլմը ցուցադրելու իրենց երկրներում կամ գուցե նրանք գնեն ֆիլմի ցուցադրման իրավունքը, չգիտեմ, շատ բան կարելի է սպասել»:

Կ. Ունանյանի փոխանցմամբ՝ «Ելք չկա»-ն Կաննում ներկայացնելու առաջարկը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ հենց այս ֆիլմը, Կ. Ունանյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ որքանով ճիշտ կլինի նման փառատոներին ներկայանալ կոմեդիայի ժանրով»:
Վ. Սայանն էլ հավելեց, որ մեզանում նկարահանվող կատակերգությունները զուտ ազգային կոլորիտի վրա հիմնված աշխատանքներ են. «Դա մեր հումորն է, որը իսպանացին, իտալացին չեն հասկանա, և այս խնդիրը կա գրեթե բոլոր երկրներում: Ես կարծում եմ, որ այս ժանրը՝ կրիմինալ դրաման, ավելի շատ ասելիք ունի արտասահմանում, քան մեր արտադրած կատակերգությունները, որոնք մենք ենք միայն հասկանում»,- պարզաբանեց ռեժիսորը:

Aravot.am-ի հարցին, թե ինչու են որպես հակադրություն վերցնում միայն կատակերգությունները, Վ. Սայանը պատասխանեց. «Որովհետև այսօր Հայաստանում ուրիշ ոչինչ չի նկարվում, միայն կոմեդիա է, որը կոմերցիոն բնույթ ունի»:
Անդրադառնալով ֆիլմի բերած նորությանն ու ասելիքին՝ Վ. Սայանը նկատեց, որ բոլորովին պարտադիր չէ, որ կինոշուկայում ինչ-որ նորություն բերի ֆիլմը: «Ցանկացած ֆիլմ, որ նկարվում է, հստակ խնդիրներ չի դնում՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան տեղ հասցնելու: Ֆիլմը նայեք ըստ իր տեսակի, այնպես, ինչպես կա: Իսկ «Ելք չկա»-ն այն արժեքների մասին է, որոնք գնալով վերանում են՝ սկսած հենց ընկերությունից,- ասում է ռեժիսորը,- Դա միայն Ֆեյսբուքում է, որ մարդն ունի տասը հազար ընկեր, բայց իր ծնունդին մի հոգի չկա: Իսկ ֆիլմում ընկերությունը բարձր է դասված սեփական կյանքից ու ինքնասիրությունից: Այսօրվա սերունդը գիտեք՝ ինչ ուղղությամբ է գնում. փորձում է ինքն իրենով, ինչ-որ չափով նաև դեգրադացած, ավելի վիրտուալ կյանքով մեծանալ, ավելի հեռու լինել այն մանկությունից, որը մենք ենք ունեցել: Մեր ֆիլմը փորձում է ժամանակային առումով հետ գնալ ու ցույց տալ, որ մենք բոլորս էլ ընկերասեր ենք եղել, ինչն այսօր վերանում է»:
Շարունակելով, Վ. Սայանին՝ ֆիլմի գլխավոր դերակատարն էլ ասաց, որ ֆիլմն ուսուցողական բնույթ ունի և հավելեց. «Ընկերություն հասկացությանը հիմա սկսել են այլ կերպ նայել, այսինքն՝ եթե ընկերություն են անում, ուրեմն ինչ-որ շահ ունեն: Կոնկրետ այս ֆիլմը ցույց է տալիս, որ ընկերություն պետք է անել նրա համար, որ մարդն արժանի է դրան, այլ ոչ թե որ նրա պապան հարուստ է կամ չգիտեմ՝ ով է»:

Կ. Ունանյանը վստահեցրեց նաև, որ ֆիլմը կոմերցիոն նպատակ չունի: «Եթե ֆիլմը ստեղծվեր փող աշխատելու համար, կնկարեինք 15-20 օրում, այլ ոչ թե երկու ամիս հինգ օրում: Մենք կարող էինք կատակերգական ժանրի ինչ-որ ֆիլմ նկարել և գումար աշխատել, որովհետև մեր ազգը կոմեդիա շատ է սիրում, իսկ մեր ֆիլմը նրա համար է, որ զարգացնենք հայկական կինոարտադրությունը: Ինչո՞ւ նայենք՝ ուրիշներն ինչ են անում ու նախանձենք նրանց, մենք էլ պիտի անենք ու առաջ գնանք»,- ասաց նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930