Հայաստանում Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդի ներմուծումը ԱՄՆ-ի կողմից է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի դիրքորոշում հայտնեց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանը:
«Ֆոնդերը գտնվում են Գերմանիայում, Ամերիկայում եւ Ֆրանսիայում: Այդ գումարները, որ ասում են՝ Սերժը իրան կվերցնի, նման բան չկա: Բոլոր հետխորհրդային պետությունները հինգ տոկոսանոց հարկը վճարում են Ամերիկային, տուրք է Ամերիկային: Դրա համար Ամերիկայի դեսպանը երկու անգամ հայտարարեց, որ այդ օրենքը պիտի մնա, Միջազգային արժեքային հիմնադրամի ներկայացուցիչը երկու անգամ հայտարարեց, որ պիտի մնա օրենքը, քառասուն տարի հետո կասեն՝ չկա ըտենց կենսաթոշակային ֆոնդ, ու մեր կառավարությունը չի կարողանա որեւէ բան անել, որովհետեւ երկիրը ինքնիշխան չէ»,- ասաց նա՝ նկատելով, մեր իշխանությունները վախենում են ոչ թե տնտեսական ճնշումներից, այլ՝ սեփական, անձնական պայմանավորվածությունները խախտելուց:
Պարոն Բոշյանն ուշադրություն հրավիրեց նաեւ նրա վրա, որ մեր Սահմանադրությունը անկախ երկրի Սահմանադրություն չէ: «Գաղութացված երկրի Սահմանադրություն է: 91 թվականից ամերիկացիները մեր համար Սահմանադրություն են գրել, այնտեղ կա մի քանի կետ, որ ոչ մի ձեւ փոփոխել չի լինի,- ասաց պարոն Բոշյանը՝ թվարկելով,- կետ համար մեկ՝ այնտեղ գրված չէ, որ ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է, նրանք դեռ 90-ականներից շատ լավ գիտեին՝ ինչի էին գրում: Հայաստանում կա վեցերորդ հոդված, որն ասում է, որ միջազգային օրենքները գերիշխող են մեր երկրի օրենքների հանդեպ: Այդպիսի բան ԱՄՆ-ի սահմանադրությունը չունի, Ֆրանսիայինը չունի, Հայաստանը ունի»:
Պարոն Բոշյանն ասում է, եթե գծենք աշխարհի քարտեզը եւ նշենք այն պետությունները, որոնք իրենց Սահմանադրության մեջ ունեն նույն վեցերորդ կետ, որոնք չունեն, ապա պարզ կդառնա, որ Հայաստանը Ամերիկայի գաղութն է:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
այո, Պ. Բոշյանը խփել է հենց նշանակետին: Ամեն ինչ գալիս է սահմանադրությունից, ու հիմնական նխատակակետը պետք է ընտրվի հենց գաղութարարական սահմանադրությունից ազատագրվելը: