Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգային գրադարանի տնօրեն. «Ձերբազատվել ենք ՝ «Հալեպից», բոդիբիլդինգից ու կարատեից»

Ապրիլ 17,2014 14:08

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսեց Երեւանում եւ մարզերում ազգային գրադարանի գործունեության մասին, նաեւ անդրադարձավ այն հարցին, թե Ցեղասպանությանը նվիրված ինչ միջոցառումներ են նախատեսվում:

Նա նշեց, որ այս տարվա գլխավոր շեշտադրումներից մեկը կլինի գրատպության թանգարանի հիմնումը. «Հույս ունեմ, որ աշնանը կբացվի թանգարանը»:

Ըստ նրա, հաջորդ կարեւոր աշխատանքը անդրադարձն է լինելու ցեղասպանությանը: Այդ համատեքստում մատենագիտական աշխատանքներ են տարվում 1915-20 թթ. մամուլի արձագանքների հետ կապված:

Մարզերում եւս աշխատանքներ են իրականացվում, սկսվել է գրադարանային շաբաթը: Ազգային գրադարանի տնօրենը մտադիր է հաջորդ տարի մարզային գրադարանների հետ կապված կարգախոս հռչակել. «Մարզային գրադարան, ինչպե՞ս ես»: Ըստ նրա, մարզային գրադարանավարների հետ պարբերաբար իրականացվում են վարպետաց դասեր, եռօրյա ինտենսիվ դասընթացի միջոցով նրանք ծանոթանում են գրադարանավարական ժամանակակից մոտեցումներին ու աշխատաոճին:

Հայաստանի ազգային գրադարանը պատրաստվում է աշնանն անցկացնել գրադարանավարների համաժողով: «Բոլորին կհրավիրենք քննարկելու հայ գրքի համահավաք շտեմարանի ստեղծման եւ հայ պարբերական մամուլի շտեմարանի ստեղծման հարցերը: Հույս ունեմ, որ 4-6 տարվա ընթացքում կձեւավորենք մի գեղեցիկ շտեմարան, որտեղ հայ պարբերական մամուլը հավուր պատշաճի ներկայացված կլինի»,-ասաց նա: Նաեւ տեղեկացրեց, արդեն

1 300000 էջ թվայնացված նյութ ունեն համացանցում՝ ազատ դիտման համար, իսկ, ընդհանուր առմամբ, տպագիր նյութի ծավալը 20 մլն է:

Տիգրան Զարգարյանի համոզմամբ, ընթերցանության ճգնաժամ եւ ընթերցողների պակաս չկա, իրենց ընթերցասրահի 120 աթոռները մշտապես զբաղված են լինում:

Գրադարանի տնօրենը վերջերս է վերադարձել Կալկաթայից, մի քանի օր աշխատել է տեղի Հայոց մարդասիրական վարժարանում: Այնտեղից խնդրել են, որ Հայաստանից ժամանակակից գրականություն ուղարկեն վարժարանի երեխաների համար:

Aravot.am-ի հարցին պատասխանելով, նա ասաց, որ հուլիս ամսից կբարձրանան գրադարանավարների աշխատավարձերը, այս պահին այն 60 հազար դրամ է:

Հետաքրքրվեցինք՝ ի վերջո ձերբազատվե՞լ են իրենց նախկին վարձակալներից: Տիգրան Զարգարյանը դրական պատասխան տվեց, ասաց, որ նախկին «Հալեպ» խանութի փոխարեն այժմ գրախանութ է գործում, կարատեի տեղում՝ գրապահոցներ, բոդիբիլդինգի փոխարեն՝ գրատպության թանգարան կլինի:

Aravot.am-ը պարոն Զարգարյանից, որը նախկինում ԳԱԱ գրադարանի տնօրենն էր, հարցրեց՝ այնտե՞ղ էր իրեն լավ զգում, թե՞ Ազգային գրադարանում: «Իհարկե այնտե՛ղ, ակադեմիական միջավայրը միշտ էլ ուրիշ է եղել եւ ավելի կոմֆորտ, ինչ վերաբերում է Ազգային գրադարանին, այստեղ աշխատանքների ծավալն է մեծացել»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930