Օրերս Իսրայելում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որ Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո ամուսնացել է եւ մայր դարձել, ընդամենը երեք ուսումնամարզական հավաքի մասնակցելով՝ Թել-Ավիվում զբաղեցրեց 5-րդ տեղը`մոտ 90 կիլոգրամով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանցի Տատյանա Կաշիրինային:
Aravot.am-ը մարզուհուց եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանից հետաքրքրվեց, թե Կաշիրինային հաղթել հնարավո՞ր է: «Ես այս անգամ հասկանալի պատճառներով շատ քիչ էի մարզվել ու Թել-Ավիվում իմ առաջնային նպատակը ծանրաձողն ու մրցահարթակը կրկին զգալն էր: Տատյանային հաղթելը թեեւ հեշտ չէ, բայց` հնարավոր է: Դրա համար պետք է շատ մարզվել ու անձնական քաշս բարձրացնել, ինչը չի ստացվում», – ասաց Հռիփսիմեն: Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ավելացրեց. «Որպես մարզիչ վստահաբար ասում եմ. եթե Հռիփսիմեի անձնական քաշը 100-ից թեկուզ 1 կիլոգրամ ավելի լինի, նա կհաղթի Կաշիրինային: Ես դա խոստանում եմ»:
Տատյանա Կաշիրինայի անձնական քաշն Իսրայելում 102,62 կգ էր: Նա երկամարտում ցույց տվեց 323 (143+180) կգ: Հռիփսիմեն 87,30 կգ անձնական քաշով երկամարտում բարձրացրեց 232 (102+130) կգ:
Մասնագետները մի այսպիսի հաշվարկ ունեն. մարզիկի մկանային հյուսվածքի ամեն մի լրացուցիչ կիլոգրամը, եթե ճարպ չէ, երկամարտում նրա արդյունքն ավելացնում է մինչեւ 5 կիլոգրամ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Հռիփսիմե Խուրշուդյանի ֆեյսբուքյան էջից