«Ջավախահայությունը անընդհատ մատը հայրենիքի զարկերակին է, չկա մի գործընթաց, որտեղ չմասնակցի ջավախահայությունը»,- այսօր՝ ապրիլի 17- ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Տաճատ Վարդապետյանը:
Պատգամավորը հայտարարեց, որ կապված վիրահայության հետ՝ լավ սպասելիքներ ունի նոր վարչապետից եւ նոր կառավարությունից, եւ ցանկալի է համարում, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները լինեն ջերմ, քանի որ հարեւան երկրներ ունենք եւ Վրաստանում հայության մեծ համայնք կա. «Նորանշանակ վարչապետը եւ նրա կաբինետը պետք է ավելի կառուցողական աշխատանքներ եւ փոխհարաբերություններ հաստատեն Վրաստանի հետ, որի արդյունքից ակնհայտորեն օգտվում է ջավախահայությունը եւ վիրահայութունը, իսկ մենք այնտեղ չորս հարյուր հազարը գերազանցող հայրենակիցներ ունենք եւ նրանց ճակատագիրը մեզ համար մտահոգիչ է»:
Նա կարծում է, որ պետք է Վրաստանի հետ կապերն ամրապնդել, մանավանդ՝ գիտամշակութային ոլորտում, քանի որ այնտեղ կան հայկական դպրոցներ եւ պետք է, որ նորանշանակ կառավարությունը նպաստի, որ այդ դպրոցները շարունակեն գործել:
Անդրադառնալով ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալու որոշմանը՝ պարոն Վարդապետյանը նշեց, որ դա դեպք չի համարում, այլ պարզապես՝ բնականոն քաղաքական գործընթաց. «Քաղաքական ուժը որոշում է կայացրել, ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, ինչ խոսք, անակնկալ էր նաեւ ինձ համար, որովհետեւ այդպիսի որոշման նախադրյալներ չկային»:
Կարդացեք նաև
Այն հարցին, թե այս պայմաններում, երբ Վրաստանը գնում է դեպի Արեւմուտք, եւ Հայաստանը՝ Ռուսաստան, ինչպե՞ս կարող են կառուցել իրենց հարաբերությունները, Տաճատ Վարդապետյանը պատասխանեց՝ հնարավոր է, որ նման վիճակը ձեռնտու լինի վիրահայության համար, որովհետեւ Վրաստանը Արեւմուտքի առաջ իր ստանձնած պարտականությունները կկատարի.
«Ջավախքը պետք է լինի այն հյուրասեղանը, որտեղ պետք է մեկտեղվեն արեւմտամետ եւ ռուսամետ ուժերի հետաքրքրությունները եւ առանձնապես մտահոգող բան չկա, եթե այն ընթացքը ունենա, ինչը չի վնասի մեր փոխհարաբերություններին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ