ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Բացելով նիստը, ՀՀ վարչապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ, մաղթել քաջառողջություն և արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց:
Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:
Կարդացեք նաև
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:
Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. «Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, – ասել է կառավարության ղեկավարը: – Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»:
Կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է: Կառավարության եզրակացության մեջ մատնանշված են օրինագծի ընդունումը խոչընդոտող ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական պատճառները: Նախագծի հեղինակին առաջարկվում է ՀՀ կառավարության հետ լրացուցիչ քննարկել խնդիրը՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը մասնակի փոխհատուցում է անապահովներին մատակարարված բնական գազի արժեքը
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մոտ 116 մլն դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում անապահով ընտանիքների կողմից 2013թ. ապրիլի 1-ից մինչև 2013թ. հուլիսի 6-ը ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Այսպիսով, անապահով ընտանիքներից 75 խոր. մետր բնական գազի դիմաց 1000 խոր. մետրի համար հաստատված 132 հազար դրամի փոխարեն կգանձվի 100 հազար դրամ:
Կառավարության նիստում ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1993թ. դեկտեմբերի 6-ի «Մաքսային որոշ հարաբերությունների կարգավորման մասին» որոշումը, քանի որ դրանով կարգավորվող հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են ՀՀ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև կառավարության մեկ այլ որոշմամբ:
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագրի 15 մլն եվրո արժողությամբ նախագծին: Երեք փուլից բաղկացած ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդն իրականացվում է: Բարեփոխման շարունակությունն ապահովելու նպատակով KfW բանկի հետ հստակեցվել է նաև ծրագրի երրորդ փուլի ծավալը: Ավարտին է հասցվելու Վանաձոր և Գյումրի քաղաքների ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերի լիարժեք վերականգնումը՝ ապահովելով շուրջօրյա որակյալ ջրամատակարարում: Անհրաժեշտություն է առաջացել համաճարակի առաջացման բարձր ռիսկային գոտում գտնվող Արմավիրի տարածաշրջանում կառուցել կեղտաջրի մաքրման կայան: Առաջին անգամ 10 մլն եվրո ֆինանսավորմամբ ներդրումային ծրագիր է նախատեսվում ջրամատակարարման ընկերությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող 560 համայնքում: Ֆինանսավորման համաձայնագիրը ստորագրելու լիազորություն է տրվել ՀՀ ֆինանսների նախարարին և ՀՀ ՏԿՆ ջրտնտպետկոմի նախագահին:
Պետությունը զիջում է գյուղացիների լրացուցիչ ֆինանսական պարտավորությունները
2007-2014 թվականներին տավարաբուծության զարգացման ծրագրով Հայաստան է ներկրվել ավելի քան 1800 գլուխ տոհմային երինջ, որոնք տարաժամկետ վճարման պայմանով հատկացվել են 60-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի: Նրանց մի մասը ուշացումով է կատարել վճարումները, ինչի հետևանքով ձևավորվել են տույժեր և լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստեղծվել: Կայացված որոշմամբ ուշացման հետևանքով առաջացած տույժերի դիմաց վճարված գումարներն ամբողջությամբ կուղղվեն պայմանագրով նախատեսված մայր գումարի մարմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատման կարգը, հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները, աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը և խնդրին առնչվող բազմաթիվ այլ կարգեր, ցանկեր ու չափանիշներ:
«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի պահանջով կառավարությունը սահմանել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառները:
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար Քուվեյթի Պետության կառավարության կողմից նվիրաբերության պայմանագրի նախագծին: Դեռ 2012 թվականին նախարարությունն այդ խնդրանքով դիմել էր Քուվեյթի դեսպանություն: Ի պատասխան դիմումի Քուվեյթի Պետության կառավարությունը որոշում է կայացրել 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել տուն-ինտերնատում շինարարական աշխատանք կատարելու համար:
Գործադիրն ընդունել է գույք նվիրաբերելու և հանձնելու որոշում, որով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ավելի վաղ կնքված վարկային համաձայնագրով 6 մարզի 43 համայնքում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք բերված գույքը և 4 մարզի 12 համայնքի համար կառուցված ջրարբիացման համակարգերը նվիրաբերվել են կոոպերատիվներին և համայնքներին, իսկ ՓԲԸ-ի համար ձեռք բերված գույքը տրամադրվել է անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով, էականորեն բարելավվել է ծրագրի շահառու հանդիսացող 44 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրում, ընտրական վարչարարության բարձրացում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերազինում և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի հրապարակում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014թ. նախահաշիվը, հավանություն տվել «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019թթ. ռազմավարությանը» և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին:
Առաջարկվում է ներդնել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը և դրանով իսկ ապահովել Եվրոպական կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Օրենքի ընդունմամբ կբարձրանա ՀՀ քաղաքացիների իրավական պաշտպանվածության մակարդակը, քանի որ նրանց կտրամադրվի իրավական պաշտպանության նոր արդյունավետ գործիք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փախստականների և ապաստանի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերին: Ակնկալվում է, որ օրենքների ընդունման դեպքում կնվազի անձը հաստատող փաստաթղթերի կեղծման հավանականությունը, կպարզեցվի և կավտոմատացվի անձի նույնականացման գործընթացը, կմեծանա «անցանկալի» անձանց հայտնաբերման հավանականությունը, փաստաթուղթ տալու համար գանձվող տուրքը չի գերազանցի ներպետական անձնագիր տալու համար գանձվող նվազագույն վճարը:
Գործադիրը հավանություն է տվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Դրա ընդունմամբ նախատեսվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի նույնացման աջակցության և պաշտպանության ՀՀ-ում գործող ընթացակարգերը համապատասխանեցնել Եվրախորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ գործողությունների մասին 107-րդ կոնվենցիայի դրույթների պահանջներին:
Նիստում հավանություն է տրվել «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է սահմանել արտոնագրված անձանց նոր գործառույթները, խթանիչ մեխանիզմներ ստեղծել որոշ ոլորտների համար:
Կառավարության հավանությանն են արժանացել ՀՀ դատական օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում է դատական համակարգ ներդնել դատավորների գնահատման ընթացակարգեր, ինչը հնարավորություն կտա մշակել դատավորների գործունեության, աշխատանքի արդյունավետության մասին դատելու և դատական իշխանության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ մշակելու հարուստ և հուսալի տեղեկատվական շտեմարան:
Նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ