Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-ն առանց Եվրոպայի էլ նորմալ կապրի, իսկ մե՞նք

Ապրիլ 17,2014 13:21

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի երեկ արած հայտարարությունն այն մասին, որ «գրավյալ» յոթ տարածքներն էլ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որպեսզի փախստականները իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան, որն, ի դեպ, հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համարում է տրամաբանական հակադարձումն այն միակողմանի քաղաքականության , որը շարունակում է վարել Հայաստանը`մանավանդ, ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում:

Զուգահեռներ տանելով Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ընթացող զարգացումներին, դրանք պրոեկտելով հայ-ադրբեջանական հավանական զարգացումների վրա, բանախոսը նկատում է, որ Աստված մի արասցե, բայց եթե առաջիկայում հայ-ադրբեջանական լարվածությունը վերաճի անգամ պատերազմի, միջազգային հանրության վերաբերմունքը մեր կողմը չի լինի:

Վկայակոչելով Եվրախորհրդի ԱԳ նախարարների վեհաժողովի քվեարկության արդյունքները, երբ կառույցի անդամ 47 պետություններից Ուկրաինայի հարցի վերաբերյալ ՌԴ-ի օգտին քվեարկեց միայն Հայաստանը, Ստեփան Գրիգորյանն ակնհայտ է համարում Հայաստանի վերաբերյալ վերաբերմունքը, այդ թվում նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը:

Դեմ կամ ձեռնպահ լինելով, արդյոք Հայաստանը ԼՂՀ-ին չէ՞ր վնասի հարցին, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Ես զարմացած եմ եւ վիրավորական եմ համարում հայ ժողովրդի համար, ԼՂՀ-ի եւ Ղրիմի դեպքերի համեմատությունը»: Նա նաեւ մանրամասն վերլուծություն կատարեց`դրանց տարբերությունները ցույց տալու համար, ընդգծելով, որ Ղարաբաղի ժողովուրդը ծանր քաղաքական պայքար է տարել, ապա հաղթանակել`իրեն պարտադրված պատերազմում: Նման զարգացումներ, Ղրիմի դեպքերում, քաղաքագետը չի նկատել:

Անդրադառնալով ՌԴ-ի հետագա ճակատագրին, քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում այդ պետությունը կլքի Եվրախորհուրդը, քանի որ ՌԴ-ում մտադիր են վերականգնել մահապատիժը: Իսկ դա նշանակում է, որ ՌԴ-ն արդեն ավտոմատ կերպով դուրս կմնա այդ միջազգային կառույցից: «ՌԴ-ի պատվիրակությունը հիմա, մինչեւ տարեվերջ զրկված է մի շարք իրավունքներից, այդ թվում նաեւ ձայնի իրավունքից: Մահապատիժը կվերականգնեն, իսկ ես դրանում կասկած չունեմ, քանի որ արդեն երեք տարի է այդ պրոցեսն այնտեղ գնում է, Եվրախորհրդից դուրս կմնան: Մենք`այնտեղ մենակ կմնանք: Քանի որ երբ ՌԴ-ն դեռ կա ԵԽ-ում, մեր պատվիրակները գոնե մարդ ունեն, ում հետ խոսում են, քանզի մեզ հետ ոչ ոք հիմա ոչ հանդիպում է, ոչ խոսում: Նստած սպասում ենք: Այսինքն, ընդհանուր գործընթացին պետք է նայել: ՌԴ-ն հզոր երկիր է, առանց Եվրոպայի իրենք նորմալ էլ կապրեն: Իհարկե, խնդիրներով, բայց`կապրեն: Ինքնաբավ սիստեմ է: Բայց մե՞նք»,- տարակուսեց Ստեփան Գրիգորյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930