Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը կարիերան է զարգացնելու. քաղաքագետ

Ապրիլ 17,2014 13:18

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի գնահատմամբ, վարչապետ դառնալու մեծ շանսեր ուներ նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Նրան չհաջողվեց համոզել  գործող նախագահին՝ իրեն վարչապետ նշանակել, որովհետեւ, ըստ պարոն Բոզոյանի, ՀՀ նախագահն ուներ իր հաշվարկները:

«Արթուր Բաղդասարյանը, այս ամենը հաշվի առնելով, դուրս եկավ իշխանությունից: Նրա հաշվարկը շատ պարզ էր՝  վերջին ժամանակներս կան բոլոր ազդակները, որ իշխանությունը մոտենում է իր մայրամուտին: Արդեն նախագահն է ասում, որ հոգնել է նախագահ աշխատելուց, էլ չի ուզում նախագահ, նույնիսկ վարչապետ ընտրվել, ասում է՝  անսխալական չէ, չի կարող երկար աշխատել: Այսինքն` սա հուշում է՝ պետական իշխանական համակարգում կա ֆունդամենտալ ճգնաժամ»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց քաղաքագետը:

Նա համոզված է, որ Արթուր Բաղդասարյանը ուզում է նոր էջ բացել իր կարիերայի համար՝ հաշվի առնելով, թե 2008-ից հետո ինչպես կորցրեց վարկանիշը. «Նա մտածում է իր ապագայի մասին եւ կփորձի  հասարակության հետ նոր երկխոսություն սկսելով ու  նոր հարցերի պատասխան տալով՝ կապացուցի, որ տարբերվում է  այսօրվա իշխանությունից: Տիգրան Սարգսյանի ֆոնին ցանկացած մարդ կարող է կարիերա անել, որովհետեւ այն, ինչ թողել է Տիգրան Սարգսյանը, որպես ժառանգություն ժողովրդին՝ ուղղակի ասելու բան չէ: Ժողովրդի 10  տոկոսը արտագաղթել է վերջին վեց տարում, մոտ 40%-ը պատրաստվում է հեռանալ Հայաստանից… աննախադեպ ցուցանիշներ են, աշխարհում չկան»:

Պարոն Բոզոյանի համոզմամբ, Արթուր Բաղդասարյանը նորից պետք է բացատրություն տա՝ ինչ կատարվեց 2008-ին ու ներողություն խնդրի, բացատրի՝ ինչու գնաց այդ քայլին եւ հստակ գնահատականներ տա՝ ինչ կատարվեց Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության արդյունքում. «Կարծում եմ, եթե ճիշտ ճանապարհով գնա, հայ ժողովուրդը քրիստոնյա ժողովուրդ է, հայ ժողովրդի գլխավոր նպատակը այս ճգնաժամից դուրս գալն է, ոչ թե ինչ-որ մեկից մուռ հանելը»:

Նա չի հավատում, որ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ը խաղեր է տալիս. «Հայ ժողովուրդը շատ է սիրում խաղերի: Հավատում եմ մարդկային բանականությանը: Կապրենք, կտեսնենք: Նա ինչով պետք է խաղա, ինչ խաղ պետք է խաղա: Շահ չունի այդպիսի խաղ խաղալու»:

Նրա դիտարկմամբ, իշխանությունը կամաց-կամաց փլուզվում է եւ վարչապետի փոփոխությունն էլ ճաքերի մասին է վկայում. «Ոչ իշխանական 4 ուժերի ջանքերի արդյունքում Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց: Չեմ կարծում, որ անձնական որոշում էր, որովհետեւ եթե փայլուն ծրագիր ունենար, հրաժարական չէր տա: Ժամանակը հասունացել էր, իսկ  ժամանակը հասունանում է  այն ժամանակ, երբ մարդը չի կարողանում այլեւս խնդիրները լուծել: Իշխանությունը ստիպված գնաց զիջումների եւ հրաժարական ուղարկեց Տիգրան Սարգսյանին ու քավության նոխազ սարքեց նրան՝ լիցքաթափելու  իրավիճակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930