Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարալլելս Ֆիլմը» անվստահություն է հայտնում «Հայակի» ժյուրիին

Ապրիլ 17,2014 11:50

«Պարալլելս Ֆիլմ» կինոարտադրության հիմնադիր տնօրեն, «Լուսավոր շրջան», «Փասիանի որսորդը», «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմերի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը օրերս Ֆեյսբուքի իր էջում  գրառում էր կատարել ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի նովելների մոտիվներով նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Ազգային կինոյի «Հայակ 2014» մրցանակաբաշխության նոմինացված ֆիլմերի ցանկից հետ կանչելու եւ ժյուրիին անվստահություն հայտնելու մասին:

Aravot.am-ը Հովհաննես Գալստյանին խնդրեց մանրամասնել՝ ո՞րն էր այդ քայլի պատճառը: « Ծանոթանալով «Հայակ 2014»-ի մրցանակաբաշխության ժյուրիին և նոմինացված ֆիլմերի ցանկին, մասնագիտական քննարկումներ անցկացնելով հայկական կինոարտադրության մեջ առաջնային դիրքեր զբաղեցնող կոլեգաների և ընկերությունների հետ, «Պարալլելս Ֆիլմը» որոշում կայացրեց, որ «Հայակ 2014» -ի մրցանակաբաշխությունը չի համապատասխանում «Ազգային ակադեմիական կինոմրցանակաբաշխության» միջազգայնորեն ընդունված չափանիշներին, իսկ մրցանակաբաշխության ժյուրիի թարմացված կազմը չի կարող հավակնել կինոյի ոլորտում մասնագիտական չափորոշիչներ սահմանելու առաքելությանը` ժյուրիի կազմում կինոարվեստում կարևորագույն համարվող մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների ներգրավված չլինելու պատճառով»,-ասաց «Պարալլելս Ֆիլմի» հիմնադիրը:

Նաեւ հավելեց. «Ժյուրիի կազմում բացակայում են միջազգայնորեն ընդունված կամ տեղի շուկայում հաջողություններ արձանագրած ժամանակակից կինոռեժիսորներ, որոնց ավանդը հայ մշակույթում կարող է երաշխավորել նրանց մասնագիտական անկողմնակալությունը: Ժյուրիի կազմում չկա օպերատոր, հնչունային ռեժիսոր, մոնտաժի, հագուստների, գրիմի, լույսի, հատուկ կինեմատոգրաֆիական էֆեկտների մասնագետ: Պրոդյուսեր, դերասան(ուհի) մասնագիտությունները ժյուրիում ներկայացնում է նույն մարդը:

Դասական ազգային կինոմրցանակաբաշխություններում մասնագիտությունը կրողներն են նոմինացնում և որոշում հաղթող կոլեգային, օրինակ` օպերատորներն ընտրում են լավագույն օպերատորին: Այսպիսով` ժյուրիի որոշումը մի շարք անվանակարգերի մասով չի կարող օբյեկտիվ եւ կոմպետենտ համարվել` ժյուրիում այդ մասնագիտությունների ներկայացուցիչների բացակայության պատճառով: Ասեմ ավելին՝ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ բացակայում է «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգը, ինչը նոնսենս է: Ազգային մրցանակաբաշխության կազմակերպիչները չեն կարող նոմինացվել կամ պետք է զերծ մնան ֆիլմերում իրենց մասին հիշատակումից` ժյուրիի վրա ճնշումները բացառելու նպատակով: Կազմակերպիչը նոմինացված է, ինչը եւս նոնսենս է: Համաշխարհային պրակտիկայում ազգային կինոմրցանակաբաշխություններում ներկայացված ֆիլմերը պետք է հաջողություններ արձանագրած լինեն, առնվազն` հայտնի լինեն լայն հանդիսատեսին, մինչդեռ «Հայակի» նոմինացիաներում կան հանրությանն անհայտ ֆիլմեր, ինչը հերթական նոնսենս է»:

Հովհանես Գալստյանը ցավ հայտնելով հայտարարում է. «Ժյուրիի կազմի կամայական ձևավորմամբ` կազմակերպիչները հակասել են իրենց իսկ հռչակած նպատակներին. հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն և ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն»:

Մեր զրուցակիցը, փաստելով, որ «Պարալլելս ֆիլմը» նախորդ տարիներին երեք անգամ «Հայակ» մրցանակաբաշխություններում կրկնակի հաղթել է, հինգ անգամ նոմինացվել, կարեւորեց Ազգային կինոմրցանակաբաշխության գոյությունը եւ կոչ արեց կազմակերպիչներին գնալ մի շարք փոփոխությունների ու քայլերի, այդ թվում` փոփոխություններ կատարել մրցանակաբաշխության կանոնակարգում, զերծ մնալ գեղագիտական լուսանցքային սուբյեկտիվիզմից, հստակ արտահայտվել այս տարվա նոմինացված ֆիլմերի ցանկի մասին եւ այլն:

 

«Հայակի» կազմակերպիչների տեսակետը կներկայացնենք առաջիկայում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930