Այսօր «Հենարան» մամուլի ակումբում խոսելով ԼՂՀ հիմնախնդրի եւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական, ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին ակտիվացած կրակոցների մասին, ինչը նաեւ Մինսկի խմբի համանախագահները փաստեցին, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը չորս հիմնական սկզբունք բերեց: Նախ`քաղաքագետի բնորոշմամբ, ԼՂՀ հարցում բանակցային գործընթացը սառեցված է, բայց կոնֆլիկտը շարունակվում է:
Ապա` Ադրբեջանը սահմաններում պահում է լարվածությունը, քանի որ մտավախություն ունի, որ ԼՂՀ հարցն աշխարհի կողմից կմոռացվի, քանի որ կան ավելի առաջնային հարցեր`Ուկրաինայի եւ ՌԴ-ի հետ կապված:
Երրորդը`վստահության մակարդակի հարցն է. «Անվստահության մակարդակը կոնֆլիկտի կողմերի միջեւ այնքան բարձր է, որ այսօր խոսել ինչ-որ լուծումների մասին՝ անիմաստ է, անգամ եթե ԱԳ նախարարների միջեւ հանդիպումները շարունակվեն»:
Բանախոսը վկայակոչեց, որ նույնիսկ Սարսանգի ջրամբարի հետ կապված, որը կարող է դառնալ Ղարաբաղ-Ադրբեջան համագործակցության հիմք, նորից բաժանման գիծ է ստեղծվում: Նախօրեին Ադրբեջանը կարողացավ ԵԽԽՎ-ի վեհաժողովի օրակարգում ջրամբարի հետ կապված հարց մտցնել:
Կարդացեք նաև
«Վատ է, որ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի առաջարկով քննարկում է այդ հարցը: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ինչ աստառ է տալու: Բայց նման նախաձեռնությունները կշատանան, քանի որ ՌԴ-ի, Ուկրաինայի հարցում մենք միակողմանի դիրքորոշում բռնեցինք: Մենք հերթական անգամ մեկուսացած վիճակում հայտնվեցինք`ՄԱԿ-ի քվեարկության, ԵԽԽՎ-ում պառլամենտական ասամբլեայի քվեարկության ժամանակ: Դա Եվրոպայում մեզ հետ կապված մթնոլորտ է ստեղծում»,- ասաց Ստեփան Գրիգորյանը`հավելելով, որ մեր պատվիրակությունը կարող էր այլ կերպ քվեարկել`գոնե ցույց տալու համար, որ ներսում`պառլամենտում անհամաձայնություն կա: Իհարկե, ԵԽԽՎ-ի պառլամենտական համաժողովի որոշումը պարտադիր չէ կատարման համար, բայց դա եղանակ է ստեղծում:
Բերելով տարբեր օրինակներ, այդ թվում նաեւ Հայաստանին վերաբերվող քվեարկություններից, բանախոսը նկատեց, որ այլ դիրքորոշում արտահայտելու բազում տարբերակներ կան, բայց Հայաստանն ընտրեց ուղիղ ձեւը: Նա վստահ չէ, որ ՄԱԿ-ում ճիշտ էր ի օգուտ Ուկրաինայի քվեարկել, բայց գոնե ձեռնպահ պետք է լինեինք:
Չորրորդը`քաղաքագետը չի բացառում, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի ազդեցությունն այնքան թուլանա, որ խումբը քանդվի`տարածաշրջանային զարգացումների պատճառով. «Նման վտանգը կա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ