Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչու պետք է փոխվի բնապահպանության նախարարը

Ապրիլ 17,2014 14:55

Այս օրերին նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր կառավարություն է ձեւավորում, եւ կառավարության անդամները, բացառությամբ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների, որոնք նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախօրեին վերանշանակվեցին իրենց պաշտոններում (չնայած երեկվա դրությամբ ՀՀ կառավարության կայքէջում այս 2 նախարարները շարունակում էին ներկայանալ որպես պաշտոնակատար), մնացած պաշտոնակատար-նախարարները շունչները պահած սպասում են, թե ով կմնա պաշտոնում եւ ով կհեռանա:

Հաշվի առնելով մեր երկրում առկա մի շարք բնապահպանական խնդիրները՝ «Առավոտի» հետ զրույցում բնապահպանական ուղղվածության հ/կ ղեկավարներ եւ այս դաշտում հայտնի բնապահպաններ հիմնավորումներ ներկայացրին, թե ինչու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որն այժմ իր մի քանի կոլեգաների պես պաշտոնակատար է, չպետք է այլեւս վերանշանակվի այդ պաշտոնում:

«Էկոլոգիական դաշինք» հասարակական կազմակերպության անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը, չցանկանալով խնդիրն անձնավորել, նկատեց. «Մեր բնապահպանության նախարարն իր մասնագիտությամբ շատ հեռու է բնապահպանությունից եւ բնությունից: Այն որոշումները, որ ինքն ընդունում է, հակասում են բնապահպանական բոլոր օրենքներին: Հանքերը շահագործելու թույլտվությունները տրվում են՝ առանց հաշվի առնելու հատուկ պահպանվող տարածքների կարեւորությունը, առանց հաշվի առնելու, որ այդ ամենի արդյունքում մի ամբողջ գյուղ է կանգնած կործանման առաջ»: Տիկին Ադամյանի համոզմամբ՝ Արամ Հարությունյանը բնությանը վերաբերում է որպես բիզնեսի. «Այդ մարդը կոչված է զբաղվելու տնտեսությամբ, զբաղվելու բիզնեսով, նա ոչ մի ընդհանուր բան չունի բնապահպանության հետ: Ինքը բնության մեջ բիզնես է տեսնում, եւ հենց դրա համար էլ նա չպետք է լինի բնապահպանության նախարար: Նա պետք է բնությունը բիզնեսից պաշտպանի, իսկ ինքը հակառակն է անում՝ վաճառում է բնությունը բիզնեսին: Մարդը, որը բնությունը վաճառում է հանուն բիզնեսի, չի կարող լինել բնապահպանության նախարար, չէ՞ որ դա դիրքորոշում է: Նախարարից, նրա մոտեցումներից շատ բան է կախված»:

Սիլվա Ադամյանը որպես օրինակ հիշեցնում է Սեւանից ջուր բաց թողնելու առնչությամբ վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումները, որի ընթացքում Արամ Հարությունյանը, Սիլվա Ադամյանի խոսքերով, խոսել է ամեն ինչի մասին՝ բացի Սեւանին սպառնացող բնապահպանական ռիսկերից. «Ասաց, թե ինչ օգուտ կստանանք Սեւանա լճից, ինչ գյուղատնտեսական նշանակություն ունի Սեւանա լիճը, բայց ոչինչ չասաց բնապահպանական այն լուրջ խնդիրների մասին, որոնց առաջ այսօր կանգնած է Սեւանա լիճը, որը մեր ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունի: Մարդը տեսնում է բնության մեջ միայն բիզնես եւ տնտեսական շահ, այդպիսի մարդն իրավունք չունի լինելու բնապահպանության նախարար: Նա գոնե պետք է ունենար կենսաբանական կրթություն, ինչը որ նրան հնարավորություն կտար հասկանալու խնդիրները: Մարդն այդ կրթությունն էլ չունի, ուրեմն եկեք մտածենք, որ այնպիսի մարդ պետք է լինի, որ նախ՝ կրթական մակարդակով, մենթալիտետով մոտիկ լինի այդ խնդիրներին, եւ ինքը հասկանա իր կոչումը, որ ինքը կոչված է Հայաստանի Հանրապետության բնությունը պաշտպանելու, այլ ոչ թե վաճառքի հանելու»:

«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանն էլ կարծում է, որ ոչ միայն բնապահպանության նախարարը, այլեւ մնացած ոլորտները ղեկավարող նախարարները նույնպես «ֆունկցիոնալ առումով գոյություն չունեն», քանի որ նրանց փոխարեն էլ «թագավորն է» որոշում կայացնում. «Կա թագավորի կարգադրություն՝ դա նախագահն է, եւ բոլոր այդ նախարարները իրականում աշխատավարձ են ստանում մանր-մունր գործերի համար, բայց պետության, ժողովրդի համար նրանք ընդհանրապես աշխատանք չեն տանում, քանի որ նրանք նաեւ զրկված են այդ հնարավորությունից: Այսօր Հայաստանում ամենացցուն խնդիրը հանքարդյունաբերությունն է, որն իրականում Հայաստան աշխարհը դարձնելու է անմարդաբնակ անապատ: Կա Վարդան Այվազյան եւ մյուսները, եւ նրանք շատ լավ գիտեն, թե ում ինչ հանքավայրեր են տվել: Եթե վարչապետն իրոք իրեն համարում է հայ մարդ եւ ՀՀ վարչապետ, պետք է Սերժ Սարգսյանի կուրսում փոփոխություններ մտցնի, նախագահին ասի՝ կամ ինձ թույլ եք տալիս աշխատել որպես վարչապետ, կամ քո պաշտոնը՝ քեզ, բայց իրականում նախագահը նաեւ գործադիր իշխանության ղեկավարն է»:

Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին, ապա Հակոբ Սանասարյանը տարիների փորձով է համոզվել, որ այս նախարարը ոլորտում «ավերածություններ» է արել եւ իր գիտելիքներով հեռու է ոլորտից: Բնապահպանի կարծիքով՝ ոչ մասնագետ մարդուն այս կամ այն ոլորտի ղեկավար նշանակելն իր պատճառներն ունի. «Դա նույնպես հատուկ է արված, որպեսզի ոլորտում աշխատող առաջին դեմքը՝ նախարարը, փաստաթղթերը ստորագրելիս եւ ծրագրերն իրականացնելիս չխորանա ու չհասկանա՝ լա՞վ գործ է անում, թե՞ վատ գործ, այստեղ այնպիսի բարդ իրավիճակ է, որ նախարարներին քարկոծելը այդքան էլ ճիշտ չէ, նրանք ուղղակի դժբախտ վիճակում են, իսկ այն նախարարները, որոնք գիտակցում են իրենց դերը եւ կարողություններ ունեն աշխատելու, շատ դժբախտ են, քանի որ նրանց թույլ չեն տալիս աշխատել: Եթե նոր վարչապետը ուզում է բնապահպանության ոլորտը ուշքի բերել, ապա պետք է այդ պաշտոնում ոչ թե ընկեր-բարեկամի նշանակի, այլ մի հայտնի ակադեմիկոսի, պրոֆեսորի, որը բնապահպանության բնագավառում, ասենք, լուրջ հաջողություններ ունի»:
Հակոբ Սանասարյանի ներկայացմամբ, օրինակ՝ մեր երկրի արգելոցների, արգելավայրերի տնօրենները հիմնականում ոլորտի հետ կապ չունեցող, պատահական մարդիկ են, մինչդեռ, ըստ բնապահպանի, Ռուսաստանում բնապահպանական այդ օբյեկտները ղեկավարում են հայտնի ակադեմիկոսներ, պրոֆեսորներ եւ գիտնականներ, քանի որ հատուկ պահպանվող տարածքները գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ ունեն:

Բնապահպանության նախկին նախարար, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում, որպես նախկին նախարար, էթիկայի տեսանկյունից նպատակահարմար չգտավ խոսել Արամ Հարությունյանի՝ բնապահպանության նախարարի պաշտոնում մնալ-չմնալուց, սակայն մատնանշեց այն խնդիրները, որոնք այսօր մեր երկրի համար բնապահպանական լուրջ սպառնալիք են ներկայացնում:

Տիկին Դանիելյանը ամենամեծ խնդիրը համարում է «անխնա ու անվերահսկելի» ընդերքօգտագործումը. «Մենք այսօր արդեն ունենք 19 խոշոր պոչամբարներ, որոնք ծանր մետաղներով եւ տարբեր թունաքիմիկատներով թունավորում են շրջակա միջավայրը: Օրեցօր ընդլայնվում է ընդերքօգտագործումը, ընդ որում՝ բաց հանքերի տեսքով, եւ նույնիսկ հիմա միտում կա անտառապատ տարածքներում բաց հանքեր շահագործելու, ինչպես որ եղավ Թեղուտի դեպքում, եւ այդ նախադեպը հիմա սկսում է ընդլայնվել»:
Ըստ նրա՝ այդ ամենը հետեւանք է տնտեսական գործունեության. «Ամբողջ տնտեսական գործունեությունը պետք է փոխվի, մեզ «բարեհաջող» իջեցրին հումքային կցորդ երկրի կարգավիճակի, որ մնացած արտադրությունները փակվեն, քայքայվեն, մնա ընդերքը: Դա կործանարար է եւ էկոլոգիայի, եւ տնտեսության, եւ բնակչության առողջության համար»:
Կարինե Դանիելյանի ներկայացմամբ՝ մեկ այլ բնապահպանական մարտահրավեր է անտառների վերականգնումն ու կենսաբազմազանության պահպանումը. «Դա մեր ամենամեծ հարստությունն է, մեր գենետիկական ռեսուրսները, որը մենք դեռ լիարժեք չենք գնահատում»:

Բնապահպանության նախկին նախարարն անդրադառնալով Արարատյան դաշտի արտեզյան ավազանի խնդրին՝ ասաց. «Այդ ջրերը ուղղակի գիշատիչ կերպով օգտագործվել են 7-10 տարվա ընթացքում, մենք կրկնակի ջրառ ենք իրականացրել, ինչի հետեւանքով, կարելի է ասել, Հայաստանի զգալի տարածքը կանգնած է անապատացման վտանգի առջեւ»:

Ըստ նրա՝ Սեւանա լճի խնդիրը, որը վերջին տարիներին վերջապես սկսվել էր լուծվել եւ ջրի մակարդակի բարձրացմամբ բոլոր ցուցանիշները՝ ջրի որակ եւ այլն, սկսել էին լավանալ, կառավարության մեկ որոշմամբ «ջուրը կընկնեն»:

Խոսքն այն մասին է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սեւանա լճից պետք է ջրառը ավելացնել, որպեսզի 5 տարվա ընթացքում Արարատյան դաշտում ստեղծված վիճակը բարելավվի, ինչը, բնապահպանի համոզմամբ, Սեւանի համար լուրջ կորուստ կլինի:
Տիկին Դանիելյանը մատնանշում է նաեւ հանրապետության քաղաքների, մասնավորապես՝ Երեւանի քաղաքաշինությունը, որն անկախության տարիներից ի վեր կրկնապատկվել է եւ տասնապատկվել, ինչը մայրաքաղաքի համար էկոլոգիական եւ սեյսմիկ ռիսկեր է առաջացրել:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930