Լրահոս
Օրվա լրահոսը

Հետագայում հասկացա, թե որքան ճիշտ էր Շահեն Մեղրյանը

Ապրիլ 17,2014 14:35

Շահեն Մեղրյանը զոհվեց 41 տարեկանում

1993թ. ապրիլի 17-ին նրա կյանքն ընդհատվեց թռիչքի պահին, երբ ռազմական ուղղաթիռով Շահումյանից Հայաստան էր գալիս՝ ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպելու նպատակով:

Մեղրյանը զոհվեց իր զինվորների հետ, որոնց հետ էլ ամփոփվեց Եռաբլուր-Պանթեոնում:
1993թ. ապրիլի 24-ին «Գարուն» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Լեւոն Անանյանը պիտի գրեր. «Եկել է Հերոսների ժամանակը: Ու նրանց մեջ է օրերս զոհված Շահեն Մեղրյանը, որի խիզախ ոգին դեռ երկար կճախրի հայրենի Գյուլիստանի երկնակամարում՝ հսկելու նրա ազատության նորաբաց առավոտը»:

Իսկ Ցվետանա Պասկալեւան 1998թ. ապրիլի 18-ին հիշելու էր. «Բուզլուխի, Մանաշիդի, եւ մարդկային ծանր կորուստներն անճանաչելի փոխել էին Շահենի աչքերի արտահայտությունը: Ես այսօր էլ հիշում եմ նրա բառերը. «Այս ողբերգական առաջին կորուստները մի մեծ պատերազմի սկիզբ են միայն»:

Հետագայում հասկացա, թե որքան ճիշտ էր նա»:

Քաղաքական գործչի, նախկին պատգամավորի, ինքնապաշտպանական ջոկատների ակտիվ կազմակերպչի երազանքն էր Շահումյանից բռնագաղթված 20 հազար շահումյանցիների հայրենիք վերադարձը:

«Շահենը, եթե չզոհվեր, Շահումյանը կազատագրվեր: Նրա պակասությունը ես եւ բոլոր շահումյանցիներս շատ ենք զգում»,- ասել էր պրոֆեսոր Հենրիկ Սեփյանը:
Մենք չպետք է մոռանանք, որ շնորհիվ Շահեն Մեղրյանի՝ մենք ունենք Մարտակերտի ազատագրված տարածքի մի մաս եւ Քելբաջարի շրջան:

Շահեն Մեղրյանի ծննդյան օրը նրա մարտական ընկերները, հարազատներն այցելում են Եռաբլուր-Պանթեոն:

Նա Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանի կողմից հետմահու պարգեւատրվել է «Սուրբ Գրիգորիս» շքանշանով:

Գյուլիստանի արծվի մասին բազմաթիվ երգեր են գրվել, բանաստեղծություններ, հուշեր, գրքեր: Նա ժողովրդական ամենասիրելի հերոսներից մեկն է՝ հայրենապաշտության անկրկնելի կերպար:

Հիշում եմ արձակագիր Ռուբեն Հովսեփյանի պատմություններից մեկը. «Ես հիմա չեմ կարող պատմել այնպես հրաշալի, ինչպես Շահենն ինքը պատմեց Երիցմանկանց եկեղեցու մասին, որ անակնկալ հայտնվել էր հայդուկների նահանջի ձյունոտ, անտառոտ, կիրճ ու ձորոտ ճանապարհին:

Բայց ես նրա նկարագրածով պարզորոշ տեսնում եմ մարդահասակ ձյան շերտով շրջապատված այդ եկեղեցին, որի չորս բոլորը, գավիթը՝ մաքուր եւ չոր էր, սակայն ինչպես մաքուր եւ չոր լինում է գետինը գարնանը, ձնհալից հետո:

Եկեղեցու պատե՞րն էին ջերմություն արձակում, թե՞ Աստված էր գարուն իջեցրել երկիր՝ օգնելու տառապյալներին: Իսկ մասրենիների թփերից կախ-կախ ծանրացել էին ձյան բարուրից դուրս պրծած կարմիր ողկույզները: Եվ ուրիշ ոչինչ: Պատմեց ու արտասվեց Շահենը: Այդ պատկերը կարո՞ղ էր հանգիստ տալ նրան»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930