Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Արտակ Ոսկանյանը քրեորեն դատապարտելի է որակում իր հանդեպ Լոռու մարզի դատարանում տեղի ունեցած միջադեպը

Ապրիլ 17,2014 14:45

Նրա պաշտպանյալի մայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արտակ Ոսկանյանի հանդեպ ապրիլի 11-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Վանաձորի նստավայրում տեղի ունեցած միջադեպը վրդովմունք է առաջացրել Լոռու մարզի մի խումբ փաստաբանների շրջանում:

Առանձնապես խոշոր չափերով ավազակություն եւ գողություն կատարելը կազմակերպելու մեջ մեղադրվող Համայակ Սահակյանի նկատմամբ ընթացող դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալի փաստաբան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը:

Լոռու մարզի փաստաբանները դատավորի արարքը անօրինական են որակել եւ հանդես են եկել դատապարտող հայտարարությամբ:

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համայակ Սահակյանի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի ապրիլի 11-ի դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալի պաշտպան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը: Երբ պաշտպան Արտակ Ոսկանյանը փորձել է ճշտել, թե երբ, օրենքով սահմանված որ հիմքով է հեռացվել վարույթից եւ ինչու, այդ մասին իրեն տեղյակ չի պահվել, դատավորը հայտնել է, թե բացատրություն տալու պարտականություն չունի եւ առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում:

Ի պատասխան դատավորի այդ գործողությունների՝ փաստաբան Արտակ Ոսկանյանը ներկայացրել է գրավոր դիմում այն մասին, որ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը (քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը), ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 71-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը (անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ՝ նրա պաշտպանությունն ստանձնելու պահից), տեղյակ է պահել այն մասին, որ մեղադրյալն իր ընտրությամբ հրավիրել է իրեն քրեական գործով հանդես գալու որպես իր պաշտպան, որի հիման վրա նշված քր. գործով ստանձնել է մեղադրյալի պաշտպանությունը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ձեռք է բերել վերջինիս պաշտպանի իրավավիճակ: Դիմումին կից ներկայացվել է փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաեւ մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը՝ 11.04.2014թ. գրավոր դիմումը, որով մեղադրյալը գրավոր տեղեկացրել է դատարանին այն մասին, որ քր. գործի քննությանը որպես իր պաշտպան հանդես է գալու փաստաբան Արտակ Ոսկանյանը: Միաժամանակ մեղադրյալն այդ մասին եւս մի քանի անգամ հայտարարել է դատական նիստում եւ պնդել, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Ա. Ոսկանյանը:

Այսինքն` փաստաբան Արտակ Ոսկանյանի կողմից ներկայացվել են օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը եւ վերջինս օրենքի ուժով ձեռք է բերել պաշտպանի կարգավիճակ, որի մասին պաշտոնապես տեղյակ է պահել դատարանին: Այդուհանդերձ, թեեւ փաստաբանը պաշտպանի կարգավիճակ ձեռք է բերում օրենքի ուժով, ոչ թե դատարանի թույլտվությամբ, դատավորը Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել հանդես գալու որպես պաշտպան եւ կրկին առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում: Երբ մեղադրյալը եւ Արտակ Ոսկանյանը կրկին առարկել են դատավորի ապօրինի գործողությունների դեմ՝ մեկ անգամ եւս վկայակոչելով սահմանադրական ու կոնվենցիոն նորմերի պահանջները, դատավոր Սուրեն Բաղդասարյանը դիմել է աննախադեպ քայլի. որոշում է կայացրել Արտակ Ոսկանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ վերջինիս որպես քաղաքացի հեռացնել դատական նիստերի դահլիճից, եւ կարգադրել է դատական կարգադիչներին ի կատար ածել դատարանի որոշումը, ինչն էլ կատարվել է: Մինչդեռ դատարանը փաստաբանի նկատմամբ նման դատական սանկցիա կիրառելու իրավասություն չունի:

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաեւ խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Արտահայտելով մեր խորին վրդովմունքը դատավոր Սուրեն Բաղդասարյանի ապօրինի գործողությունների կապակցությամբ՝ կոչ ենք անում վերացնել թույլ տրված խախտումները եւ հետայսու ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ օրենքով չնախատեսված գործողություններ կատարելուց»,- ասված է փաստաբանների հայտարարության մեջ:
Արտակ Ոսկանյանը «Առավոտի» հետ զրույցում անօրինական ու քրեորեն դատապարտելի է որակում դատավոր Սուրեն Բաղդասարյանի գործողությունները եւ տեղեկացնում, որ ինքն արդեն 4 տարի է, ինչ ստանձնել է Համայակ Սահակյանի պաշտպանությունը` պարտավորվելով մինչեւ գործի ավարտը պաշտպանել նրան:

«4 տարի է, ինչ պաշտպանում եմ Համայակ Սահակյանին, ժամկետի խնդիր բացարձակ չի եղել, ես միշտ իմ պայմանագրերը կնքում եմ մինչեւ գործի ավարտը, ոչ թե ասենք՝ մեկ ամսով կամ երկու»,- ասում է փաստաբան Արտակ Ոսկանյանը` նկատելով, որ իրեն անգամ չեն հայտնել վարույթից հեռացվելու ժամկետի եւ պատճառների մասին:
«Ես մինչեւ հիմա չգիտեմ, թե երբվանից եմ զրկվել վարույթից եւ ինչու, ինչ հիմնավորումներով, դատավորն ասում է, որ ինքը բացատրություն տալու պարտականություն չունի»,- ասում է Արտակ Ոսկանյանը:

Արտակ Ոսկանյանը տեղեկացնում է, որ մեղադրյալ Համայակ Սահակյանի մայրը` Արփիկ Աջամյանը, դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից հանցագործություն կատարելու փաստի առթիվ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին:

«Հաղորդման մեջ Արփիկ Աջամյանը հայտնել է, դատավորը որդու փաստաբանին խոչընդոտում է իր լիազորությունները կատարելուց, ինչը Քրեական օրենսգրքով դատապարտելի արարք է»,- եզրափակում է Արտակ Ոսկանյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930