Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հանցավոր կզգամ, որ զավակներս հայկական դպրոց տված չեմ…»

Ապրիլ 17,2014 14:25

Խաչատրյանապաշտ Դորա Սերվիարյան-Կյունը
նաեւ ֆիլմով է քարոզում կոմպոզիտորին

Ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Դորա Սերվիարյան-Կյունի մեկնաբանմամբ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը ներառված է 21-րդ դարի «Platinium Series»-ի հատուկ թողարկման մեջ: Իսկ 1996թ. դիրիժոր Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ այս կոնցերտի կատարումը, որի ձայնագրությունն իրականացրել ու թողարկել է բրիտանական ASV ստուդիան, արժանացել է հանրահայտ Gramophone ամսագրի «Քննադատների ընտրություն» մրցանակին: Խաչատրյանական երաժշտությունը հայուհու «ընթերցմամբ» տարիներ շարունակ հեռարձակվում է հանրահայտ A&E հեռուստաալիքով՝ «Նախաճաշ արվեստի ընկերակցությամբ» ծրագրով:

Ծնունդով Լիբանանից դաշնակահարը դեռեւս 13 տարեկանում արժանացել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի Երաժշտական ինստիտուտի առաջին մրցանակին: Այնուհետեւ կատարելագործվել է Նյու Յորքի հայտնի Eastman School of Music-ում, որի հայտարարած հիշյալ կոնցերտի մրցույթում դարձյալ ճանաչվել է առաջինը: Մի խոսքով՝ Դորա Սերվիարյան-Կյունը Խաչատրյանի կոնցերտի արդեն մի քանի տասնամյակ տարածողն է աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, առաջատար նվագախմբերի ու դիրիժորների ընկերակցությամբ: Եվ միանշանակ կարելի է ասել, որ Խաչատրյանի կոնցերտը ճակատագրական դեր է ունեցել նրա կյանքում: Իհարկե, սա բազմափորձ արվեստագետի հարուստ նվագացանկի ընդամենը փոքր մասն է:

Դորա Սերվիարյան-Կյունը ժամանակին նաեւ հանդես է եկել իբրեւ «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր, որը 2003թ. Հոլիվուդի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակի ու «Video Arts International» ընկերության կողմից տարածվել DVD ձեւաչափով: Կոնցերտն այստեղ նույնպես հնչում է մեր հայրենակցուհու մեկնաբանմամբ:

«Առավոտի» հետ զրույցում Դորա Սերվիարյան-Կյունը խոսելով ֆիլմի մասին ու կարեւորելով նաեւ վերջինիս միջոցով Խաչատրյանի մշտական «ներկայությունը» աշխարհում, ասաց, որ ֆիլմի գաղափարն իրենն է, նկարի ռեժիսորն է աշխարհահռչակ Փիթեր Ռոզենը: Վերջինս իր վավերագրական ֆիլմաշարում անմահացրել է աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների ու երաժիշտ կատարողների: «Այս ֆիլմի իրականացմանը մասնակցել են Լորիս Ճգնավորյանի որդին՝ Զարեհը, տղաս՝ Ահարոնը եւ այլն»,- հավելեց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք դստեր՝ դերասանուհի Դանիելայի ստեղծագործական ճակատագրով: Մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր եւ ինքնաքննադատական. «Ամեն ինչ ok է… Սակայն հանցավոր կզգամ զինքս, որ զավակներս հայկական դպրոց տված չեմ…»:

Դորա Սերվիարյան-Կյունը շեշտեց, թե կասկած չունի, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 17 տարի անց մեծանուն կոմպոզիտորի վերոնշյալ ստեղծագործության կատարումը Երեւանում կգոհացնի հանդիսատեսին: Ասաց նաեւ, որ հաջորդ օրը «Արամ Խաչատրյան» վավերագրական ֆիլմը կցուցադրվի «Մոսկվա» կինոթատրոնում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930