Ապրիլի 15-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանն Իտալիայի սենատում հանդիպում ունեցավ Իտալիայի խորհրդարանի` Հայաստանի հետ բարեկամության խմբի խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև նախկին գումարման պատգամավորների պալատում Հայաստանի հետ բարեկամության խմբի հիմնադիրներ Ալբերտինա Սոլիանին, Ֆրանկո Աշիուտին և Ռենատո Ֆարինան:
Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը ներկայացրեց հայ-իտալական հարաբերությունների անցած ուղին և զարգացման հեռանկարները, Հայաստանի տնտեսական հնարավորությունները, արտաքին քաղաքական գերակայությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը: ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Սիրիայի իրավիճակին և այդ ենթատեքստում՝ սիրիահայության անվտանգության և հումանիտար խնդիրներին, ինչպես նաև իտալական կողմից քեսաբահայությանն օգնություն ցուցաբերելու հնարավորություններին: Խոսելով երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման հարցում խորհրդարանական դիվանագիտության դերի մասին` դեսպան Ղազարյանն ընդգծեց փոխայցելությունների ու ուղիղ կապերի հաստատման, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության կարևորությունը:
Իրենց խոսքում Իտալացի խորհրդարանականներն անդրադարձան հայ-իտալական պատմական առնչություններին և Իտալիայում հայկական համայնքի ներկայությանը, այն քաղաքակրթական ընդհանրություններին, որ ունեն երկու բարեկամ ժողովուրդները: Նրանք կարևորեցին երկու երկրների խորհրդարանականների միջև կապերի զարգացումը և այդ նպատակով գործնական քայլերի նախաձեռնումն ու ծրագրերի իրականացումը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց ներդրումն ունենալ Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու գործում: Ելույթ ունեցողները խոսեցին նաև Հայոց ցեղասպանության մասին` կարևորելով Իտալիայի հասարակության շրջանում հարցի լայն ճանաչելիության ապահովումը: Պատգամավոր Ֆլավիա Նարդելլի Պիկկոլինկարևորեց կրթամշակութային և գիտական կապերի զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը:
Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը դեսպանության հուշամեդալներ հանձնեց խմբի անդամներ Սանդրա Ձամպային, Ալբերտինա Սոլիանիին և Ֆրանկո Աշիուտիին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ