«Քրիստոս խաչը բարձրացավ` կամավոր կերպով մահը հանձն առնելով, բայց եւ՝ իր մահվամբ հաղթելով մահին եւ հարությամբ մեզ կյանք պարգեւելով»,- նշում է Մայր Աթոռի միաբան տեր Երեմիա աբեղա Աբգարյանը:
Հայր սուրբի խոսքով՝ Ավագ շաբաթը մեզ հրավեր է՝ մասնակիցը լինելու Քրիստոսի փրկագործական կյանքին, հաղորդ դառնալու Աստծո` հանդեպ մարդն ունեցած անսահման սիրուն:
«Հաճախ մեր կյանքում հանդիպում ենք այնպիսի երեւույթների, որոնք անհաղթահարելի եւ անիրագործելի են թվում, սակայն իրականում որեւէ խնդիր անլուծելի չէ, պարզապես մեզ վստահություն ներշնչող հավատք է անհրաժեշտ, որպեսզի անկարելին կարելի դարձնենք: Ի՞նչ է սովորեցնում Հիսուս մեզ. եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենանք, ապա կարող ենք նույնիսկ լեռներ շարժել: Ցավ է, որ մեր կյանքում առկա բազում խնդիրները փորձում ենք մարդկանց միջամտությամբ կարգավորել եւ Աստծուն ենք փնտրում մեր մարդկային անզորությունը գիտակցելիս միայն՝ առանց ընդունելու, որ Աստված է հույս ու ապավեն: Ուրեմն՝ լավ է նախապես «Աստծուն հուսալ, քան մարդկանց ապավինել»,- այս խոսքերը միշտ եւ ամենուրեք նշանաբան են եղել ավանդապահ եւ եկեղեցասեր ընտանիքում մեծացած մեր զրուցակցի համար: «Ինձ երբեւէ այլ ասպարեզում եւ այլ մասնագիտության տեր չեմ պատկերացրել. ինձ հոգեհարազատ ճանապարհն այստեղ է»,- ասում է հայր սուրբը: Նա հիշում է, որ անգամ 15 տարեկանում պատրաստ էր գնալ եւ սովորել Երուսաղեմում՝ իմանալով, որ տարիներ շարունակ հարազատներից հեռու է լինելու. «Հստակ պատկերացում չունեի, թե ինչ է սպասվում ինձ, սակայն հավատում ու վստահում էի Տիրոջը, պատրաստ էի հոգեւոր ծառայությանը»: Այնուամենայնիվ, ծնողներից հեռու չլինելու համար, նա պետք է ճեմարանում սովորեր: «Հայրենիքի հանդեպ պարտքս կատարելուց հետո, թեեւ հնարավորություն ունեի քննություններ հանձնելու եւ սովորելու իրավաբանության ֆակուլտետում, այնուամենայնիվ, ներքին մղումով որոշեցի ուժերս փորձել ճեմարանում: Մտածեցի, որ եթե Աստծո կամքն է, որ ես հոգեւորական դառնամ, կընդունվեմ: Եվ հաջողվեց»,- ասում է հայր սուրբը ու երբեք չի զղջացել այստեղ գալու համար: Իսկ մեր հարցին՝ թե հե՞շտ է, արդյոք, հաստատուն մնալ կոչումի եւ առաքելության մեջ, նա պատասխանում է, որ Աստված միշտ ուժ է տալիս եւ զորավիգ է լինում. «Եթե Ադամն ու Եվան դրախտում, երբ Աստծո ոտնաձայններն էին լսում, դարձյալ մեղք գործեցին, ապա մեր պայմաններում առավել քան հեշտ է սխալվելը: Սակայն անկեղծ զղջումը, սուրբ սիրտն ու խոնարհ հոգին, Աստված չի արհամարհում: Նա միշտ պատրաստ է ընդունելու մեզ: Եվ հենց քառասնօրյա պահքը, Ավագ շաբաթվա այս օրերը լավագույն շրջանն են՝ քննելու ինքներս մեզ, մեր հոգուց ներս նայելու, մաքրելու ամեն ապականությունից, որպեսզի «Աստծո հոգին գա եւ բնակվի այնտեղ»:
Հոգեւորականի խոսքով՝ Ավագ շաբաթը զղջման, ապաշխարության, ներման, աստվածսիրության, հաշտության եւ ինքնամաքրման շրջան է. «Քրիստոս լվաց աշակերտների ոտքերը՝ այդպիսով խոնարհության ու հեզության օրինակ տալով յուրաքանչյուրիս: Խոնարհությունը պետք է մեր էության մի մասնիկը կազմի՝ արտահայտվելով յուրաքանչյուրիս` թե՛ հոգեւորականի, թե՛ հասարակ քաղաքացու, թե՛ պաշտոնյայի արարքի ու խոսքերի մեջ»:
ՄԱՐԻԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ