Կրկնեմ վերջին օրերին շատերի արտահայտած միտքը. վարչապետի անձը ոչինչ չի որոշում այն քրեաօլիգարխիկ, մոնոպոլացված եւ գողական «սխոդկայով» քվոտավորված տնտեսական համակարգում, որը ձեւավորվել է վերջին 15 տարում: Եվ այն, ինչ նախորդ մեկ շաբաթում կատարվեց Հայաստանի իշխող վերնախավում՝ վաղուց արդեն հետաքրքիր չէ: Տասներեքերորդ վարչապետի անունը հայտնի էր բոլորին, միայն Սերժ Սարգսյանն էր ձգում-ձգձգում՝ մինչեւ Սահմանադրությամբ նախատեսված վերջին օրը: Ինչո՞ւ: Ընկերս կասեր՝ «բուռն գործունեության պատրանք էր ստեղծում»՝ խորհրդատվությունների իմիտացիա. տեսե՛ք, մենք ինչ ժողովրդավար ենք, տեսե՛ք, խորհրդակցում ենք, դեռ գցում-բռնում ենք, թեպետ հետո իր հայտարարությամբ էլ հաստատեց, որ նշանակումը ժողովրդավարության հետ ոչ մի կապ չուներ (տե՛ս ):
Թատրոնն այդ ուղղակի ծիծաղելի էր եւ սովետական-կոմունիստական գործելակերպ էր հիշեցնում. սովետում էլ այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը նախ հաստատվում էր կուսակցության բյուրոյում (նայած պաշտոնի մակարդակից՝ շրջկոմի բյուրոյից սկսած մինչեւ ՀԿԿ Կենտկոմի բյուրո կամ ՍՄԿԿ քաղբյուրո), հետո՝ մարդը նշանակվում էր իր պաշտոնին: Բյուրոյով հաստատվելիս մարդը շնորհակալություն էր հայտնում «հարազատ կուսակցությանը եւ անձամբ թանկագին Լեոնիդ Իլյիչին (ՀԿԿ առաջին քարտուղարին կամ շրջկոմի քարտուղարին)՝ բարձր վստահության համար» (թե վստահության բարձրը որն է, դա էլ միայն իրենք գիտեին):
Այս կարոտաբաղձ նկարագրության ֆոնին նորից հիշեք 13-րդ վարչապետի նշանակումը: Նրա անունը հայտարարում է ոչ թե Բաղրամյան 26-ը, այլ մի ինչ-որ (թող որ խորհրդարանում մեծամասնություն ունեցող) կուսակցության գրասենյակը. վարչապետի թեկնածությունը միահամուռ «ադաբրյամս» է ստանում այդ կուսակցությունում: Ու հետո, պաշտոնական հաղորդագրությամբ, ներկայացվում է կուսակցության կողմից վարչապետ առաջադրված անձի ելույթը (տե՛ս ), որն սկսվում է այսպես. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման եւ այդ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս այս ուժեղ եւ հիմնավոր աջակցության համար» (թե աջակցության ուժեղն ու հիմնավորը որն է, դա էլ միայն իրենք կիմանան): Տարբերություն տեսա՞ք: Երեւի սովետի կարոտաբաղձությունն էր խեղդում այս բառերը արտասանելիս:
Կոմունիստական անցյալի նամշահոտ էր գալիս նախորդ շաբաթվա եւս մի միջոցառումից, որ պատշաճ ուշադրության չարժանացավ: Մինչդեռ արժեր, որովհետեւ դա եւ այդ մասին տարածված պաշտոնական հաղորդագրությունը եւս մի անգամ վկայեցին, որ կեղծված ընտրություններով իրենք իրենց իշխանություն հռչակածները ուղիղ գծով վերադառնում են դեպի կոմունիստական միակուսակցական անցյալ: Խոսքը Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ Երեւանի Կենտրոնի «Սայաթ-Նովա-2» սկզբնական կազմակերպություն այցելության եւ դրա վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությանն է վերաբերում (տե՛ս ): Ուրիշ ո՞ր՝ բացի կոմունիստական կարոտաբաղձությամբ տառապող երկրում կտեսնեք մամլո հաղորդագրություն, որտեղ խոսվում է ինչ-որ մեկի՝ ինչ-որ մի կուսակցության, ինչ-որ մի հերթական համագումարի պատվիրակ միահամուռ ընտրվելու մասին: Շատ էր հիշեցնում «թանկագին ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի» դեպուտատ առաջադրվելու պատմությունը Մոսկվայի Բաբուշկինյան շրջանից: Միահամուռ: Օվացիաների ներքո ընկ. Բրեժնեւն առաջադրվում էր: Հետո սկսվում էր առաջադրումների շքերթը, ԽՍՀՄ ողջ տարածքում, բոլոր ընտրական օկրուգներում թեկնածու էին առաջադրում թանկագին «գենսեկին» եւ մի բանվորի կամ մտավորականի, կամ կուսակցական գործչի: «Թանկագին գենսեկը» հետո մեծահոգաբար հայտարարում էր, որ ինքը կարող է ընտրվել միայն մեկ օկրուգից, բայց շնորհակալ է սովետական ժողովրդից այդ մեծ վստահության համար:
Դե ինչ, երեւի նախկին կոմունիստական գործիչ Սերժ Սարգսյանին եւս խեղդում է կարոտաբաղձությունը, իսկ նրա շրջապատն էլ ամեն ինչ անում է, որ նա չնեղվի ու կազմակերպում է առաջադրման այդ կոմունիստական շոուներն ու տարածում այդ մասին, իրենց կարծիքով, դրական իմիջ ստեղծող, իսկ մեր կարծիքով՝ վաղուց արդեն նավթալինահոտ հաղորդագրությունները:
Կարդացեք նաև
Ու այս քաղաքականությունից, այս կոմունիստական քծնանքով, պաթոսով ու բառապաշարով հաղորդագրություններից հետո մտածում ես՝ չի բացառվում, որ իրենց իսկ նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծում (որ իրականացվում է նախկինում նույնպես կոմունիստական ֆունկցիոներ՝ ՀԿԿ կենտկոմի բաժնի վարիչ աշխատած Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ) առաջարկեն վերականգնել նաեւ ԽՍՀՄ Սահմանադրության տխրահռչակ վեցերորդ հոդվածի վերափոխված տարբերակը ու գրեն. «Հայաստանի հասարակության ղեկավար եւ առաջնորդող ուժը, նրա քաղաքական համակարգի միջուկը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն գոյություն ունի ժողովրդի համար եւ ծառայում է ժողովրդին…»: Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի: Համենայնդեպս՝ այդպես կուզենար Սերժ Սարգսյանը, որ հայտարարում է, թե պաշտոնը թողնելուց հետո կգնա եւ կղեկավարի կուսակցությունը: Իսկ վերջինս էլ կմնա առաջատար ուժ:
Դա էլ երեւի նրա կոմունիստական շողշողուն երազանքն է՝ դառնալ «գեներելանի սեկրետար Ցէկա կապէէսէս»՝ մնալով իր կատարելագործած կլանային համակարգի փաստացի ղեկավարը:
ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ