Երեկվա ՕԵԿ-ականների հայտարարություններն ուղղակի լացացնող էին: 2008 թվականի մարտի 1-ից հետո ՀՀԿ-ի «քաղաքական պահակի» կարգավիճակ ստացած այս կուսակցության անդամները երեկ հայտարարում էին կոալիցիայից հեռանալու մասին այնպիսի տոնով, որի ամենապատկերավոր բնորոշիչներն առկա են երևանյան խոսակցական բառապաշարում:
«Ներիր ինձ, մայրիկ» ոճով ՕԵԿ-ը հեռանում է կոալիցիայից՝ շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին՝ համատեղ աշխատանքի համար, իսկ «լավ էլի, պապ, մի քիչ էլ խաղամ» լեյտմոտիվով հայտարարում է ընդդիմություն դառնալու մասին:
Կարծես ընդդիմությունը որևէ կառույցին կից խորհրդի քարտուղարի պաշտոն է, որպիսին դառնում են ինչ-որ մեկի նշանակմամբ, և որից կարող են հրաժարական տալ այնպես, ինչպես Արթուր Բաղդասարյանն է երեկ հրաժարական տվել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Դժվար չէ, ի դեպ, կռահել, որ նրան հանձնարարել են դիմել այդ քայլին՝ ի ցույց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ ավելորդ անգամ հասկացնելով, որ անգամ նրա կողմից հեգնվող Արթուր Բաղդասարյանն ավելի ընդդիմադիր է, քան ինքը, որ «պայքարելով» իշխանության դեմ՝ շարունակում է զբաղեցնել ԱԽ անդամի պաշտոնը՝ Ս. Սարգսյանին օդանավակայանում դիմավորել-ճանապարհելու արդարացում ունենալու համար:
Կարդացեք նաև
Այսպիսով, եթե հանկարծ ՕԵԿ տարածքային կառույցներն ընդունեն կուսակցության ղեկավար մարմնի որոշումը (որպես անսահման ժողովրդավարական ու սկզբունքային կուսակցություն, պետք չէ բացառել նաև հակառակը) և ՕԵԿ-ը դառնա ընդդիմություն, ապա դա կուրվագծի Սերժ Սարգսյանի պլանները՝ կապված 2017-18 թվականի ընտրությունների հետ:
ԱԺ ընտրություններում ՕԵԿ-ը կլինի իշխանության «ընդդիմությունը», ինչպես որ է՛ր մինչև 2008 թվականը, իսկ նախագահի ընտրություններում՝ Արթուր Բաղդասարյանը կարող է դառնալ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր թեկնածուն: Այսպիսով, ՕԵԿ-ը գնում է զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը, սակայն՝ ավելի «արժանապատիվ պայմաններով»:
Ինչպես ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ևս նախագահի մասին որևէ քննադատական խոսք չի ասելու, սակայն անողոք քննադատելու է կառավարությանը՝ առանց ներկայացված լինելու ԱԽ-ում: Իսկ որ կառավարությանը քննադատելու է ավելի հուժկու, քան էր՝ ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանի հանդեպ, երևաց արդեն երեկվա հայտարարություններից: Մասնավորապես, ՕԵԿ-ականները հայտարարեցին, որ վարչապետի պաշտոնը պետք է զբաղեցներ կիրթ, գրագետ, բանիմաց գործիչը, որպիսին է՛ նրանց կարծիքով՝ Արթուր Բաղդասարյանը:
Բայց Ս. Սարգսյանը հաշվի չի առել վերջինիս վարչապետի պաշտոնում նշանակելու՝ ՕԵԿ-ականների պահանջը, ու նախընտրել է վերը նշված չափանիշներին չհամապատասխանող Հովիկ Աբրահամյանին: Ցանկացած բառարանում կարելի է գտնել, որ «կիրթ»-ի հականիշը «անկիրթ»-ն է, «գրագետին»-ը՝ «տգետ»-ը, և այդպես շարունակ: Մի խոսքով, ՕԵԿ-ը դառնում է ԲՀԿ-2, առաջիկայում կպարզվի, թե ինչ է դառնում ԲՀԿ-ն: Տարբերակներն այնքան էլ շատ չեն. կա՛մ ԲՀԿ-ն պետք է զբաղեցնի ՕԵԿ-ի տեղը՝ կոալիցիայի անդամի կամ որևէ այլ անվան տակ, կա՛մ պետք է Հովիկ Աբրահամյանին քննադատի ՕԵԿ-ից ավելի սուր ու ավելի անձնվիրաբար:
Հայոց լեզուն ճկուն է և բարբարոս՝ հարուստ վերը նշված բառերի հականիշների հոմանիշներով: Կգտնվի՞ այդքան բարբարոս Գագիկ Ծառուկյանը Հովիկ Աբրահամյանի հանդեպ, ցույց կտա ժամանակը: Ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ կառավարության անդամներ նշանակելու վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում