Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը Հարավային Կովկասում նոր լարվածության օջախի բռնկման վտանգ է զգում

Ապրիլ 17,2014 15:00

Աշխարհը գործ ունի նոր Ռուսաստանի հետ

Վերջին օրերին միջազգային հանրությունը սկսել է ավելի բաց խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վտանգավորության, ռազմական գործողությունների հնարավոր բռնկման թեմայով` ուկրաինական իրադարձությունների հետ համեմատություններ անելով ու այդ համատեքստում Ռուսաստանի դերի եւ ազդեցության խնդիրը բարձրացնելով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գոյություն ունեն Լիսաբոնյան, Մադրիդյան սկզբունքները, ՄԱԿ-ի բանաձեւերը, ինչպես նաեւ միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերը, եւ ԵԱՀԿ-ն այդ սկզբունքներին հետեւելուն ուղղված աշխատանքներ է տանում՝ երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը: Նա վստահեցրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ ձգտում են ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ հակամարտության լուծման ճանապարհներ գտնելու համար: «Ուկրաինայում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք պետք է լարված աշխատենք եւ մոտ ապագայում որոշակի արդյունքների հասնենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Իսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նկատել է, թե հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը լարված է: Կասպրշիկն անդրադառնալով ուկրաինական զարգացումներին վերաբերող հարցին՝ հավաստիացրել է, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երկրորդ պլան չի մղվել այլ երկրներում ընթացող իրադարձությունների ֆոնին, եւ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ձգտում են հակամարտող կողմերին ներկայացնել նոր գաղափարներ՝ կարգավորման գործընթացում առաջ ընթանալու համար: Բոլոր ջանքերն ուղղված են հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելուն եւ լարվածությունը նվազեցնելուն՝ նշել է հատուկ ներկայացուցիչը:
Ուկրաինական զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զուգահեռներ է տարել նաեւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` նշելով, թե Ուկրաինայի իրադարձությունները մեծացնում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարեւորությունը: Նա պարզաբանել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մշտապես ներկայացրել է մեծ կարեւորություն, սակայն այսօր այն ստացել է հատուկ նշանակություն: «Մենք ականատես ենք լինում Ռուսաստանի ձեռնարկած քայլերին եւ ցանկանում ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը շուտով ստանա իր կարգավորումը, որպեսզի հարեւաններից ոչ մեկն էլ չփորձի տարբեր պատրվակներով չարաշահել ստեղծված իրավիճակը: Բարդ բնույթի այդ հակամարտության կարգավորման համար պահանջվում է կողմերի քաղաքական կամքը: Երկու երկրների նախագահները պետք է համատեղ կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության վերջնական կարգավորման համար: Բնականաբար, տվյալ հարցի լուծումը պահանջում է Ռուսաստանի հետ համագործակցություն: Խոստանում ենք, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում անելու ենք ամեն անհրաժեշտ բան եւ լինելու ենք ակտիվ: Մենք առաջ ենք քաշելու տարբեր գաղափարներ՝ բանակցային գործընթացի առաջխաղացման եւ փակուղային իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է Մորնինգսթարը:

Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն էլ Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր դիտարկել ուկրաինական զարգացումների ֆոնին եւ ուշագրավ դիտարկում արել, թե` Ղրիմում տիրող իրավիճակը կարող է տարածաշրջանում «դոմինոյի էֆեկտ» առաջացնել: Դավութօղլուն հավելել էր, թե Թուրքիայի ԱԳՆ-ը կարծում է, որ Ղրիմի իրադարձությունները կարող են բացասաբար անդրադառնալ Աբխազիայում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Դավութօղլուն նաեւ նշել էր, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Իսկ երեկ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շեշտել է, թե Թուրքիան երբեք Ղրիմը չի ճանաչի որպես ռուսական տարածք, նրա համար այն մշտապես կհանդիսանա ուկրաինական տարածք: Գյուլը նույնպես ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ճանաչի Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները:
Միջազգային հանրությանը կարելի է հասկանալ… Ուկրաինական «դասը» Արեւմուտքը, վստահաբար, դեռ բավական երկար կհիշվի: Ուկրաինական զարգացումներում Ռուսաստանի պահվածքը` նախկին Խորհրդային Միության հանրապետություններում այսօր ցուցադրվող անթաքույց քաղաքականությունը իրականում բացահայտեց նոր իրողություն` աշխարհը գործ ունի նոր Ռուսաստանի հետ, սա նոր տեսակի Ռուսաստան է՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով:

Այդ է, թերեւս, պատճառը, որ Արեւմուտքը նաեւ Հարավային Կովկասում է նոր լարվածության օջախի բռնկման վտանգ զգում եւ այս առումով կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը, թեեւ բոլորն են գիտակցում, որ կողմերի դիրքորոշումները համաձայնության գալու տեսակետից բավական հեռու են:
Այս փուլում Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպման կազմակերպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որոշակի առաջընթաց կարող է համարվել` բանակցությունների շարունակականությունն ապահովելու, ինչպես նաեւ շփման գծում լարվածության մեղմացման խնդիրը կողմերի առաջ դնելու առումով: Օրեր առաջ այս հարցերն էր շոշափել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` իր անհանգստությունն արտահայտելով հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությամբ: Trend գործակալությանը տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանը եւ փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար, ամերիկացի համանախագահը նշել էր, որ ԼՂ հակամարտությունը վտանգավոր հակամարտություն է: Գալով Սարգսյան-Ալիեւ հանդիպման թեմային` նա ասել էր, որ նախագահները համաձայն են անհրաժեշտության դեպքում հետագայում եւս շարունակել բանակցությունները բարձր մակարդակով. «Մենք ձգտում ենք օգնել նրանց համաձայնության գալ հանդիպման ժամկետի եւ վայրի հարցում, սակայն դա կախված է հենց նրանցից: Անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում նախագահների հանդիպումը կարեւոր քայլ էր խաղաղության գործընթացում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի մոտ ապագայում շարունակենք այն հարցերի քննարկումը, որոնք բարձրացվել էին այդ ժամանակ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930