Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր իր գործով հերթական դատական նիստին ներկայացել էր սև շապիկով, որի վրա սպիտակ տառերով գրված էր․ «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ»։
Դահլիճում գտնվող նրա մարտական ընկերները և համակիրները ծափահարություններով ու «Մենք քեզ հետ ենք» կոչերով են դիմավորել Ավետիսյանին։
Կառաշք վերցնելու մեջ մեղադրվող, սեպտեմբերի 20-ից անազատության մեջ գտնվող Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ համարում է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվել են վկաներ Անժելա Պողոսյանը, նրա ամուսինը՝ Ալբերտ Մաթոսյանը և նրանց դուստրը՝ Անահիտ Մաթոսյանը։
Կարդացեք նաև
Մաթոսյանը պատմել է, որ 2013 թվականի հունիսին ծրագրավորողի մասնագիտություն ունեցող որդուն անսպասելի զորակոչել են Մատաղիսի զորամաս, իսկ ավելի ուշ իրենք «այս ու այն կողմից» լսել են, որ զորամասը շատ վատն է։
Նա նշել է, թե կինը ստիպել է իրեն տանել Մատաղիս՝ որդուն տեսության, սակայն, հասնելով զորամաս և համոզվելով, որ որդին անմարդկային պայմաններում է ծառայում, ընկճված վերադարձել են տուն և որոշել ինչ-որ կերպ տղային տեղափոխել այլ զորամաս։
Կինն այդ մասին զրուցել է իր համակուրսեցի Ծովինարի հետ, վերջինս էլ խոստացել է օգնել, իսկ մի քանի օր անց առաջարկել է եղբոր՝ Վոլոդյա Ավետիսյանի օգնությունը՝ նշելով, թե նա զինծառայող է և միգուցե կարողանա ինչ-որ կերպ աջակցել։
Վկան իր խոսքում ասել է, իրենք ցանկություն ունեին տղային այլ վայր տեղափոխել և Ծովինարից վերցրել են Ավետիսյանի հեռախոսահամարը և, ըստ պայմանավորվածության, հանդիպել Ազատության հրապարակում։
Զրույցի ընթացքում պարզվել է, որ Ավետիսյանը տղային այլ զորամաս տեղափոխելու հնարավորություն չունի։ Մաթոսյանը նշել է, որ իրենք հենց սկզբից գումար տալու մտադրություն չեն ունեցել։
Մանրամասները կարող եք կարդալ` epress.am-ի կայքում: