Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է Հայաստանի հանրապետության քվոտան ավելացնել, եւ ներկայիս 0.04%-ից բարձրացնել 0.027%: Ըստ կառավարության նիստի օրակարգի, կառավարությունը վաղը համաձայնություն կտա ԱՄՀ-ի որոշմանը:
Ինչպես նշված է կառավարության փաստաթղթում, նախքան ԱՄՀ-ի որոշումը, Հայաստանի քվոտան կազմում էր 92 միլիոնի հատուկ փոխառության իրավունք (ՀՓԻ), որը կազմում էր ընդհանուրի 0.04 %-ը, իսկ վերանայման արդյունքում, մեր քվոտան կբարձրացվի մինչեւ 128.8 միլիոն ՀՓԻ, որը կկազմի ընդհանուրի 0.027%:
«Ըստ սահմանված կարգի, քվոտայի 25%-ը պետք է փոխանցվի ՀՓԻ-ով կամ ՀՓԻ զամբյուղի որեւէ տարադրամով` ԱՄՆ դոլար, եվրո եւ այլն` ՀՀ կենտրոնական բանկի միջոցներից, իսկ մնացածը` անդամ պետության ազգային արժույթով` մուրհակի տեսքով: Նշված որոշմամբ առաջարկվել է ընդհանուր քվոտաների ծավալի աննախադեպ 100 տոկոսանոց աճ եւ քվոտաների վերաբաշխում` համաշխարհային տնտեսության մեջ ԱՄՀ անդամ պետությունների կշիռներն ավելի ճշգրիտ արտահայտելու համար: Քվոտաների փոփոխությունն առաջին հերթին ազդում է տվյալ պետության պարտավորությունների, քվեարկելու իրավունքի եւ փոխառությունների ծավալի վրա»,-գրված է կառավարության փաստաթղթում, ընդ որում, նաեւ նշված է, որ ԱՄՀ-ն այդ որոշման համար հիմք է ընդունել ՀՀ հարաբերական տեղը համաշխարհային տնտեսությունում:
Նշենք, որ կառավարություն ներկայացրած այս փաստաթուղթը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ստորագրությամբ է:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ