ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը քիչ առաջ ներկայացրեց, որ քաղխորհրդի գնահատմամբ ՀՀ նախագահի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրության վերաբերյալ ՍԴ հայտնի որոշումը, կառավարության հրաժարականն ու վարչապետի նշանակումը երկրում ստեղծել են նոր քաղաքական իրավիճակ: Երկրի առջեւ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերները պահանջում են ունենալ բարեփոխումները վճռական առաջ մղող կառավարություն:
Ըստ նրա, երկրի նախագահի ու ՀՀԿ-ի հետ կոալիցիայի շրջանակներում իրականացված գործունեությունը գնահատելով՝ արձանագրել է, որ համատեղ բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչել, բայց միաժամանակ փաստում է, որ իրենց չի հաջողվում իրականացնել իրենց նախընտրական ծրագրերը, որի վկայությունն է քսանի հասնող օրենսդրական այն նախագծերը, որոնք մնում են ԱԺ-ում եւ օրենք չեն դառնում, չնայած իրենց քննարկումների. «ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձեւաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ…նման ձեւաչափը ՕԵԿ-ի համար երբեւէ հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը, դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում երեք վարչապետ եւ չորս անգամ ԱԺ նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները»:
Պարոն Շահգելդյանի խոսքով, վերջին հանդիպման ժամանակ էլ ՀՀ նախագահը հաշվի չի առել իրենց թեկնածուի վարչապետ նշանակելու առաջարկությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ