Ընդամենը 1 տարի առաջ՝ 2013-ի փետրվարին «Ժառանգությունը» ՀՅԴ խմբակցության հետ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ էին առաջարկում մտցնել մի նախագիծ՝ պահանջելով 2 տարվա ընթացքում փոխել երկրում կառավարման համակարգը եւ հանրաքվեի դնել խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու հարցը: Այդ ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը վստահեցնում էր, որ դա իրենց կուսակցության «ծրագրային հիմնադրույթներից» է:
Ավելին, անցումը խորհրդարանական կառավարման համակարգի եղել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական հացադուլի պահանջներից մեկը, որը հստակեցվել կուսակցության խորհրդի նիստում:
Այսքանից հետո, երբ իշխանությունները կատարում են «Ժառանգության» ծրագրային դրույթներից մեկը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պահանջը, պատրաստ են իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ, «Ժառանգությունն» ասում է՝ «Нет»:
Օրերս «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը 1in.am-ի հետ զրույցում ասել է, թե «Ես կողմ եմ պառլամենտական կառավարման ձեւին, բայց այս սոցիալ-տնտեսական լարված իրավիճակում, այս բարոյահոգեբանական ծանր վիճակում այս հարցը առաջ բերել տեղին չէ, համարժեք չէ մեր իրականությանը»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, մոտ 2 տարի առաջ շատ ավելի կայուն էր իրավիճակը, երբ քաղաքական ուժերը բարձրացնում էին այդ հարցը:
Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց՝ Ռուբեն Հակոբյանի այս տեսակետը իր անձնակա՞ն տեսակետն է, թե՞ «Ժառանգության», Դուք է՞լ եք գտնում, որ հիմա պետք չէ անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Այո, մեր տեսակետն է, որ հիմա ժամանակը չէ այդ հարցը բարձրացնել, քանի որ մենք համարում ենք, որ այս իշխանությունն իրավասու չէ որեւէ սահմանադրական բարեփոխում իրականացնել, քանի որ ինքն էլ ապօրինի ճանապարհով է եկել իշխանության, ոչ միայն լեգիտիմ չէ, այլ նաեւ լեգալ չէ»:
Մեր հարցին՝ 1-2 տարի առաջ, երբ այդ հարցն օրակարգ էիք մտցնում, այդ ժամանակ նույն իշխանությո՞ւնը չէր, այն ժամանակ լեգիտիմ ու լեգա՞լ էր իշխանությունը՝ պարոն Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք չէինք ասում, որ այդ իշխանությունը պետք է դա իրականացնի՝ մեկ: Եվ երկրորդը՝ վերջին նախագահական ընտրություններից հետո հիշում եք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ առաջարկեցին Սահմանադրական հանձնաժողովի նախագահ լինել՝ փոփոխությունները քննարկող, որը մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ համարելով, որ դա չէ այսօրվա խնդիրը, քանի որ գտնում էր՝ այս իշխանություններն իրավազոր չեն նման բարեփոխումներ իրականացնել: Որովհետեւ միշտ հետին նպատակների մտահոգությունը եւ մտավախությունը հասարակության կողմից լինելու է: Այս իշխանությունը հետին նպատակներ է հետապնդում, այսինքն, ոչ թե իրական բարեփոխում է ուզում, այլ ընդամենն ուզում է խաղարկել այդ բարեփոխումները՝ սեփական իշխանության երկարաձգման եւ երկրի համար վտանգավոր փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ: Մենք բովանդակության մեջ ցանկություն նույնիսկ չունենք մտնելու, բայց պարզ հայացքով, եթե նայենք բովանդակային հատվածին, ցույց է տալիս, որ այնտեղ էլ շատ անընդունելի բաներ կան: Դա կոմպլեքս է, մի նախադասություն չի, որ անցնում ենք պառլամենտական կառավարման համակարգի: Դա փոփոխությունների կոմպլեքս է, որտեղ շատ խութեր կան եւ մեր կարծիքով՝ վտանգավոր դրույթներ»:
Մեր հարցին՝ այն ժամանակ ասում էիք, որ կառավարման համակարգը, երբ փոխվի, բավականին դրական տեղաշարժեր կլինեն, դա շատ մեծ բան կտա՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Այդպես միարժեք հայտարարություններ չենք արել, ասել ենք, որ նախընտրելի է գործող կիսանախագահական կարգից անցումը դեպի խորհրդարանական: Վիճակը փոխվելու է զուտ այն առումով, որ հակակշիռների մեխանիզմն ավելի լավ է աշխատելու, ամբողջ իշխանությունը կենտրոնացած չի լինելու մեկ ինստիտուտի՝ նախագահի ձեռքում: Դատական եւ օրենսդիր ճյուղերն ավելի անկախ են գործելու, ինչը հիմա չկա: Բայց դա պանացեա չէ: Բոլոր հարցերի լուծումը Սահմանադրական փոփոխությունների մեջ տեսնելը իրատեսական չէ»:
Մենք հետաքրքրվեցինք՝ այս հարցում ԲՀԿ-ի հետ կա՞ որոշակի պայմանավորվածություն, որ եկեք երկուսս այսպես ասենք, որովհետեւ տառացիորեն նույն բացատրությունն եք տալիս: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն նույնպես նախաձեռնել էր քաղաքական ուժերի համախմբում այս հարցի շուրջ, բայց հիմա դեմ է արտահայտվում այդ փոփոխություններին՝ ասելով, որ սոցիալ-տնտեսական լարված իրավիճակ է: Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ ոչ մի պայմանավորվածություն չկա. «Դա պայմանավորվածությունների շրջանակում չէ, դա մեր դիրքորոշումն է, որը ուրախ ենք, որ համընկնում է նաեւ նրանց դիրքորոշման հետ»:
Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը մինչեւ 2017-2018-ը հետաձգելու կարիք չկա. «Մենք կարծում ենք, որ այս հարցը նույնիսկ կարող է առաջիկա մեկ տարվա մեջ լուծվի, եթե կարողանանք հասնել նրան, որ իշխանությունները հրաժարական տան եւ լինեն արտահերթ ընտրություններ: Մենք այս հարցում այդքան հոռետես չենք, որ ստիպված ենք սպասել 2017 թվականին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այս հոդվածի եւ վերնագիրը, եւ հեղինակը՝ ՀՀԿ- ական խաղեր են հիշեցնում։ Ներարկումները հավանաբար այնտեղից են…