Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության վրա «մուննաթ» եկող բիզնեսմենները մեր գործընկերները չեն». Արմեն Աշոտյան

Ապրիլ 16,2014 19:45

«Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում այսօր բացվեց «Կրթություն և կարիերա. ԷՔՍՊՈ-2014» 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 18-ը: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում են մի քանի տասնյակ կրթական հաստատություններ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերն ու առաջարկները:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որը բոլոր տաղավարներով շրջելուց և դրանց ներկայացուցիչների հետ զրուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հատկապես հիացած է երիտասարդների ակտիվությամբ, որոնք, տաղավարից տաղավար անցնելով, փորձում են գտնել իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը:

«Ամենամյա այս ցուցահանդեսով մենք ամրագրում ենք նաև մեր հաջողությունները,- ասաց Ա. Աշոտյանը:- Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը տարեցտարի դառնում է առավել արդիական, առավել միջազգայնացված, առավել բաց ու որակյալ: Մենք հետաքրքիր և մրցունակ ենք մեր օտարերկրյա գործընկերների համար: Մնում է, որ այս ամենն էլ ավելի շատ ծառայի մեր տնտեսությանն ու հասարակությանը: Պատահական չէ, որ ցուցահանդեսի անվանումը «Կրթություն և կարիերա» է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն երեխաները, երիտասարդները, որոնք արդեն սկսում են մտածել իրենց ապագայի մասին, հասկանան, որ առանց կրթություն չկա կարիերա»:

Ա. Աշոտյանն առաջարկում է հենց այս բանաձևով կառուցել մի հասարակություն, որտեղ գիտելիքը ոչ միայն տնտեսական արժեք կլինի, այլև, ինչպես նշեց նա, անփոխարինելի գործիք յուրաքանչյուր մարդու ինքնադրսևորման համար:

Նշենք, որ ցուցահանդեսի հովանավորների թվում կան նաև մասնավոր մի շարք ընկերություններ, ինչը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատարի բնորոշմամբ, պատահական չէ: «Մենք գնալով ավելի հետաքրքիր ենք դառնում նաև բիզնեսի համար, և մեր բիզնես մշակույթում, հուսով եմ, այս տենդենցը կդառնա որոշիչ: Կրթությունը նրանց շահույթն ապահովող գործիքներից մեկն է, և որքան շատ օգնեն նրանք մեզ այսօր, այնքան ավելի մեծ շահույթ կստանան իրենք վաղը,- նկատեց Ա. Աշոտյանը և հավելեց,- պետության վրա «մուննաթ» եկող բիզնեսմենները մեր գործընկերները չեն, որովհետև նրանք սպասում են, որ բացառապես պետությունն իրենց ապահովի որակյալ կադրերով, և իրենք էլ պատեհ-անպատեհ առիթներով ասեն, թե կրթության մակարդակը լավը չէ, որովհետև չի համապատասխանում աշխատաշուկայի իրենց պահանջներին: Նման մարդկանց ես կոչ եմ անում, որ նախևառաջ պարզաբանեն՝ ի՞նչ են իրենք ուզում ստանալ մասնագետներից՝ որպես հմտություն, կարողություն, գիտելիք, ապա գան, փորձենք միասին աշխատել այդ ծրագրերի վրա, շտկենք և արդիական դարձնենք դրանք»:

Պարոն Աշոտյանը վստահեցնում է, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ հաջողվել է տնտեսության և կրթության միջև կապ հաստատել, այնտեղ մեծ առաջընթաց են գրանցել: «Դրանք բանկային և ֆինանսական ծառայությունների, ագրոբիզնեսի և այլ ոլորտներն են,- մանրամասնեց նա,- իսկ այնտեղ, որտեղ տնտեսությունը մեր առջև ձևավորված, որակյալ կադրերի պահանաջարկ չի դնում, կներեք, անում ենք այն, ինչ կարողանում ենք անել, եթե այդ բեռը թողել եք միայն պետության ուսերին»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930